
2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է հետազոտություն՝ ուղղված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը և ամփոփել է զեկույցում։ Այն ներառում է Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների համապարփակ ուսումնասիրությունն ու դրանց հնարավոր լուծումները։
Հետազոտության նպատակ էր վեր հանել Լոռու մարզի կանանց կարիքները՝ առաջնորդվելով մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ներառականության սկզբունքներով: Հետազոտության շրջանակում անցկացվել են ֆոկուս խմբային քննարկումներ մարզի Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր համայնքներում, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 66 կին։
Հաշվի առնելով կանանց որոշակի խմբի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման անհասանելիությունը՝ 425 կանանց շրջանում էլ անցկացվել են հարցումներ։
Լոռեցի կանայք խնդիրների են բախվում մասնավորապես՝ կրթության, աշխատանքի և զբաղվածության, առողջապահության, գենդերային հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արձագանքման, քաղաքական մասնակցության և առաջնորդության ոլորտներում․
- սոցիալ-տնտեսական հնարավորությունների բացակայությունը, աշխատատեղերի պակասն և մշակութային կարծրատիպերը, հատկապես` գյուղական համայնքներում, շարունակում են խոչընդոտել կանանց լիարժեք ինքնադրսևորմանն ու հանրային կյանքին մասնակցությանը,
- թեև կանանց կրթական մակարդակը հաճախ բարձր է, զբաղվածության ցուցանիշը մնում է ցածր,
- կանայք ուսումը կիսատ են թողնում հիմնականում ամուսնության կամ ֆինանսական դժվարությունների պատճառով և հետագայում, գրեթե, չեն վերադառնում ուսումնական գործընթացին,
- թեև առողջապահական ծառայությունները տարածքում մատչելի են, դրանց որակը, հասանելիության պայմանները և նպատակային ծրագրերի ծավալը բավարար չեն համայնքի կանանց բազմաբնույթ կարիքները հոգալու համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում,
- ուշագրավ է, որ հետազոտության ընթացքում հստակ ընդգծվել է կրթության և ընտանեկան բռնության զոհ դառնալու միջև կապը․ որպես կանոն կրթական ցածր մակարդակ ունեցող կանայք ավելի հաճախ են ենթարկվում ընտանեկան բռնության։ Իրավիճակը ոչ միայն տնտեսական կախվածության, այլև սեփական իրավունքների և պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար տեղեկացվածության հետևանք է։
- Լոռու մարզում կանանց քաղաքական ներգրավվածությունը դեռևս սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում /համայնքի ղեկավար/, որտեղ հիմնականում տղամարդիկ են ներկայացված: Թեև կանայք օգտվում են քվոտայով սահմանված հնարավորություններից, նրանց քաղաքական մասնակցության և կանանց հիմնախնդիրների օրակարգն առաջ տանելը, բովանդակային և ակտիվ մասնակցությունը հաճախ կասկածի տակ է դրվում/ ավագանու անդամության մակարդակով/
- ամենաշատը խտրական վերաբերմունքի են արժանանում ամուսնալուծված կանայք․ ինչպես 2017թ․-ի, այնպես էլ 2025-ի զեկույցում նշվում է, որ թե՛ այրի, թե՛ ամուսնալուծված կանանց` երկրորդ ամուսնության ցանկությունը պարսավելի է։ Ցավալի է արձանագրել, որ 8 տարվա ընթացքում այս առումով վերաբերմունքը չի փոխվել:
- ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչներն իրենց աննկատ են պահում՝ բացասական վերաբերմունքի հետ առերեսվելուց խուսափելու համար։
- Արցախից տեղահանվածների և ազգային փոքրամասնությունների հանդեպ նկատելի է դրական վերաբերմունք, սակայն հաշմանդամություն ունեցող կանանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է՝ զգայունից, անտարբերությունից մինչև ծայրահեղ ոչ զգայուն և խտրական։
Հետազոտության մեջ ներառված են նաև առաջարկներ, որոնց հեղինակները հենց հետազոտությանը մասնակցած կանայք են։ Այսկերպ հետազոտության հեղինակները նպատակ են ունեցել ոչ միայն արձանագրել առկա մարտահրավերները, այլև նպաստելու կանանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանությանը՝ քաղաքական, հանրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները խթանելու միջոցով։
Զեկույցն՝ այստեղ

