
Սուդանի արևմտյան Մարրա լեռներում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 1000 մարդ: Այս մասին, հղում անելով «Սուդանի ազատագրական շարժում/բանակ» զինված խմբին, գրել է BBC-ն։ Նշվում է, որ կիրակի տեղացած հորդ անձրևները սողանքներ են առաջացրել, ինչի հետևանքով Տարասին գյուղի մեծ մասն ավերվել է։ Շարժումը մարդասիրական օգնություն է խնդրել ՄԱԿ-ից և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններից։ Սուդանի բանակի և արագ աջակցության ուժերի միջև պատերազմից հետո Հյուսիսային Դարֆուր նահանգի շատ բնակիչներ ապաստան էին գտել Մարրա լեռների շրջանում։ Դարֆուրի նահանգապետը, որն աջակցում է բանակին, սողանքն անվանել է «մարդասիրական ողբերգություն»։ «Մենք կոչ ենք անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին շտապ միջամտել և աջակցություն ու օգնություն ցուցաբերել այս կարևոր պահին, քանի որ ողբերգությունն ավելի մեծ է, քան մեր ժողովուրդը կարող է միայնակ հաղթահարել»,- ասել է նա։ 2023-ի ապրիլին Սուդանի բանակի և արագ աջակցության ուժերի միջև բռնկված քաղաքացիական պատերազմը երկիրը ներքաշել էր սովի մեջ և հանգեցրել Դարֆուրի արևմտյան շրջանում ցեղասպանության մեղադրանքների։ Քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը տարբեր գնահատականներով զգալի տարբերվում է։ Անցյալ տարի ԱՄՆ պաշտոնյաներից մեկի գնահատմամբ՝ 2023 թվականի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, զոհվել է մինչև 150,000 մարդ։ Շուրջ 12 մլն․ մարդ էլ լքել տները։