
Օգոստոսի 27-ին Ապարան խոշորացված համայնքի Շողակն բնակավայրում արտադրական գործարանի վերահատակագծման վերաբերյալ հանրային քննարկումները չեն կայացել։
«Քաղաքացու Ձայն»-ին հասած տեղեկություններով՝ ըստ ամենայնի սակավաթիվ բնակիչները տեղեկացված չեն եղել և չի պահպանվել հանրային քննարկումների ծանուցման պատշաճ կարգը։
Շողակն բնակավայրի վարչական ղեկավար Սմբատ Բաղդասարյանի խոսքով՝ քննարկում նախաձեռնողները չեն եկել․ «Մի քանի տարի առաջ իրենք եկան Ապարանի մաքրող միջոցների գործարանը առան, դարձրին բլոկի գործարան, հետո դա տարան Աբովյան։ Իրենց ասելով օրական 8-10 տոննա ցեմենտ պիտի արտադրեին՝ փակ ցիկլով։ ժամը 11-ից մինչև 13։05 սպասեցինք, ոչ ոք չեկավ ու ոչ ոք այդպես էլ կապի դուրս չեկավ մեր հետ»։
Ըստ Սմբատ Բաղդասարյանի՝ ցեմենտի գործարանն ավելի շատ կվնասի հարևան Երնջատափին, որին ավելի մոտ է լինելու։ Այնտեղ, ասաց, բնակելի շենքեր կան, նրանց բնակիչները դեմ են, կարող է վնասել․ «Քանի որ մեր բնակավայրից մոտ 2 կմ հեռու է, կարող է չխանգարեր, բայց Երնջատափում բնակելի շենքեր ունենք, հնարավոր ավելի շատ Երջատափին խանգարեր։ Քանի որ ես 2-րդ գրություն էի ուղարկել, որ Երնջատափի ժողովուրդը պետք է մասնակցեին, իրենք պատրաստ էին բարձրանային մասնակցեին, բայց այլ ինֆորմացիա չունեք, ինչն է պատճառը։ Մի անգամ ենք հանդիպել, ինչ-որ ծրագիր են ցույց տվել, ներկայացրել, ասել եմ տղեք ջան, կգաք, կներկայացնեք, որ դուք բնության վնաս չեք տալիս, մարդկանց հողամասերին, արոտավայրերի վնաս չեք տալիս, ասի բնապահպանները ներկա կլինեն, քաղաքապետն էլ պետք է ներկա լիներ»։
Երնջատափի վարչական ղեկավար Հրաչյա Սահրադյանն էլ «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրուցում ասաց՝ իր բնակիչների կողքին է, կպաշտպանի նրանց դիրքորոշումը․ «Որքան գիտեմ, ասել են ինչ որ ձևաթուղթ պիտի ուղարկեն, որ նոր քննարկում հրավիրեն, սպասում են այդ ձևաթղթին»։ Թե ինչ ձևաթղթի մասին էր խոսքը, Սահրադյանը մանրամասն տեղյակ չէր, ասաց միայն, որ հավանաբար այլ օր կնշանակվի լսումների համար։
Շողակնի բնակիչներից լսել է, որ նախկինում մաքրող միջոցների գործարանի տարածքում ուզում են գերմանական տեխնոլոգիայով ցեմենտի գործարան բացեն։ Բնակիչներն առանձնապես ոգևորված չեն այդ ծրագրով։ Շրջակա միջավայրին հասցված վնասների մասին դժվարացավ խոսել, ասաց միայն, որ կողմ է, որ և՛ Շողակն, և՛ Երջնատափ բնակավայրերի բնակիչներին գործարանն աշխատեցնել ցանկացողները փաստաթղթերով բացատրեն ու ապացուցեն, որ շրջակա միջավայրին չեն վնասելու։
«Մեր հողն ու ջուրն է աղտոտվելու, մեր մաքուր օդը, թող գնան, ուրիշ տեղ բացեն»՝ անունը չհրապարակելու պայմանով «Քաղաքացու Ձայն»-ին ասաց շողակնեցիներից մեկը։
«Շողակնում ցեմենտի գործարան բացելու փոխարեն կարելի է տուրիստական կլաստեր ստեղծել»,- «Քաղաքացու Ձայն»-ին ասաց արմատներով Շողակնից Վահրամ Ասատրյանը, -«մեր պապենական գյուղն է, մեր գողտրիկ անկյունը, տուրիզմը զարգացնելու փոխարեն պարտադի՞ր է ապականել մեր չքնաղ բնությունը»։
Վահրամ Ասատրյանի խոսքով Շողակնը հարակից գյուղերով շատ լավ տուրիստական զոնա կարող է դառնալ, տարածքում արդեն իսկ գործում է «ՄայԼեռ» տուրիստական հանգրվանը, որն ավելի երկարաժամկետ զարգացման հեռանկար է բացում բնակավայրերի համար, քան ցեմենտի գործարանը։
Երջնատափի բնակիչներից «Քաղաքացու Ձայն»-ը տեղեկացավ, որ գյուղի դպրոցի աշխորհուրդը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ ցեմենտի գործարանի բացման։

