
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու» որոշման նախագիծը։ Որոշման համաձայն․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
- որոշման հավելվածի՝
ա. 5-րդ կետում «համապատասխան մարզկենտրոններում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնից» բառերը փոխարինել «180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամից» բառերով,
բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում շահառու ճանաչված անձինք բնակարան (բնակելի տուն) են ձեռքբերում այն համայնքում, որտեղ հաշվառված են որպես շահառու:»,
գ. 14-րդ կետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով,
դ. 29-րդ կետում «նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ից» բառերով,
ե. 31-րդ կետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նախագիծը ներկյացվել է ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից և հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխությունների անհարժեշտությունը առաջացել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և Ալավերդի համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ բնակիչների հետ մի շարք հանդիպումների և շուկայի ուսումնասիրության արդյունքներից և այժմ գործող իրավակարգավորումներով՝ այն է 148.050 ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրելու դեպքում հնարավոր չէ Ալավերդի քաղաքում ձեռք բերել քաղաքացիների բնակարաններին համարժեք բնակարաններ։ Բացի դա ծրագրի շահառու քաղաքացիները իրենց թաղամասում ունեն կազմակերպված տնտեսություններ (խորդանոց, ավտոտնակ, բնակելի տների դեպքում ամառային խոհանոցներ և զրուցարաններ), որից նույնպես պետք է հրաժարվեն, որի հիմքով էլ առաջարկվում է 1 քառակուսի մետր տարածքի համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանել 180.000 ՀՀ դրամը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ սահմանված է, որ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող կորցրած բնակարանի կամ բնակելի տան ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզերի համապատասխան քաղաքներում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները, որը չի կարող պակաս լինել համապատասխան մարզկենտրոններում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնից։

