
Այս գրառումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել ընդդեմ լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու և 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։
Դատական գործը սկսվել է 2023 թվականի հունվարի 4-ից։ Թեհմինե Ենոքյանի փոխանցմամբ՝ ընկերությունը 2 անգամ փոխել է հայցի հիմքերը։ Երրորդ անգամ հայցի հիմքերը փոխելու ընկերության դիմումը մերժվել է դատարանի կողմից։
Այս գործով դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները դադարեցվել են, դատական գործը փոխանցվել է մեկ այլ դատավորի՝ Անուշավան Մուշեղյանին, և դատական գործընթացը սկսվել է նորից։ Ապրիլի 29-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր վերոնշյալ քաղաքացիական դատական հայցի առաջին նիստը, որը հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով։
Նման գործընթացները միջազգային կառույցները որակում են որպես SLAPP՝ «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության»։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում 30-ից ավելի նմանատիպ գործեր են եղել։ Սա իրականացվում է այն պատճառով, որպեսզի էկոակտիվիստները լռեն, չխոսեն խնդիրների մասին։
Կոնկրետ Թեհմինե Ենոքյանի դեպքում սա համարվում է բարոյահոգեբանական ճնշում։ Այնսինքն՝ բնապահպանը մշտապես լարված է, ժամանակ է ծախսում դատական գործընթացների վրա և այլն, հավելում է իրավապաշտպանը։
Միջազգային կազմակերպությունները արդեն մի քանի անգամ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում SLAPP գործընթացների տարածման վերաբերյալ և ի պաշտպանություն Հայաստանի բնապահպանների և էկոակտիվիստների, հայտարարություններով են հանդես եկել։ Միջազգային կառույցները համարում են, որ նմանատիպ գործըթացները ժողովրդական երկրներին հարիր չեն։ Հայաստանում պետք է կատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կասեցվեն նմանատիպ գործընթացները, հակառակ դեպքում կհասնենք նրան, որ էկոակտիվիստների դեմ քրեական գործեր կհարուցվեն, ընդգծեց Օլեգ Դուլգարյանը։
Ինչևէ, լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը չի պատրաստվում հերքել գրառումը։ Ասում է՝ սկզբնաղբյուրից, որի հրապարակումների հիման վրա է գրառում կատարել, պատճեններ ունի։ Բացի այդ նրանք ևս չեն հերքում իրենց հրապարակումները։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դատական հայցն ընդդեմ լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի դատական գործընթացի ծայրը չի երևում։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական հայցի հաջորդ նիստը նշանակված է հունիսի 24-ին։