
Այսօր՝ 2025թ․ հունվարի 21-ին ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային լսում ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ։
Փամբակ համայնքի տարածքում ոսկի որոնելու հավակնություն է ներկայացրել «Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸ-ն։
Հանրային լսման եկած քաղաքացիները միահամուռ դեմ արտահայտվեցին հանքարդյունաբերական գործունեությանը։ Ասացին՝ հանքի փոշին կվնասի թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ զբոսաշրջությանը։ Գյուղացիները այդ տարածքները օգտագործում են որպես խորհարք, ասացին։
Իսկ Արսեն Գևորգյանը զբոսաշրջային մեծ ծրագիր է նախաձեռնել Փամբակում։ Հյուրանոց է կառուցել։ Համայնքը զարգացնելու այլ, ավելի մեծ ծրագրեր էլ ունի, օրինակ ճոպանուղի կառուցել, աշխատողների թիվը հասցնել 250-ի։ Ասում է՝ եթե հանք շահագործվի տարածքում, ո՞վ կգա այտեղ հանգստանալու։ «Ես այս գյուղից եմ, ու շատ մեծ գումարներ եմ դրել, որ իմ գյուղը զարգանա։ Գնացե՛ք այլ տեղ հանք բացեք, թողե՛ք մեր համայնքը զարգանա։ Թե չէ՝ 90-ականներից այս կողմ գյուղը չի զարգացել»,-ասաց գործարարը։
Նախաձեռնողներն ասացին՝ այս լսումը ոչ թե հանք շահագործեու, այլ պաշարներն ուսումնասիրելու վերաբերյալ է, որը ոչ մի վնաս չի հասցնի գյուղին։ «Հնարավոր է հաստատվեն հարուստ պաշարներ, որի արդյունահանումը կարող է շատ լուրջ եկամուտներ բերել պետությանն ու համայնքին», ասաց ընկերության ներկայացուցիչը։
Այդ լուրջ եկամուտները ստանալու է ոչ թե համայնքը, այլ շահագործող ընկերությունը,- հակադարձեցին բնակիչները։ Եթե շահագործելու նպատակ չունեք, ինչո՞ւ եք գումար ծախսում, և ուսումնասիրություններ կատարում, ասաց բնակիչներից մեկը։ Ասացին՝ թույլ չեն տալու այստեղ հանք շահագործվի ու դուրս եկան դահլիճից՝ մեկ անգամ ևս նշելով, որ դեմ են և՛ հանքարդյունահանմանը, և՛ ուսումնասիրությանը։
Հանրային լսման հաջորդ կանգարը Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում է։ ժամը 12։30-ին՝ Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ժամը 15:00-ին՝ Բազումի վարչական ղեկավարի նստավայրում։
