
Այսօր՝ հուլիսի 10-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «ՕՐԴ» ՍՊ ընկերությունը հանրային քննարկում էր նախաձեռնել Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Սա հանրային քննարկումների 4-րդ փուլն է:
Հանրային լսումը մեկնարկեց թեժ և լարված մթնոլորտում։
Ոստիկանները խոչընդոտեցին Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանի և շատ բնակիչների մուտքը նիստերի դահլիճ, պատճառաբանելով շոգն ու տարածքի փոքր լինելը։ Այդպիսով, ազդակիր բնակավայրերի բնակիչները հնարավորություն չունեցան մասնակցել հանրային լսմանը և հարցեր ուղղել նախաձեռնողներին։
Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ սա անօրինական է և պետք է հանրային լսումը անցկացնել այլ վայրում։ Այդուհանդերձ, ՏԻՄ ներկայացուցչի պնդմամբ հանրային լսումը մեկնարկեց։
Հանրային լսմանը ներկա չէին ոչ Վեդի համայնքի ղեկավարը, ոչ էլ Գիեվետ բնակավայրի վարչական ղեկավարը։ Լսումը կարգի կոպիտ խախտումներով անցկացրեց համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Շամո Բաքոյանը։ Վերջինս ինքնակամ որոշում էր, ում ձայն տալ, ովքեր էլ դեմ էին հանդես գալիս հանքի բացմանը, ոստիկաններին հորդորում էր դահլիճից դուրս ուղեկցել։
Ավելի վաղ, Այգեզարդի նախաձեռնող խումբը ահազանգել էր, որ հանքարդյունաբերությունը կվնասի Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, կբերի տնտեսական ուղղվածության փոփոխության, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամի պատճառ կդառնա։
«Թողե'ք աշխատատեղեր բացվեն, գյուղերը զարգանան, ասաց մի բնակիչ,- ո՞ւմ առողջության հաշվին»,- հակադարձեց մեկ այլ բնակիչ, ով վստահ է, որ ցեմենտի հումքի արդյունահանումը մեծ վնասներ է պատճառելու գյուղատնտեսությանը, մարդկանց առողջությանը։
Իսկ բնապահպան իրավաբան Նազելի Վարդանյանը մեծ պայքարի գնով հարց ուղղելու հնարավորություն ստացավ։ Ասաց, թե տեղի բնակիչները բնապահպանական ու առողջապահական ինչ ռիսկերի են բախվելու։ Ցեմենտի հումքով բեռնված օրական 900 մեքենայի շարժը ազդելու է թե՛ մարդկանց առողջության, թե՛ բերքի վրա,-ասաց նա։

