
Վիզուալ արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռին հրավիրում է մասնակցելու իր Բացե՛լ Գետառ գետը նախաձեռնությանը՝ քայլելով Գետառի տեսանելի ու անտեսանելի հունով։ Մենք առաջարկում ենք երևանցիներին օգտագործել իրենց զգայարաններն ու միտքը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իրենց հանրային տարածքում։ Ներքևում՝ դժգույն ջրանցքում, առնետները վազվզում են աղբի միջով․ ջրի հոսքը գրեթե անլսելի է։ Ձկներն այլևս չեն կարողանում լողալ Գետառում, այդ պատճառով մասնակիցները ստիպված են լինելու նրանց գրկած տանել խցանված փողոցներով ու ավտոկայանատեղիների միջով։ Ձեռքով պատրաստված ճերմակ կտորե ձկները, որոնց տանելու ենք ձեռքերի վրա, 2.5 մետր երկրարությամբ սպիտակ պոչեր ունեն, որոնք լիզել-տանելու են Երևանի փողոցների փոշին։ Ջրի սակավության և կրճատվող կենսաբազմազանության համաշխարհային խնդիրներն այստեղ են և հիմա։
Գետի ափով քայլելիս երիտասարդ սերունդը կարող է լսել ավագ սերունդների շշուկը, որ պատմում է այն մասին, թե ինչպես էինք իրենք լողում Գետառում 1950-ականներին։ Գետի արժեզրկումը սկսվեց խորհրդային ֆունկցիոնալիզմի շրջանում։ Ավելի ուշ, գարշահոտություն տարածող Գետառը, փոխանակ կոյուղաջրերից ու կոշտ աղբից մաքրվելու, անցկացվեց ջրանցքի մեջ, իսկ 2000-ականներին ամբողջովին փակվեց՝ մնալով փողոցի ու ավտոկայանատեղի տակ։ Մի՞թե չափազանց մեծ բան ենք ուզում՝ պահանջելով, որ գետափին բնակվող մարդկանց տների մոտ աղբամաններ տեղադրվեն ու պարբերաբար մաքրվեն։ Մի՞թե չափազանց մեծ բան ենք ուզում՝ հայցելով քաղաքական հետաքրքրություն՝ հասկանալու մարդկային կարիքները, ինչպես նաև այն բազմակողմանի օգուտները, որ կառաջանան Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում առողջ կենսամիջավայրը վերականգնելու շնորհիվ։
Ի՞նչ կարող ենք անել մենք։ Մենք մանիֆեստ ենք հրապարակելու Գետառը բացելու վերաբերյալ։ Երիտասարդ մասնակիցները բաժանելու են բացիկներ՝ անցորդներին խնդրելով դիտարկել և ուսումնասիրել գետի իրական վիճակը։ Խնդրելու ենք մարդկանց այդ բացիկները լրացնելով՝ ուղարկել իրենց նախընտրած հասցեով այնպիսի տեղեր, ուր գետի վիճակը կարող է վերագնահատվել ու փոխվել։
Աննա-Լեա Կոպպեռին իր բնապահպանական և մասնակցային արվեստի աշխատանքները ստեղծում է աշխարհի տարբեր մասերում։ Ֆինն արվեստագետի վիզուալ աշխատանքները ցուցադրվել են այնպիսի նշանակալի մշակութային իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք եք Վենետիկի 56-րդ Բիենալեն Իտալիայում և Կասսելի Documenta X-ը Գերմանիայում։ Նրա վերջին ցուցադրություններից են՝ Սուզվել զգացմունքների մեջ, Երևան, 2023, NordiSkulptur, Հելսինկի (Ֆինլանդիա) և Կոպենհագեն (Դանիա), 2022, Երազանքի լիճը, Երևան, 2021: Կոպպեռին տեղին բնորոշ իր նախագծերն իրականացնում է թե՛ արվեստային տարածքներում և թե՛ նախագծերի մասնակիցների առօրյա միջավայրերում։ Կոպպեռիի մշտական բնապահպանական քանդակները տեղադրված են մի քանի եվրոպական քաղաքներում։ Նրա Անվերջանալի հատապտղային արահետը տնկվել է 2022 թ․ Ֆինլանդիայի Լահտի քաղաքում։ Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի երիտասարդ մասնակիցների հետ միասին նա 2023 թ․ բնապահպանական արվեստի մշտական գործ՝ Բազմազանության այգի է ստեղծել նաև Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի բակում։
Այս նախաձեռնությունը ևս իրականացվում է Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի հետ միասին, և Ֆիննական մշակութային հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է դիմել Ալտերնատիվ երիտասարդական կենտրոն Արփինե Գալֆայանին՝ հեռախոս՝ +374 (091) 30 95 74, կամ հաղորդագրություն ուղարկել Էլ․ փոստ՝ arpinegalfayan@apy.am
Լուսանկարը՝ Photo: © Anna-Lea Kopperi, Open Getar River!, 2024.

