
Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի (Կենտրոնական տեղամասի) ժամկետի երկարաձգման, բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման գործընթացների իրականացման, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը տևեց ընդամենը 12 րոպե:
Քարաբերդի բնակիչ Գագիկ Շավելյանն ասում է՝ մինչև վարչական ղեկավարի նստավայր հասավ նախաձեռնողները հեռացան, այդ պատճառով հանքի գործունեության բացասական հետևանքների վերաբերյալ իր մտահոգությունները կիսեց հավաքված համագյուղացիների հետ։
Համագյուղացիներից ոմանք սակայն ոգևովել են աշխատատեղերի հեռանկարով։ Նախաձեռնողները խոստացել են նոր աշխատատեղեր բացել, նաև գյուղի զարգացմանը միտված ծրագրեր իրականացնել, այդ թվում տարեկան 30 մլն դրամ տրամադրել համայնքին։ Այս պահին ընկերության հատկացումների հաշվին գյուղում ընթացքի մեջ է գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի շինրարարությունը, ընկերությունից խոստացել են նաև ճանապարհներն ասֆալտապատել։
Տարիներ շարունակ Քարաբերդի հարևան թաղամասի բնակիչներն ահազանգում են, որ հանքի գործունեության հետևանքով տուժում է անասնապահությունը, հանքի փոշու և պայթեցումների պատճառով արոտավայրերը դառնում են անպիտան։ Բացի այդ ջրային պաշարներն են նվազում։ 2022-2023 թթ․չեխական «Առնիկա» ՀԿ-ը, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ քիմիական հետազոտություն է իրականացրել Հայաստանի արդյունաբերական 4 համայնքերում, այդ թվում՝ Քարաբերդում։ Չեխական Ուստի նադ Լաբեմի և Պրահայի լաբորատորիաներում փորձաքննվել է մի շարք ծանր մետաղների առկայությունը հողում, ջրում և կենսաբանական նմուշներում։ Ուսումնասիրության արդյունքները ծանր մետաղներով բարձր աղտոտվածության է բացահայտել։ Մասնավորապես Քարաբերդի ուսումնասիրված տարածքները բնութագրվել են որպես չափավոր և խիստ աղտոտված մկնդեղով և կադմիումով և չափավոր աղտոտված կապարով և ցինկով։
Հանրային լսման եկած «ԱՍՍԱԹ» ընկերութան ներկայացուցիչները չեն հավատում այս ուսումնասիորթյանը։ Հանրային լսման են եկել իրենց փորձաքննական նյութերով, որն «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի պատվերով կատարել է ՇՄ նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։ Ասում են՝ այստեղ ամեն ինչ նորմայի սահմանում է։
«Հայպետհիդրոմետի» փորձազննման հաշվետվության մեջ մասնավորապես նշված է, որ հողի փորձանմուշներում մկնդեղի չափաքանակը կազմել է 5-15 մգ/կգ , այն դեպքում, երբ Հայաստանի չափորոշիչներով այն չպետք է գերազանցի 2 մգ-ը։ Փորձաքննության համար «Հայպետհիդրոմետը» ընկերությունից ստացել է հողի 4, և ջրի 2 նմուշ, «Առնիկա» կազմակերպությունը հետազոտել է հողի 7, ջրի 7, թափոնի 1, նաև՝ կենսաբանական՝մազի և մեզի 8 փորձանմուշներ։
«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն նախատեսում է մինչև 2032թվականը տարեկան ստորգետնյա եղանակով արդյունահանել 30 հազար տոննա ոսկու հանքաքար։

