Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/2/2023
share

2022 թ․ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի աճել են․ ՀՔԱՎ գրասենյակ

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ 2022թ-ին շեշտակի աճել են։ ՀՔԱՎ գրասենյակը մշտադիտարկում է իրականացրել ու ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրել մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 201 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 548 %-ով (կամ 109 դեպքով)։ 

Ոստիկանության ծառայողների կողմից հավաքների, բողոքի ցույցերի մասնակիցների մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը 2021թ.-ի համեմատ 2022 թ․-ին աճել է 478 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 72․8 %-ով (կամ 131 դեպքով)։ 

2022 թ․ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը։ 

Ավելին, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքների խախտման տոկոսային հարաբերակցությունը խախտման ընդհանուր դեպքերի նկատմամբ ամենաբարձրն է մշտադիտարկվող 8 տարիների ընթացքում։ 2022 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել են առողջության իրավունքի խախտման դեպքերը՝ արձանագրելով վատագույն արդյունքը 8 տարիների ընթացքում։ 

2022 թ․ աննախադեպ էր անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող։

Հավաքների ընթացքում 12 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, ինչը կրկնակի ավել է 2021թ․ ցուցանիշից։

facebook sharing button facebook