
Ախթալայի Ս․Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ճոճկանի Նահատակ վանական համալիրի վիճակի մասին։ Նա գրել է․«Ճոճկան գյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է, կառուցված 5-րդ դարում: Ավանդության համաձայն` ի սկզբանե այնտեղ ամփոփված են եղել Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Սուրբ Շուշանիկ-Վարդենու մասունքները: 17-րդ դարում Սուրբ Շուշանիկի մասունքների մի մասը նվիրվում է Թիֆլիսի հայ համայնքին, վերջիններս այդ մասունքների վրա Թիֆլիսում հիմնել են Սուրբ Շուշանիկ-Վարդենի եկեղեցին, որն այսօր արդեն խլված է հայերից և պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն: Նահատակի վանքի տարածքում երբևէ պեղումներ չեն իրականացվել, սակայն վանքի բակում կա պահպանված դժվարընթեռնելի արձանագրությամբ տապանաքար՝ «Տեր Սարգիս քահանա», որն ըստ ամենայնի՝ վերջինիս գերեզմանն է հանդիսանում: Այսօր վանքը կիսաքանդ վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի»:
Տ․Հեթում քահանան գրառմանը կից նաև վանական համալիրից նկարներ է հրապարակել։

