
ՀՀ Կրթության տեսչական մարմինը հրապարակել է 2022թ․ գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։
2022թ․ ստուգումներ են իրականացվել հանրակրթական, նախադպրոցական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ 40 հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 6-րդ, 9-րդ, 11-րդ աշակերտներին տրվել են գրավոր աշխատանքներ՝ «Հայոց լեզեու» (Մայրենի) և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն»): «Մաթեմատիկա» առարկայի առաջադրանքները կազմվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից, «Հայոց լեզու» առարկայից տրված թելադրության նյութերը վերցվել են նախորդ դասարանում յուրացրած նյութերից:
Հայոց լեզվի թելադրությանը մասնակցած 2080 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 327-ը (15.7%), «Լավ»՝ 710-ը (34.2%), «Բավարար»՝ 568-ը (27.3%), «Անբավարար»՝ 475 (22.8%):
Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 2071 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 115-ը (5.5%), «Լավ»՝ 259-ը (12.5%), «Բավարար»՝ 782-ը (37.8%), «Անբավարար»՝ 915 (44.2%):
Ստուգումների շրջանակում սովորողներին տրված գրավոր աշխատանքների գնահատման միջին արդյունքները հայոց լեզվից 5.9 («Բավարար») միավոր է, մաթեմատիկայից՝ 4.2 («Բավարար»):
Միաժամանակ նույն սովորողների նախորդ տարվա նույն առարկաների միջին տարեկան գնահատականները բարձր են. հայոց լեզվի դեպքում՝ 6.9 («Բավարար») միավոր է, իսկ մաթեմատիկայի դեպքում՝ 6.6 («Բավարար»):
Ըստ դասալսումների և սովորողների գրավոր աշխատանքների որակական և քանակական արդյունքների վերլուծության՝ չնայած ընդհանուր առմամբ «Անբավարար» գնահատված դպրոցներ չկան, այնուամենայնիվ, դասավանդման և ուսումնառության գործընթացում առկա են որոշակի խնդիրներ:

