Թափառող շները անհանգստութուն են պատճառում Ալավերդի քաղաքի գրեթե բոլոր թաղամասերի բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր փոքրահասակ երեխաներ ունեն։ Բնակիչները պատմում են, որ շները հավաքվում են շքամուտքերի մոտ, և նույնիսկ մեծահասակների համար դժվար է լինում քշել նրանց և ազատել մուտքը։
«ՏԻՄ գրագիտության դպրոց» դրամաշնորհային ծրագրի թիմը իրականացրել է հետազոտություն պարզելու համար, թե ինչ միջոցառումներ է իրականացրել Ալավերդու համայնքապետարանը նախորդ 5 տարիների ընթացքում թափառող շների խնդիրը լուծելու ուղղությամբ։
Խնդրի վերաբերյալ անդրադարձ չկար ո՛չ հնգամյա զարգացման ծրագրում, ո՛չ տարեկան աշխատանքային պլաններում ու հաշվետվություններում։
Մեր հարցմանն ի պատասխան Ալավերդու համայնքապետարանից հայտնեցին, որ 2018-2019 և 2021-2022 տարիների ընթացքում այս խնդրի լուծման ուղղությամբ միջոցառումներ չեն իրականացվել անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով։ 2020թ․ նախատեսված է եղել ստերջացնել կենդանիներին։ Հայտարարվել է ծառայության ձեռքբերման համար գնման մրցույթ, սակայն մրցույթին մասնակցության հայտեր չեն ներկայացվել, այդ պատճառով մրցույթը չի կայացել։
«Մեր կարծիքով խնդիրը կայանում է նրանում, որ ըստ գործող կարգի՝ վերը նշված ծառայությունները կարող են իրականացնել և մատուցել միայն անհրաժեշտ պահանջներին և չափորոշիչներին բավարարող մասնագիտացված կազմակերպությունները, որոնք Հայաստանում այնքան էլ շատ չեն։ Այս պարագայում մարզերում, առավել ևս համայնքներում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, իրականացումը, ինչպես նաև մասնագիտացված կառույցի կողմից հնարավոր մասնակցությունը, արդեն իսկ լուրջ և դժվար լուծելի խնդիր է»,- պարզաբանում է համայնքապետ Արկադի Թամազյանը։
Նման խնդրի հետ առնչվում են նաև հանրապետության շատ այլ համայնքներ։ Այդ պատճառով խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ պետք է իրականացնեն ոչ միայն տեղական իշխանությունները, այլ նաև պետական իշխանությունները։
«ՏԻՄ գրագիտության դպրոց» ծրագրի թիմ