Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/11/2026
share

Ջրային պաշարների աղտոտումից մինչև ռազմական ռիսկեր․ Արման Սարգսյանը՝ Ամուլսարի անվտանգային խնդիրների մասին

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Արման Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերին՝ հարցը դիտարկելով ազգային անվտանգության տեսանկյունից։

Հրապարակման առաջին մասում նա առանձնացրել է երկու առանցքային ուղղություն՝ ջրային ռեսուրսների Արփա, Որոտան, Կեչուտի ջրամբար, Ջերմուկի ստորերկրյա ջրեր, Սևան երկարաժամկետ աղտոտման վտանգն ու 2020-2022 թթ. ռազմական գործողություններից հետո Ջերմուկի շրջակայքում փոխված անվտանգային միջավայրը՝ ընդգծելով մարտական գործողությունների պայմաններում արդյունաբերական վթարների և քիմիական արտահոսքի ռիսկերը։ Սարգսյանը նշել է, որ հաջորդիվ կանդրադառնա նաև սեյսմիկ, քիմիական, պարենային, ժողովրդագրական և տնտեսական անվտանգության խնդիրներին։

Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․

Ամուլսարը՝ անվտանգության տեսանկյունից | Մաս 1

Ամուլսարի մասին խոսելիս հիմնականում անդրադառնում ենք բնապահպանական և տնտեսական խնդիրներին։ Սակայն ուզում եմ այս հարցին անդրադառնալ նաև ազգային անվտանգության տեսանկյունից։

Երբ խոսում ենք ազգային անվտանգության մասին, հաճախ նկատի ունենք բանակը, սպառազինությունը և սահմանների պաշտպանությունը։ Մինչդեռ երկրի անվտանգությունը միայն ռազմական բաղադրիչով չի սահմանափակվում։ Մեր բնական ռեսուրսները, ջրային պաշարները, պարենային ապահովվածությունը, տնտեսական կայունությունը և սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունը նույնպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներ են։

Ջրային անվտանգություն

Ամուլսարի հետ կապված կարևորագույն անվտանգային խնդիրը ջրային ռեսուրսներն են։ Խոսքը Արփա և Որոտան գետերի, Կեչուտի ջրամբարի, Արփա–Սևան ջրատար համակարգի, Ջերմուկի հանքային և տարածաշրջանի ստորերկրյա ջրերի և վերջապես Սևանի մասին է։

Ջուրը վաղուց արդեն ոչ միայն կենսական անհրաժեշտություն է, այլև ռազմավարական ռեսուրս։

Կլիմայական փոփոխությունների, ջրային ռեսուրսների սահմանափակության և դրանց նկատմամբ աճող պահանջարկի պայմաններում ջրի նշանակությունն աշխարհում գնալով մեծանում է։

Ավելին, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը ևս մեծացնում է ջրային ռեսուրսների ռազմավարական նշանակությունը։ Մասնավորապես, արհեստական բանականության զարգացումը, տվյալների մշակման կենտրոնների կառուցումը, դրանց հովացման համակարգերը, էներգիայի և կիսահաղորդիչների արտադրությունը ջրային ռեսուրսների նկատմամբ լրացուցիչ պահանջարկ են առաջացնում։

Այսինքն՝ ջրային ռեսուրսների առկայությունն ու որակը կարևոր են ոչ միայն բնակչության կենսագործունեության և գյուղատնտեսության, այլև երկրի տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման համար։

Ջրային ռեսուրսների աղտոտման խնդիրը պետք է դիտարկել նաև ժամանակային տեսանկյունից։ Եթե հանքավայրի շահագործումը սահմանափակվում է որոշակի տարիներով, ապա ջրային համակարգերի աղտոտման հետևանքները կարող են պահպանվել տասնամյակներ, իսկ թթվային դրենաժի դեպքում՝ նույնիսկ հարյուրամյակներ շարունակ։

Այս համատեքստում Ամուլսարի շահագործման հետևանքով ջրային ռեսուրսների հնարավոր աղտոտումը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական վտանգ, այլև որպես երկրի երկարաժամկետ զարգացման և ազգային անվտանգության ռիսկ։

Ռազմական և սահմանային անվտանգություն

Ամուլսարի հանքը նախագծվել է մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգային միջավայրն էապես տարբերվում էր ներկայիս իրավիճակից։ 2020 թվականի պատերազմից և հատկապես 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո Ջերմուկի շրջակայքում անվտանգային իրավիճակը զգալիորեն փոխվել է։

Նման պայմաններում խոշոր արդյունաբերական օբյեկտի շահագործումն ինքնին առաջացնում է լրացուցիչ անվտանգային ռիսկեր։ Ռազմական գործողությունների պայմաններում խոսքը ոչ միայն աշխատակիցների անվտանգության, այլև արդյունաբերական վթարների, վտանգավոր քիմիական նյութերի արտահոսքի և դրանց հետևանքով հնարավոր բնապահպանական աղետների մասին է։

Անվտանգային միջավայրի նման էական փոփոխությունը հիմք է հանքի շահագործման հետ կապված ռիսկերը վերագնահատելու համար։ Նախկին պայմաններում կատարված գնահատականները չեն կարող ինքնաբերաբար բավարար համարվել ներկայիս իրավիճակում։

Կարծում եմ՝ Ամուլսարի հարցը քննարկելիս մենք պետք է դուրս գանք զուտ հանքարդյունաբերական ծրագրի տնտեսական շահավետության շրջանակից և այն դիտարկենք Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական շահերի տեսանկյունից։

Առաջիկա հրապարակումներում կանդրադառնամ նաև Ամուլսարի սեյսմիկ, քիմիական, պարենային, ժողովրդագրական և տնտեսական անվտանգության խնդիրներին։

#ԱմուլսարնԱռանցՀանքի #saveAmulsar

Լուսանարը վերցված է Արման Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

facebook sharing button facebook