
2026 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ 10-ը համայնքներոիմ ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակներով, իսկ Արեվուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով
Ընտրելու իրավունք ունի 233 494 անձ։ Ընտրությունների քաղաքական մրցակցության պատկերը, սակայն, տարբեր է համայնքից համայնք։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքներից երեքում գրանցվել է ընդամենը մեկ ընտրական ցուցակ։ Բոլոր երեքում էլ ներկայացված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ երկու համայնքում առանձին, մեկում՝ կուսակցությունների դաշինքի կազմում։ Այս համայնքներում հաշվառված է առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների շուրջ 30,5 տոկոսը։
«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակը ներկայացնում է առաջիկա ընտրությունների աշխարհագրությունը, քաղաքական ուժերի ներկայացվածությունը, ընտրական մրցակցության պատկերը և այն մեխանիզմները, որոնց միջոցով ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները։
Քաղաքական մրցակցության աշխարհագրությունը
Նոյեմբերի 29-ին ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Ամենաշատ ընտրողներն Աշտարակում և Մեծամորում են։ Այս երկու համայնքներում միասին հաշվառված է ընտրելու իրավունք ունեցող 94 624 անձ՝ ընտրողների ընդհանուր թվի 40,5 տոկոսը։ Ընտրողների թվով ամենափոքր համայնքները Արագածոտնի մարզի Արևուտն ու Մեծաձորն են, որտեղ միասին հաշվառված է ընդամենը 399 ընտրող։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքներում ընդհանուր առմամբ ներկայացված է 21 ընտրական ցուցակ։ Չորս համայնքում առաջադրվել է երեքական քաղաքական ուժ, երեքում՝ երկուական, ևս երեքում՝ մեկական։
Առավել մեծ թվով ընտրական ցուցակներ ներկայացված են Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում։ Մյուս վեց համայնքներում ընտրություններին մասնակցում է առավելագույնը երկու ուժ։
Իշխող կուսակցությունը ներկայացված է բոլոր տասը համայնքներում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը ներկայացված է նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող բոլոր տասը համայնքներում։ Ինը համայնքում կուսակցությունը մասնակցում է առանձին ցուցակով, իսկ Ապարանում՝ «Գործարար» կուսակցության հետ ձևավորված «Համերաշխություն» դաշինքի կազմում։
Մյուս քաղաքական ուժերից որևէ մեկի մասնակցության աշխարհագրությունը չի գերազանցում երկու համայնքը։
Հատկանշական է «Գործարար» կուսակցության մասնակցության ձևաչափը։ Եթե Ապարանում այն հանդես է գալիս իշխող կուսակցության հետ միասնական ցուցակով, ապա Բաղրամյանում երկու կուսակցությունները մասնակցում են առանձին ցուցակներով։
ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության համագործակցությունն առաջինը չէ։ Նույն դաշինքով նրանք մասնակցել են նաև հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին՝ Գավառում և Գորիսում։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ ընտրություններին մասնակցում է միայն մեկ ուժ
ՀՀ ընտրական օրենսգրքի 140-րդ, 141-րդ և 142-րդ հոդվածներով սահմանված է մեկ ընտրական ցուցակի մասնակցությամբ ընտրությունների հատուկ կարգ։ Ընտրողներին տրամադրվում է նաև «դեմ եմ» քվեաթերթիկ։ Եթե միակ մասնակից ուժը ստանում է քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելիի աջակցությունը, նրան հատկացվում են ավագանու բոլոր մանդատները՝ հաշվի առնելով թեկնածուների թվին և ներկայացվածությանը վերաբերող օրենսդրական պահանջները։
Եթե անհրաժեշտ աջակցությունը չի ապահովվում, ընտրությունները ճանաչվում են չկայացած և նշանակվում են նոր ընտրություններ՝ թեկնածուների նոր առաջադրմամբ։ Հետևաբար, մեկ ցուցակի գրանցումն ինքնին չի երաշխավորում տվյալ ուժի ընտրվելը։
Միակ ցուցակով ընտրությունները նոր երևույթ չեն: 2026 թվականի ընթացքում Հայաստանում արդեն անցկացվել են ընտրություններ, որոնցում ներկայացված է եղել մեկ քաղաքական ուժ կամ մեկ կուսակցությունների դաշինք։
Այս առումով նոյեմբերի 29-ի ընտրությունները կարևոր են նաև նախորդ ընտրական փուլերի հետ համեմատության համար։ Նման համայնքներում ընտրությունների ուսումնասիրությունը ենթադրում է ոչ միայն ընտրված ուժի ստացած ձայների, այլև մի շարք այլ ցուցանիշների դիտարկում՝ ընտրություններին մասնակցության մակարդակ, «դեմ եմ» քվեների թիվ, ավագանիների քաղաքական կազմ և հետագա գործունեություն։
Մեկ ցուցակի առկայությունն ինքնին բավարար չէ քաղաքական մրցակցության բացակայության պատճառները պարզելու համար։ Դրանք հասկանալու նպատակով անհրաժեշտ է առանձին ուսումնասիրել թեկնածուների առաջադրման գործընթացը, տեղական քաղաքական ուժերի գործունեությունը և ընտրություններին չմասնակցելու հանգամանքները։
Ինչպե՞ս են ձայները վերածվում ավագանու մանդատների
Համամասնական ընտրակարգի դեպքում քաղաքացիներն անմիջականորեն չեն ընտրում համայնքի ղեկավարին։ Նրանք քվեարկում են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի օգտին։ Ըստ գործող ընտրական օրենսգրքի՝ մանդատների բաշխման ընդհանուր անցողիկ շեմերը կուսակցությունների համար 4 տոկոս են, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոս։
Օրենքը, սակայն, նախատեսում է նաև լրացուցիչ կարգավորումներ։ Եթե ընտրություններին մասնակցում է երկու ուժ, երկուսն էլ մասնակցում են մանդատների բաշխմանը։ Երեք կամ ավելի ուժերի մասնակցության պարագայում, եթե երեքից պակաս ուժ է հաղթահարել անցողիկ շեմը, մանդատների բաշխմանը մասնակցում են առավել շատ ձայներ ստացած երեք ուժերը։
Այս կարգավորումը հատկապես կարևոր է նոյեմբերի 29-ի ընտրությունների համատեքստում, քանի որ համայնքներից որևէ մեկում երեքից ավելի ընտրական ցուցակ ներկայացված չէ։
Ինչպե՞ս է ընտրվում համայնքի ղեկավարը
Համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու պարագայում համայնքի ղեկավարի ընտրությունը կախված է ավագանու մանդատների բաշխումից։
Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է ավագանու տեղերի կեսից ավելին, նրա ընտրական ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար։ Եթե որևէ ուժ չունի այդպիսի մեծամասնություն, կամ ցուցակը գլխավորող անձը հրաժարվում է պաշտոնից կամ չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է նորընտիր ավագանու առաջին նիստում՝ բաց քվեարկությամբ։
Այսպիսով, առավել շատ ձայներ ստացած քաղաքական ուժը պարտադիր չէ, որ ունենա համայնքի ղեկավարի պաշտոնն ապահովելու համար անհրաժեշտ մանդատների մեծամասնություն։
Երկու համայնք, որտեղ քաղաքացիներն անմիջականորեն են ընտրելու համայնքի ղեկավարին
Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ ընտրողներն անմիջականորեն քվեարկելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների օգտին։ Երկու համայնքներում էլ ավագանին կազմված է լինելու հինգ անդամից։
Ի տարբերություն համամասնական ընտրակարգի՝ մեծամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններում հնարավոր է նաև ինքնաառաջադրումը։ Թեկնածու դառնալու համար կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը պարտադիր չէ։
