
Լոռու մարզի Ձորագյուղի բնակիչ Վրեժ Հովհաննիսյանը պատահաբար է իմացել, որ իր սեփական հողը մեկ ուրիշի է վաճառվել։ Ամբողջը քար է եղել՝ ասում է, հայրս է չարչարվել հողամաս սարքել, ցանկապատել։ Թղթերը տանը դրած, մեկ էլ իմացանք՝ հողը մերը չի։ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանն է վստահեցրել՝ թե սխալն իրենցն է, կշտկեն ու արդեն 1 տարի՝ բնակիչն արդարության է սպասում:
Վերջին շրջանում հողերի օտարման տարօրինակ միտում են նկատում ձորագյուղցիները։ Թե ովքեր են գնում այդ հողամասերը՝ չգիտեն։ Հիմնականում տեղից չեն գնորդները։ Տեսախցիկից դուրս բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էլ են հնչեցնում։ Եթե հող են վաճառում, ինչո՞ւ մենք տեղյակ չենք այդ աճուրդներին, միգուցե մե՞նք ենք ուզում գնել այդ հողատարածքները՝ Կարեն Գաբրիելյանն է ասում։
Ձորագյուղցիները կասկածներ ունեն, որ հողերի նպատակային նշանակությունը փոխվում ու օտարման ոչ ենթակա արոտավայրերը աճուրդներով օտարվում են։ Աճուրդների կայքում են տեսել։
Կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի նիստում ընդունվել էր որոշում, որով նախատեսվում էր պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և գումարն ուղղել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքների ֆինանսավորմանն ու այլ նպատակների։
Վարչապետն էր թվարկել այն նախագծերը, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն: Դրանց թվում էր նաև Կուրթան - Ձորագյուղ 15.2 կմ հատվածի հիմնանորոգումը։
Այս ծրագրի նախագծային փուլում է պարզվել, որ գյուղի ճանապարհի մի մասն անցնում է օտարված հողամասի միջով, ինչի պատճառով էլ ասֆալտապատման ծրագիրը մտել է փակուղի։ Ռաիսա Մինասյանը վերոնշյալ հանգամանքից տեղյակ չէր, ասաց ծրագիրը արժանացել է իրենց նախնական հավանությանն ու կանգ առել․
«Այ, հնարավոր է ձգձգվում է ձեր էդ ասածի պատճառով, որ սեփականատիրոջ տարածքի տարածքով անցնում պիտի համաձայնեցնեն սեփականատիրոջ հետ։ Դա պետական աջակցությամբ ծրագիր պիտի լիներ ասֆալտապատում ընդհանուր, բայց դեռևս էլ ոչ մի շշուկ, ոչ մի լուր չգիտեմ»,- «Քաղաքացու Ձայն»-ին փոխանցեց Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռաիսա Մինասյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում այս պահին Ձորագյուղի 2 կտոր հողատարածք աճուրդի է հանված՝ 14․680․000 և 32 մլն․ դրամ մեկնարկային գներով։ Համայնքապետարանի պաշտոնյան այս աճուրդներից ևս տեղյակ չէր։ «Քաղաքացու Ձայն»-ի հարցին՝ արդյո՞ք այս պահին աճուրդի դրված հողամասեր կան Ձորագյուղ բնակավայրից, ասաց՝
«Այս պահին իմ իմացությամբ չէ, քանի որ ավագանու որոշումներին հիմնականում տեղյակ եմ լինում, վերջին ավագանու նիստին նման որոշում չի կայացվել։ Բացառում եմ, որ արոտավայրեր լինեն իրենց կատեգորիայով և դրվեն աճուրդի։ Եթե նախկինում եղել են, ուրեմն, կա համապատասխան փաստաթղթաշրջանառություն, որի վերաբերյալ, ասենք, փոփոխվել է գործառնական նշանակություն կամ նպատակային նշանակություն, նոր է դրվել, եթե հնարավոր է նման բան լինի»։
Բնակիչների խոսքով՝ նախկինում գյուղի հողերի նման ակտիվ օտարումներ չեն արձանագրել։ Այս ակտիվությունը կապում են Փամբակ ու Վանաձոր համայնքների սպասվող միավորման հետ։ Ասում են՝ դեռևս իշխանություն ունեցող Փամբակի համայնային իշխանություններն շտապում են օգտվել վերապահված լիազորություններից ու անխոչընդոտ հողեր օտարել։
Մանրամասները՝ տեսանյութում։
