Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/11/2026
share

Շենգավիթի բնակիչների ձայնը պետք է որոշիչ լինի իրենց բնակավայրի ապագայի հարցում. Երևանի կանաչ խորհրդի հայտարարությունը

Երևանի կանաչ խորհրդի հայտարարությունը

Նոյեմբերի 18-ին  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած հանրային լսման ընթացքում բնակիչները և բնապահպանական համայնքի ներկայացուցիչները միանշանակ դեմ արտահայտվեցին «Ռայդենա» ՍՊԸ-ի՝ բնակելի տարածքի անմիջական հարևանությամբ էպօքսիդային պրեպրեգների արտադրություն հիմնելու նախաձեռնությանը և նախագծին։

Երևանի կանաչ խորհուրդը միանում է բնակիչների արտահայտած դիրքորոշմանը և պահանջում, որ այն պատշաճ կերպով արձանագրվի և հաշվի առնվի նախագծի վերաբերյալ հետագա որոշումների ընդունման բոլոր փուլերում։

Մարդկանց առողջությունն ու անվտանգ կենսամիջավայրը չեն կարող ստորադասվել մասնավոր տնտեսական շահերին։

Հանրային լսման ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք հիմնավոր մտահոգություններ, որոնց նախաձեռնող ընկերության ներկայացուցիչները չկարողացան տալ բավարար և համոզիչ պատասխաններ։ Մասնավորապես՝

  • Արտադրության տեղադիրքը։ Նախատեսվող արտադրությունը գտնվում է բնակելի շենքերի, բժշկական և կրթական հաստատությունների անմիջական հարևանությամբ։ Հստակ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու է ընտրվել հենց այս տարածքը և արդյոք դիտարկվել են բնակելի հատվածներից հեռու այլընտրանքային վայրեր։
  • Առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը։ Բնակիչների մտահոգություններին՝ կապված քիմիական նյութերի օգտագործման, վնասակար արտանետումների, օդափոխության և ֆիլտրացման համակարգերի հետ, տրվել են ընդհանուր բնույթի պատասխաններ՝ առանց ռիսկերի բավարար հիմնավորման։
  • Նախագծի վերաբերյալ տեղեկատվության թերիությունն ու անհամապատասխանությունները։ Հարցեր են բարձրացվել օգտագործվող քիմիական նյութերի ամբողջական ցանկի, նախատեսվող գործունեության նկարագրության և թափոնների առաջացման վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության մասին։
  • Վթարային իրավիճակներն ու պատասխանատվությունը։ Բնակիչները չեն ստացել բավարար պարզաբանումներ հնարավոր վթարների կանխարգելման, արտակարգ իրավիճակներում արձագանքման և դրանց հետևանքների համար պատասխանատվության մեխանիզմների վերաբերյալ։

Այս հարցերը հատկապես կարևոր են Երևանի օդի աղտոտվածության և բնակիչների առողջության նկատմամբ առկա մտահոգությունների համատեքստում։ Արտադրական գործունեության անվտանգությունը չի կարող հիմնավորվել միայն նախաձեռնող ընկերության հավաստիացումներով։

Հանրային մասնակցությունը պետք է իրական ազդեցություն ունենա որոշումների վրա։

Նոյեմբերի 18-ի հանրային լսումը ցույց տվեց, որ բնակիչները ոչ միայն լուրջ մտահոգություններ ունեն նախագծի վերաբերյալ, այլև հստակ արտահայտել են իրենց անհամաձայնությունը դրա իրականացմանը։

Հանրային լսումը պարզապես օրենքով նախատեսված ընթացակարգ չէ, որը կարելի է անցկացնել՝ անկախ դրա արդյունքներից։ Այն բնակիչների՝ սեփական կենսամիջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի իրացման կարևոր մեխանիզմ է։

Երևանի կանաչ խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի՝

  1. Հանրային լսման վերջնական արձանագրությունում ամբողջությամբ և հստակ արտացոլվեն բնակիչների ու մասնակից շահագրգիռ կողմերի արտահայտած առարկությունները, մտահոգությունները և նախագծին դեմ դիրքորոշումը։
  2. Հանրային լսման արդյունքները և բնակիչների առարկությունները ներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը՝ ապահովելով, որ ավագանու անդամները ծանոթանան դրանց և հաշվի առնեն դրանք իրենց դիրքորոշումը ձևավորելիս։
  3. Ավագանու նիստում հարցը քննարկվի բաց, հրապարակային և բովանդակային ձևով՝ բնակիչների մտահոգություններին պատշաճ անդրադարձով, այլ ոչ թե ընդգրկվի չզեկուցվող հարցերի շարքում։

Դատական սպառնալիքներն անընդունելի են հանրային քննարկման պայմաններում։

Առանձին մտահոգության տեղիք են տալիս «Ռայդենա» ՍՊԸ-ի կողմից լրատվամիջոցներին ուղղված հերքման պահանջներն ու դատական հայց ներկայացնելու վերջնագիրը, որոնց մասին բարձրաձայնվեց նաև հանրային լսման ընթացքում։

Երևանի կանաչ խորհուրդը դատապարտում է հանրային նշանակության հարցերի լուսաբանման և քննադատական կարծիքների արտահայտման նկատմամբ դատական ճնշման ցանկացած փորձ։ Նման գործողությունները, որոնք հայտնի են որպես ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության կամ SLAPP,  կարող են ունենալ զսպող ազդեցություն ոչ միայն լրագրողների, այլև բնակիչների և բնապահպան ակտիվիստների վրա՝ սահմանափակելով նրանց ազատ մասնակցությունը հանրային քննարկումներին։

Հիշեցնում ենք, որ հանրային մասնակցության, խոսքի ազատության և առողջ շրջակա միջավայրի պաշտպանության իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև մասնավոր տնտեսական շահերի հետ բախման պայմաններում։

Երևանի կանաչ խորհուրդը շարունակելու է հետևել նախագծի հետագա ընթացքին և պահանջել հանրային շահին համապատասխան, թափանցիկ և հաշվետու որոշումների կայացում։

Շենգավիթ վարչական շրջանի և առհասարակ Երևանի  բնակիչների ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն հանրային լսման դահլիճում, այլև Երևանի ավագանու նիստում և վերջնական որոշման մեջ։

Երևանի կանաչ խորհուրդ
24 նոյեմբերի, 2026 թ.

facebook sharing button facebook