Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/11/2026
share

Կանաչ տնտեսության շարժիչ ուժը․ ինչպե՞ս են էկոակտիվիստները փոխում իրենց համայնքները (տեսանյութ)

Հանրային մասնակցություն, համայնքների կանաչ կայուն զարգացում, համայնքների սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանությանն ուղղված ռազմավարությունների մշակում, շրջակա միջավայրի մոնիթորինգ․ սա այն է, ինչ անում են էկոակտիվիստները համայնքներում ։
«Էկոակտիվիստը դա ուղղակի այդպիսի կոչում չէ, այլ այդ էկոակտիվիստը ինքը, օրինակ, ֆերմեր է, և ինքը իր համայնքում, որտեղ ապրում է, բացի շրջակա միջավայրի պաշտպանությունից, նաև խթանում է ֆերմերային տնտեսությունը, նաև օգնում է, որպեսզի ուրիշները խթանեն։ Կամ սոցիալական ձեռնարկատեր է, կամ երիտասարդների հետ աշխատող է, կամ կանաչ տնտեսվար է, կամ մշակում են տարբեր տեսակի ռազմավարություններ՝ ուղղված համայնքի զարգացմանը։,-ասում է Օլեգ Դուլգարյանը,- Վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 10 համայնքային նախաձեռնություններ են իրականացրել էկոակտիվիստները Հայաստանի ամենատարբեր մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Արարատում, Կոտայքում և այլն։ Մարդիկ, օրինակ, ձեռնարկում են համայնքային զարգացման ռազմավարությունների կամ այլընտրանքային զարգացման ծրագրերի նախաձեռնում։ Դա կոչվում է համայնքի զարգացում համայնքի առաջնորդությամբ։ Այսինքն՝ երբ համայնքի բնակիչներն իրենք նախաձեռնում են զարգացման գործընթացներ և փորձում են իրենց իրական կարիքները հասցնել տեղական իշխանություններին։

Եղեգնաձորցի Հայկ Իսախանյանը զբաղվում է գինետակառների արտադրությամբ և միևնույն ժամանակ պայքարում է Վայոց Ձորի կանաչ կայուն զարգացման համար։ Նա վստահ է, որ մարզի հեռանկարը կապված է գյուղատնտեսության, գինեգործության ու զբոսաշրջության հետ։

«Մի նպատակ ունեմ՝ այնպես, ինչպես անաղարտ ես ձեռք եմ բերել այդ բնությունը, այդպես անաղարտ հանձնեմ իմ հաջորդ սերունդներին։ Մենք թշնամի չենք, մենք ուզում ենք՝ եկեք երկիրն ավելի հզորանա, բայց ուրիշ ուղղություն ենք առաջարկում․ զարգացնենք 6000 տարվա գինեգործությունը, այգեգործությունը, էկոսննդի արտադրությունը, տուրիզմը։ Վայոց Ձորն էլ թող ապրի տուրիզմով, մենք ունենք հզոր պատմական ուժ»,– նշում է Հայկ Իսախանյանը։


Վարդուհի Բարսեղյանն ապրում և ստեղծագործում է Վեդի համայնքի Գինևետ գյուղում։ 2020 թվականին, ոգեշնչվելով Կարմիր սարից, նա ստեղծել է իր ապրանքանիշը՝ ցանկանալով օրինակ ծառայել, որ համայնքից հեռանալը ռեալիզացվելու միակ ճանապարհը չէ։ Իր խոսքով՝ Երևանում ավելի շատ հնարավորություններ կան, բայց գյուղում նա ստանում է մաքուր օդ, մաքուր ջուր և կենսաբազմազանություն։ Երբ Վարդուհին իմացավ, որ Կարմիր սարը՝ իր էնդեմիկ ու Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներով, վտանգված է, չկարողացավ անտարբեր մնալ․

«Ես այն ժամանակ ակտիվիզմից, հանրային լսումներից ոչ մի գաղափար չեմ ունեցել։ Պատրաստվել, իջել եմ հանրային լսման։ Իհարկե, ինձ ներս էլ չեն թողել, ու այդտեղ դիսոնանսը զգացի միանգամից, որ ես միշտ սիրված եմ եղել իմ համայնքի կողմից, բայց այդ օրը իմ գյուղը իմ դեմ էր»։


Լոռու մարզի Աղթալա համայնքում Արփինե Դարչինյանը վարում է կանաչ տնտեսություն․ հիմնել է կանաչ թեյատուն, չրերի ու մուրաբաների արտադրություն՝ աշխատանքով ապահովելով վայրի բույսերի ու հատապտուղների հավաքչությամբ զբաղվող կանանց։ Թեև սկզբում անգամ ընտանիքում կար թերհավատություն, այսօր նրա փորձը վարակիչ է դարձել այլ արտադրողների համար։ Արտադրության մեջ օգտագործվում է առանց քիմիական պարարտանյութերի մշակված բերք, իսկ սննդային թափոնները կոմպոստացվում են և որպես պարարտանյութ վերադարձվում այգիներ՝ ապահովելով կենսաբազմազանություն և կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները։


Սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ և «Կանաչ խորհուրդների դաշնություն» շարժման համահիմնադիր Հռիփսիմե Քոչարյանն իր գործունեությամբ փորձում է տարբեր մարզերում նպաստել, որպեսզի կանայք բարձրաձայնեն իրենց առօրյային ու ձեռնարկատիրությանը խոչընդոտող խնդիրների մասին և փորձեն լուծումներ տալ։

Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանի խոսքով՝ էկոակտիվիստներին հաճախ ներկայացնում են միայն որպես աղմկոտ միջադեպերի մասնակից ցուցարարներ, մինչդեռ նրանք իրենց ամենօրյա լուռ աշխատանքով նպաստում են համայնքների կայուն զարգացմանը և տեղական ժողովրդավարության կայացմանը։

«Բնապահպանական ակտիվիզմը սահմանափակված չի եղել միայն բնապահպանական հիմնահարցերով։ Այն միշտ ներառել է ավելի լայն համակարգային խնդիրներ՝ կոռուպցիայից ու թափանցիկության բացակայությունից մինչև հանրային առողջություն և որոշումների կայացման մասնակցային խնդիրներ։ Այն հարցերի սպեկտրը, որին անդրադառնում են բնապահպան ակտիվիստները, բավականին լայն է, ու իշխանություն ունեցող տարբեր մարմինների ու կառույցների կարող է նրանց գործունեությունն անհանգստացնել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook