
2026 թվականի հուլիսին Ստեփանավանում քննարկվում էր Արմանիսի հանքավայրի նոր տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագիրը։
Նախատեսվում էր ուսումնասիրել նոր տարածքներ՝ պարզելու, թե այնտեղ ինչ հանքային պաշարներ կան և հետագայում ինչ հնարավորություններ կարող են լինել դրանց արդյունահանման համար։
Հովսեփը Խաչատրյանը, որ Երևանից Ստեփանավան էր տեղափոխվել մշտական բնակության, տեղի բնակիչների հետ պայքար սկսեց հանուն կանաչ միջավայարի։
«Ստեփանավանն առանց հանք» նախաձեռնության խմբի մյուս անդամների հետ բնակիչներին տեղեկացնում էին ծրագրի մասին, կազմակերպում ստորագրահավաք և փորձում ապահովել, որ համայնքի կարծիքը լսելի լինի որոշում կայացնողների համար։
Ի վերջո, ծրագրին բացասական եզրակացություն տրվեց։ Հովսեփի համար այս պատմության ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ բնակիչները սկսեցին հավատալ, որ կարող են համախմբվել, մասնակցել իրենց համայնքին վերաբերող քննարկումներին և ազդեցություն ունենալ որոշումների վրա։
Բայց այս ամենը հեշտ չտրվեց։ Հովսեփն ասում է՝ պայքարի ընթացքում ինքն ու նախաձեռնության մյուս անդամները նաև թիրախավորման են ենթարկվել։
Հովսեփը միակը չէ, որ իր համայնքի բնությունը պաշտպանելու ճանապարհին բախվել է նման վերաբերմունքի։ Հայաստանի տարբեր համայնքներում բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող մարդիկ հաճախ են ենթարկվում թիրախավորման ու ճնշումների։
Նրանց թվում են ֆերմերներ, զբոսաշրջության ոլորտի աշխատողներ, կանաչ տնտեսությամբ զբաղվողներ և տարբեր մասնագիտությունների տեր բնակիչներ, որոնց միավորում է իրենց ապրելու միջավայրի ու համայնքի ապագայի նկատմամբ մտահոգությունը։ Նրանցից շատերը բնապահպանական պայքարում ներգրավվում են հենց իրենց համայնքում առաջացած խնդիրների պատճառով՝ փորձելով պաշտպանել ոչ միայն բնությունը, այլև բնակիչների իրավունքներն ու որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունը։
Երբ մարդիկ սկսում են բարձրաձայնել բնապահպանական, հանրային շահին վերաբերող հարցերը, քննարկումները երբեմն բոլորովին այլ ուղղությամբ են գնում։
Փոխանակ խոսելու հանքարդյունաբերական ծրագրի հնարավոր ազդեցության, բնապահպանական ռիսկերի կամ համայնքի մտահոգությունների մասին՝ ուշադրության կենտրոնում են հայտնվում և թիրախավորվում հենց հարցեր բարձրացնող մարդիկ։
Նրանց կարող են ներկայացնել որպես մշտապես դժգոհող, աղմուկ բարձրացնող կամ համայնքի զարգացմանը խանգարող անձանց։
Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանի խոսքով՝ նման պիտակավորումները կարող են արժեզրկել ակտիվիստների աշխատանքը և մարդկանց ուշադրությունը շեղել բուն խնդրից։
Թիրախավորումը կարող է տարբեր ձևեր ունենալ՝ վիրավորանքներից ու սոցիալական ցանցերում կազմակերպված հարձակումներից մինչև դատական հայցեր։
Դրանց թվում են նաև այսպես կոչված SLAPP հայցերը։ Դրանց նպատակն է ճնշում գործադրել հանրային նշանակության հարցեր բարձրաձայնող մարդկանց վրա կամ ստիպել նրանց լռել։
Նույնիսկ եթե հայցը վերջում մերժվի, մարդը կարող է ամիսներ կամ տարիներ անցկացնել դատարաններում՝ ծախսելով ժամանակ, գումար ու ուժեր։ Նման հայցերի ազդեցությունը կարող է տարածվել նաև մյուսների վրա. մարդիկ կարող են պարզապես վախենալ բարձրաձայնել իրենց մտահոգություններ։
Հայաստանի Սահմանադրությունն ամրագրում է, որ պետությունը պետք է նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, իսկ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել դրա մասին։
Այսինքն՝ բնության պահպանությունը նաև համայնքի բնակիչների մասնակցությունն է՝ հարցեր տալը, տեղեկություններ պահանջելը, քննարկումներին մասնակցելը և անհրաժեշտության դեպքում որոշումները վիճարկելը։
Բայց ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել իրենց ապրելու միջավայրը, երբեմն ստիպված են լինում պաշտպանվել նաև ճնշումներից։
Հանրային մասնակցությունը չի սահմանափակվում միայն քննարկումներին ներկա գտնվելով կամ կարծիք հայտնելով։ Այն ենթադրում է, որ համայնքի բնակիչները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու իրենց կյանքին ու շրջակա միջավայրին առնչվող ծրագրերի մասին, բարձրաձայնելու մտահոգությունները և իրական ազդեցություն ունենալու որոշումների կայացման գործընթացի վրա։
Իսկ այդ մասնակցությունը չի կարող լիարժեք լինել, եթե մարդիկ իրենց դիրքորոշումն արտահայտելու, հարցեր բարձրացնելու կամ որոշումները քննադատելու համար ստիպված են լինում բախվել ճնշումների ու թիրախավորման։
Հովսեփի ու Ստեփանավանի մյուս բնակիչների պատմությունը ցույց է տալիս, որ համայնքի համախմբված ձայնը կարող է արդյունք տալ։ Բայց այն նաև ավելի լայն հարց է առաջացնում․ արդյո՞ք Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է նույնքան ազատ ու անվտանգ պաշտպանել իր համայնքի շահերը։
Փորձագետները պնդում են հանրային մասնակցությունը ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրիչներից է, հետևաբար այն մարդիկ, ովքեր ակտիվ ներգրավվում են իրենց համայնքներում որոշումների կայացման գործընթացներին բարձրաձայնում են խնդիրներ չպետք է թիրախավորվեն և ճնշումների ենթարկվեն, որովհետև ժողովրդավարությունը սկսվում է համայնքներից:
Մանրամասները՝ տեսանյութում։
