
Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը, որով նախատեսվում էր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի տարածքում։
Ընկերությունը նախատեսում էր 2026–2028 թվականներին Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում՝ մոտ 46,14 քառակուսի կիլոմետր (4614,2 հա) տարածքում, հորատել մինչև 15 հորատանցք (յուրաքանչյուրը միջինը 400 մետր խորությամբ) և բացել մինչև 3 կիլոմետր նոր ճանապարհ՝ պարզելու ընդերքում առկա մետաղական պաշարները։
Այս թեմայով կազմակերպված առաջին հանարային քննարկումը անցել էր բավականին լարված մթնոլորտում, որին հաջորդել էր ավագանու երկու իրար հակասող որոշումներ, որոնցից առաջինով նածագծին տրվել էր անհամաձայնություն, իսկ երկրորդով՝ համաձայոնություն։ Երկրորդ հանարային քննարկումները ևս բավականին թեժ էին։
Եզրակացության պատճառաբանական մասում նշված է մի քանի հանգամանք։
-
1. Ջրային ռեսուրսներին սպառնացող ռիսկեր
- Աղբյուրների և հորատանցքերի խաչում. Տեղազննմամբ պարզվել է, որ տարածքը հարուստ է ջրահոսքերով և խմելու ջրի աղբյուրներով, որոնց ջրերը հոսելով խառնվում են նախատեսվող հորատանցքերի հարևանությամբ հոսող ջրերին։
- Երեք համայնքների ջրամատակարարման վտանգում. Ուսումնասիրության տարածքում են կուտակվում Վայոց ձորի մարզի ջրային ռեսուրսների մի մասը, որոնք Արփա-Սևան և Հերմոն-Ելփին (Խանջյան առու) խողովակներով ապահովում են Եղեգիս, Արենի և Եղեգնաձոր համայնքների ու բնակավայրերի սեփականաշնորհված և տնամերձ հողատարածքների ջրամատակարարումը։
- Քարտեզագրական տվյալների բացակայություն. Ընկերությունը չի ներկայացրել հորատանցքերի տեղադիրքերի ճշտված տեղեկատվություն և քարտեզագրական նյութեր՝ ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցությունը կանխելու և ջրապահպան գոտիների պահանջներն ապահովելու համար։
2. Գյուղատնտեսությանը և էկոտուրիզմին սպառնացող ռիսկեր
- Արոտավայրերի կորստի վտանգ. Հայցվող տարածքն ամբողջությամբ ալպյան և ենթալպյան բարձր կարգի արոտավայրեր են։ Այստեղ տարեկան 5–6 ամիս արոտի են տեղափոխվում Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսությունների 4–4,5 հազար գլուխ խոշոր և 8–10 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիներ։
- Հակասություն զարգացման ռազմավարությանը. Կառավարության 2021–2026 թթ. զարգացման ռազմավարությամբ Եղեգիս համայնքի զարգացման ուղղվածությունը բուսաբուծությունը, այգեգործությունը, անասնապահությունն ու ագրո- և էկոտուրիզմն են, որտեղ արդեն իսկ իրականացվում են տուրիզմի զարգացման լուրջ ներդրումային ծրագրեր։
3. Պատմամշակութային ժառանգություն և կենսաբազմազանություն
- Չարտացոլված հուշարձաններ. Տարածքում առկա են պետական ցուցակում հաշվառված հուշարձաններ՝ «Բնակատեղի Ջանի», «Խաչքար Սմբատի», «Խաչքար», «Ջրաղաց», ինչպես նաև նորահայտ հնագիտական օբյեկտներ (ամրոց-բնակատեղի, քարայր-կացարաններ, գերեզմաններ)։ Դրանց տարածքները չեն նշվել ընկերության քարտեզներում, ինչի պատճառով հնարավոր չէ գնահատել ռիսկերն ու սահմանել պահպանական միջոցառումներ։
- Հազվագյուտ բուսատեսակ. Տարածքում հայտնաբերվել է պտղակալած վիճակում գտնվող Սմիրնիոպսիս հայկական բուսատեսակը, իսկ մյուս տեսակների առկայությունը պարզելու համար անհրաժեշտ են լրացուցիչ այցելություններ գարնանը և վաղ ամռանը։
4. Փաստաթղթերում առկա հակասություններ
- Լեռնային փորվածքների անհամապատասխանություն. Ընկերության պարզաբանումներում նշված է, որ բաց լեռնային փորվածքներ չեն նախատեսվում։ Մինչդեռ լրամշակված ՇՄԱԳ հաշվետվության և ծրագրի տարբեր բաժիններում առկա են հակասական տեղեկություններ՝ նոր հետախուզաառուների կամ բաց լեռնային փորվածքների վերաբերյալ։
- Չհաշվարկված ռեկուլտիվացիոն ծախսեր. Այդ հակասության հետևանքով նշված տարածքների համար չեն հաշվարկվել վերականգնման (ռեկուլտիվացիայի) ծավալներն ու ծախսերը
Պատճառաբանական մասում նշված է նաև, որ հաշվի են առնվել 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Վարդահովիտում կայացած հանրային լսումների ժամանակ բարձրաձայված մտահոգությունները։,Եղեգիս համայնքի ավագանու անդամները, տեղի բնակիչներն ու բնապահպանները բարձրաձայնել են ջրի, արոտավայրերի և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրենց մտահոգությունները, իսկ փորձաքննական կենտրոն են ներկայացվել ստորագրություններով հաստատված բազմաթիվ գրավոր բողոքներ։
