Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/11/2026
share

«Ահազանգել, պահանջել, կրկին ահազանգել. բնապահպանի առօրյան՝ պետական կառավարման համակարգային խնդիրների ֆոնին

Աղբավայրերի հրդեհներից մինչև ազգային պարկերի պահպանություն․ ինչո՞ւ է բնապահպանական խնդիրների մասին ահազանգող քաղաքացին ստիպված հետևել նաև պետական մարմինների աշխատանքին։

 

Աղբավայրում հրդեհ է բռնկվում։ Քաղաքացին ահազանգում է համապատասխան ծառայությանը, փորձում պարզել՝ ով պետք է արձագանքի, ով է պատասխանատու հրդեհի հետևանքների համար, և արդյոք վտանգի մասին տեղեկացվել են հարակից բնակավայրերի բնակիչները։

 

Սակայն հաճախ ահազանգով ամեն ինչ չի ավարտվում։ Պետք է կրկին զանգահարել, նամակ գրել, հետևել պատասխանին, երբեմն էլ պարզել՝ որ պետական մարմնի իրավասության ներքո է տվյալ խնդիրը։

 

Բնապահպան, զբոսավար Կարինե Բաղդասարյանի համար այս գործընթացը դարձել է առօրյայի մի մասը։ Նա տարիներ շարունակ բարձրաձայնում է Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրվող բնապահպանական խնդիրները՝ աղբավայրերի հրդեհներից ու թափոնների ապօրինի տեղադրումից մինչև ազգային պարկերում տնտեսական գործունեությունն ու բնության պահպանության վերահսկողությունը։

 

Նրա այս գործունեությունը մի համակարգային հարց է առաջ բերում՝ որտե՞ղ է ավարտվում քաղաքացու պատասխանատվությունը և որտե՞ղ է սկսվում պետության պարտավորությունը։

Երբ մեկ ահազանգը դառնում է երկարատև աշխատանք

 

Կարինեն պատմում է, որ բազմիցս դիմել է տարբեր պետական և տեղական մարմինների՝ փորձելով հասնել արձանագրված խնդիրների լուծմանը։

 

Նրա բարձրաձայնած հարցերի շրջանակը լայն է՝ Արտաշատի և Դիլիջանի աղբավայրերի վիճակ, բաց տարածքներում թափոնների այրում, շինարարական աղբի տեղադրում, օգտագործված շարժիչային յուղերի հնարավոր այրում, պահպանվող բնական տարածքներում զբոսաշրջային գործունեության վերահսկողություն։

 

Յուրաքանչյուր խնդրի հետևում տարբեր պատասխանատու մարմիններ են։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է դիմել համայնքապետարան, մյուսներում՝ տեսչական մարմին, նախարարությու կամ փրկարար ծառայություն։ Կարինեի դիտարկմամբ՝ հենց այդ բաժանված պատասխանատվությունն էլ հաճախ խոչընդոտում է խնդիրների լուծմանը. «Ամեն մեկը մյուսի վրա է գցում՝ դա իմ գործը չի, դա իմ իրավասության շրջանակում չի։ Սա  այն խնդիրներից է, որ մենք չենք կարողանում լուծման հասնել»,- ասում է նա:

 

Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը հնարավոր չէ դիտարկել առանձին՝ առողջապահությունից, աղբահանությունից, կրթությունից կամ տեղական կառավարումից։ «Այս ամբողջը փոխկապակցված է իրար՝ առողջապահություն, աղբահանություն, կրթություն։ Բայց մեր պետական համակարգում դրանք արհեստականորեն առանձնացված են իրարից»,- ասում է նա:

 

Բնապահպանի այս դիտարկումը բացում է ավելի լայն խնդիր. բնապահպանական խախտման արձանագրումը դեռ չի նշանակում դրա վերացում։ Իսկ եթե պետական մարմինների գործողությունները համակարգված չեն, քաղաքացին կարող է ստիպված լինել ոչ միայն հաղորդել խնդրի մասին, այլև հետևել դրա լուծման ամբողջ ընթացքին։

 

Աղբավայրերից մինչև ազգային պարկեր

 

Կարինեն օրինակ է բերում Դիլիջանի ազգային պարկի հարակից աղբավայրի վիճակը և մտահոգություն հայտնում, որ աղբի կառավարման խնդիրները կարող են անմիջական հետևանքներ ունենալ պահպանվող բնության համար։ Նրա խոսքով՝ բնության պահպանությունը չի կարող սահմանափակվել միայն ազգային պարկի սահմաններով, եթե հարակից տարածքներում աղտոտումը շարունակվում է։

 

Մյուս մտահոգությունը վերաբերում է պահպանվող տարածքներում զբոսաշրջային գործունեությանը։ Կարինեն պատմում է Դիլիջանի ազգային պարկում քառանիվների երթևեկության և Սևանի Նորաշենի պահպանվող տարածքում այցելուների ու մեքենաների ներկայության մասին՝ հարց բարձրացնելով, թե ինչպես են տնտեսական շահերը համադրվում բնապահպանական սահմանափակումների հետ։

 

Սրանք առանձին ուսումնասիրություն պահանջող դեպքեր են։ Սակայն դրանք միավորվում են նույն հարցի շուրջ՝ ո՞վ է վերահսկում պահպանվող տարածքներում իրականացվող գործունեությունը, և ինչպե՞ս է գնահատվում դրա ազդեցությունը բնության վրա։

 

Երբ քաղաքացին պետք է իմանա նաև՝ ինչպես է աշխատում պետությունը

 

Բնապահպանական խնդիրների մասին ահազանգելու համար Կարինե Բաղդասարյանը ստիպված է եղել ուսումնասիրել իրավական կարգավորումներ, պետական մարմինների լիազորություններ և արձագանքման ընթացակարգեր։ Նրա խոսքով՝ շատ քաղաքացիներ նույնիսկ չգիտեն, թե ում պետք է դիմել, երբ իրենց բնակավայրում աղբ են այրում կամ շրջակա միջավայրին վնաս հասցնող այլ գործունեություն են նկատում։ Այդ պատճառով նա կարևորում է ոչ միայն խախտումների բացահայտումը, այլև մարդկանց իրազեկումը։ «Մարդիկ պետք է իրազեկվեն։ Մարդիկ զրկված են իմանալու, իրազեկված լինելու իրենց իրավունքից»,- ընդգծում է նա:

 

Նա նաև նշում է, որ որոշ պետական կառույցների հետ իր հաղորդակցությունը դժվարացել է քննադատական հրապարակումների պատճառով։ Կարինեի ներկայացմամբ՝ եղել են դեպքեր, երբ սահմանափակվել է իր հասանելիությունը պետական մարմինների պաշտոնական սոցիալական էջերին։

 

«Իրենք սա անձնական են ընդունում։ Իրենք չեն ընկալում, որ եկել են այդ ինստիտուտը կառավարելու, այլ ոչ թե այստեղ անձերի կռիվ ենք տանում։ Այդ կառույցները կարծես իրենց այդպես են պահում, որ փորձեն հնարավորինս մեկուսացնել խնդրի մասին բարձրաձայնող անձանց»,– ասում է Կարինեն։

 

Նրա գնահատմամբ՝ այս մոտեցման հետևանքով բնապահպանական խնդիրների շուրջ հանրային քննարկումը երբեմն վերածվում է անձնական հակադրության՝ երկրորդ պլան մղելով պետական կառույցների պատասխանատվության և բարձրաձայնված խնդիրների լուծման հարցերը։

 

Քաղաքացու մասնակցությո՞ւն, թե՞ պետության պարտավորությունների փոխարինում

 

Կարինեն պատմում է, որ առանձին խախտումների մասին իր ահազանգերից հետո երբեմն ստուգումներ իրականացվում են, սակայն խնդիրը դրանով չի լուծվում։ Նրա կարծիքով՝ պետական մարմինները չպետք է սահմանափակվեն միայն քաղաքացիների մատնանշած դեպքերին արձագանքելով։ Նրա համոզմամբ՝ բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ոչ թե առանձին միջամտություններ, այլ պետական քաղաքականության և վերահսկողության համակարգային փոփոխություններ. «Իմ մոտեցումն այն է, որ պետության դերը որպես համակարգ, եթե մենք իրենց չստիպենք, որ մասշտաբային իրենց քաղաքականության մաս մտցնեն, քաղաքական կամք դարձնեն իրենց պարտավորություններն իրականացնելը, շատ երկար է տևելու այս խնդրի լուծումը»։

 

Նա առանձնացնում է նաև պետական կառույցների միջև համագործակցության բացակայությունը՝ շեշտելով, որ բնապահպանական խնդիրները չեն կարող լուծվել մեկ գերատեսչության շրջանակում. «Այս ամբողջը փոխկապակցված է իրար՝ առողջապահություն, աղբահանություն, կրթություն։ Մեր պետական համակարգում իրենք առանձնացրել են իրարից, արհեստական առանձնացրել են։ Բայց պետք է իրենք ամբողջական գործեն, որը չկա»,- ընդգծում է նա:

 

Կարինեն կարծում է, որ փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է նաև տարբեր մասնագիտական և հասարակական խմբերի ներգրավվածությունը։ Նա նույնիսկ դիտարկում է հասարակական կազմակերպություն ստեղծելու հնարավորությունը, որպեսզի բնապահպանական խնդիրների բարձրաձայնումը չմնա անհատական նախաձեռնության սահմաններում։

 

Միաժամանակ նա կարևորագույն խնդիրներից է համարում քաղաքացիների տեղեկացվածության պակասը։ «Ես այս պահին շատ մեծ բաց եմ տեսնում հենց իրազեկման մեջ։ Մարդիկ պետք է իրազեկվեն։ Մարդիկ զրկված են իմանալու, իրազեկված լինելու իրենց իրավունքից, և դրանից առաջին զրկողը հենց պետությունն է, ով պարտավոր է իրենց պահել իրազեկված»,- ասում է նա:

 

Կարինեի բարձրաձայնած խնդիրները վերաբերում են տարբեր բնակավայրերի ու տարբեր ոլորտների, սակայն նրա պատմության մեջ կրկնվում է նույն հարցը՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին շարունակաբար հիշեցնի պետական մարմիններին իրենց պարտավորությունների մասին։

facebook sharing button facebook