Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/11/2026
share

«Չի կարող առողջապահական բաղադրիչը 185 էջանոց հաշվետվության մեջ լինել 8 տող». Օլեգ Դուլգարյանը՝ Արարատի պոչամբարի ՇՄԱԳ-ի մասին

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արարատ համայնքում կայացած «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության հանրային երկրորդ լսումների ժամանակ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնդիր Օլեգ Դուլգարյանը Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց փաստաթղթում առողջապահական գնահատման բացակայության և մի շարք այլ համակարգային խնդիրների վրա։

«Այն բծախնդրությունը, որ ներկայացված է բոլոր մյուս բաժիններին, առողջապահական մասով ընդհանրապես չկա։ Ես համարում եմ, որ այստեղ ուղղակի ասելիք չկա, որովհետև առողջապահական փորձաքննություն որպես այդպիսին չի իրականացվում»,- նշեց նա՝ առանձնացնելով հիմնական խնդրահարույց կետերը։

 

Առողջապահական փորձաքննության բացակայությունը՝ 185 էջանոց փաստաթղթում

 

Օլեգ Դուլգարյանը մատնանշեց, որ բավականին ծավալուն՝ 185 էջանոց ՇՄԱԳ հաշվետվության մեջ մարդու առողջության վրա ազդեցության գնահատականը կազմում է ընդամենը 7-8 տող, որտեղ միայն ընդհանուր ձևակերպմամբ նշվում է, թե ամեն ինչ համապատասխանում է չափանիշներին։ Նրա խոսքով՝ նույնիսկ Առողջապահության նախարարության կողմից որևէ դիտողության կամ առաջարկության բացակայությունը վկայում է, որ իրական փորձաքննություն չի արվել։

«Այդպիսի բան հնարավոր չէ, որ գոնե ինչ-որ մի առաջարկություն չլինի։ Չի կարող առողջապահական բաղադրիչը 185 էջանոց հաշվետվության մեջ լինել 8 տող»,- ընդգծեց Դուլգարյանը։

ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի ներկայացուցիչն արձագանքեց, որ հաշվետվության մեջ ներկայացված են աղմուկի, մթնոլորտային օդի և թրթռման հաշվարկները, իսկ սանիտարապաշտպանիչ գոտին կազմում է 300 մետր, մինչդեռ մոտակա բնակավայրը գտնվում է 2 կմ հեռավորության վրա։ Դրան Դուլգարյանը հակադարձեց՝ նշելով, որ խոսքը միայն աղմուկի մասին չէ, այլ քիմիական բաղադրիչների ազդեցության, իսկ օրենքով սահմանված 50-մետրանոց սանիտարական գոտու նորմերն արդեն վաղուց օրենսդրական բաց են և վերանայման կարիք ունեն։

 

Դաշտային և խորքային ուսումնասիրությունների պահանջ

 

Ըստ Դուլգարյանի՝ երբ տարածաշրջանի բնակիչը (մասնավորապես Սուրենավանից) բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, իսկ ընկերության ներկայացուցիչը պնդում է, թե արտանետումները գյուղ չեն հասնում, բնակչին համոզելու համար անհրաժեշտ են ոչ թե նախագծողի խոսքերը, այլ պետության կողմից իրականացված լուրջ, դաշտային փորձաքննություններ։

«Մինչև նման խորքային, դաշտային փորձաքննություններ չիրականացվեն տարածաշրջանում, համայնքի բնակիչների համար նոր էկոլոգիական ծանրաբեռնվածություն ավելացնելն ավելորդ է։ Նախ պետք է հասկանանք՝ տարիներ շարունակ գործող պոչամբարն իսկապես ազդեցություն ունեցե՞լ է բնակչության վրա, թե՞ ոչ, ու շարունակենք այդ կետից»,- նշեց նա։

Արարատի համայնքապետարանի ներկայացուցիչն իր հերթին տեղեկացրեց, որ համայնքապետարանի և ընկերության պայմանավորվածությամբ ամեն տարի ազդակիր բնակավայրերի 300 բնակիչ անցնում է բժշկական հետազոտություն՝ դինամիկան հասկանալու համար, ինչպես նաև եռամսյակը մեկ 6 կետում իրականացվում է հողի, ջրի և օդի մոնիթորինգ։ Դուլգարյանը դրական համարեց, որ համայնքապետարանը ևս ընդունում է առողջապահական ռիսկերի առավել լուրջ ուսումնասիրության անհրաժեշտությունը։

 

Ցիանիդի կիրառման միջազգային փորձը և Կախանովի ջրանցքը

 

Անդրադառնալով ընկերության մասնագետների պնդումներին, թե ցիանիդն այնքան վտանգավոր չէ, որքան ներկայացվում է, Դուլգարյանը հիշեցրեց, որ աշխարհի մի շարք երկրներում ոսկու կորզման ոլորտում ցիանիդի կիրառումն ընդհանրապես արգելված է։ Բացի այդ, նա նշեց, որ Սուրենավանի բնակիչների բարձրացրած՝ Կախանովի ջրանցքի աղտոտվածության խնդիրը նույնպես կարող է ներառվել ընկերության սոցիալ-տնտեսական պարտավորությունների շրջանակում։

 

Դրամական փոխհատուցումը չի վերացնում առողջապահական ռիսկերը

 

Արձագանքելով Սյունիքի օրինակով ազդակիր բնակիչներին ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու առաջարկին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ գումար բաժանելը խնդրի լուծում չէ, քանի որ առողջապահական ռիսկերը դրանից չեն վերանում։

«Ես մտածում եմ, որ ավելի ճիշտ է, որպեսզի քաղաքացիներն իրենց սոցիալ-էկոլոգիական իրավունքները կարողանան պաշտպանել, պահանջատեր լինել, որովհետև երբ նման համագործակցություն է տեղի ունենում, պահանջատիրությունն էլ կարող է թուլանալ։ Ազդակիր բնակիչների և ընկերությունների միջև երկխոսությունը շատ կարևոր է, և այն պետք է լինի ուղիղ ձևաչափով, որպեսզի ռիսկերը կարողանան իջեցնել»,- եզրափակեց նա։

 

 

 

facebook sharing button facebook