
Սուրենավան գյուղի բնակիչ Խորեն Սիրավյանը հանրային քննարկման ընթացքում մտահոգություն հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից նախատեսվող նոր պոչամբարի կառուցման հնարավոր ազդեցության վերաբերյալ՝ հատկապես մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերի տեսանկյունից։ Կարծում է, որ նոր պոչամբարի կառուցումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի համայնքի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում արդեն գործող արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը։
Ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվում է՝ արդյոք գնահատվել է ծրագրի ազդեցությունը բնակիչների առողջության վրա, և ինչ չափով կարող են փոշու ու այլ աղտոտիչների արտանետումները հասնել Սուրենավան։
Մահացությունների և հիվանդությունների վերաբերյալ մտահոգություններ ունի։ Նշում է՝ վերջին շրջանում գյուղում հաճախակի են դարձել ուռուցքային հիվանդություններից մահվան դեպքերը։ ՇՄԱԳ հաշվետվության մեջ ներկայացված տվյալներով՝ գյուղում ծնելիության ցուցանիշը 90 է, իսկ մահացությանը՝ 123։ Տարածված են նաև սրտանոթային ու մաշկային հիվանդությունները։ «Մեկ ամիս առաջ ուռուցքից մահացավ հայրս։ 15 տարի է մաշկային հիվանդություններով, պսորիազով եմ տառապում և շատ են հիվանդություններ կան»,- ասում է Խորենը։
Ըստ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Մանան Նիկողոսյանի՝ Սուրենավանը գտնվում է հանքարդյունաբերական օբյեկտից բավական հեռու, և ընկերության գնահատմամբ՝ փոշու ազդեցությունը գյուղ չի հասնի։ Նա նշել է, որ փոշու տարածումը կանխելու նպատակով կիրառվելու են ջրցան միջոցառումներ, իսկ պոչամբարի դրենաժային ջրերը չեն կարող հասնել Կախանովի ջրանցք, քանի որ այն գտնվում է ավելի բարձր նիշի վրա։ Նիկողոսյանի խոսքով՝ ընկերությունն իրականացնում է մշտադիտարկումներ և մինչ այժմ աղտոտվածություն չի արձանագրել։
Խորեն Սիրավյանը բարձրացրեց նաև Սուրենավանի ջրանցքների և դրենաժային համակարգերի աղտոտվածության խնդիրը՝ մասնավորապես Կախանովի ջրանցքում կուտակված մեծ քանակությամբ կենցաղային աղբի խնդիրը։ Նրա խոսքով՝ բնակիչները ջրանցքների ջրերն օգտագործում են այգիների ոռոգման համար, ինչը լրացուցիչ մտահոգություն է առաջացնում գյուղատնտեսական արտադրանքի և բնակչության առողջության վերաբերյալ։
Համայնքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ ջրանցքների և դրենաժների մաքրման աշխատանքներ պարբերաբար իրականացվում են, սակայն ընդգծել է նաև բնակիչների կողմից աղբը ջրանցքներ թափելու խնդիրը։ Նա հավելել է, որ համայնքը և համապատասխան կառույցները շարունակում են աշխատել ջրային համակարգերի մաքրման և դրանց պատշաճ շահագործման ուղղությամբ։
Սիմոնյանն իր խոսքում ընդգծել է, որ իր հիմնական մտահոգությունը համայնքի բնակիչների առողջությունն է՝ ակնկալելով, որ նոր ծրագիրը չի հանգեցնի բնապահպանական խնդիրների խորացման և բացասական ազդեցության գյուղի բնակչության վրա։
