
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և գործող պոչամբարի տարածքում նոր բջջի կառուցման նախագիծը հանրային քննարկման առարկա է դարձել։ Նոյեմբերի 23-ին կայացած երկրորդ հանրային լսման ընթացքում բնակիչներն ու էկոակտիվիստները բարձրացրել են մի շարք հարցեր՝ սկսած տարածաշրջանում հիվանդությունների տարածվածությունից մինչև ՇՄԱԳ հաշվետվության անհամապատասխանություններ, կենսաբազմազանության պահպանություն և ջրային ռեսուրսների օգտագործում։
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ նախաձեռնող ընկերության և բնակիչների պատկերացումները նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունների վերաբերյալ էապես տարբերվում են։ Մինչ ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ արտադրական գործընթացը չի փոխվելու, իսկ նախատեսվող միջոցառումները թույլ կտան վերահսկել բնապահպանական ռիսկերը, բնակիչներն ու ակտիվիստները հարց էին բարձրացնում՝ արդյոք գործող ուսումնասիրությունները բավարար են նման եզրակացությունների համար։
Ի՞նչ է նախատեսվում իրականացնել
Նախագծով նախատեսվում է Արարատի գործող պոչամբարի տարածքում կառուցել նոր բջիջ, որը կօգտագործվի պոչերի վերամշակման գործընթացում։
Հանրային լսման ընթացքում ներկայացված տվյալներով՝ նոր պատվարի նախագծային բարձրությունը մոտ 20 մետր է, գագաթի լայնությունը՝ 14 մետր, իսկ բջջի նախատեսվող տարողությունը՝ մինչև 3,3 միլիոն խորանարդ մետր։
Ընկերության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ նախատեսվում է վերամշակել նախկինում կուտակված պոչերը՝ դրանցում մնացած օգտակար բաղադրիչները կորզելու նպատակով։ Վերամշակված նյութերը ժամանակավորապես կտեղադրվեն նոր բջջում, իսկ ազատվող տարածքները հետագայում կրկին կօգտագործվեն։
Ընկերությունը շեշտում է, որ ֆաբրիկայի գործող տեխնոլոգիական գործընթացը չի փոխվելու, իսկ նոր բջիջը նախատեսված է արտադրական գործընթացի կազմակերպման համար։
Շինարարության համար նախատեսված է վեց ամիս։ Ըստ ներկայացված հաշվետվության՝ նախատեսվում են փոշենստեցման, ջրային հոսքերի վերահսկման և շրջակա միջավայրի մշտադիտարկման միջոցառումներ։
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նախագիծը գտնվում է պետական փորձաքննության փուլում։ Առաջին հանրային լսումից հետո ստացված առաջարկություններն ու դիտողությունները փոխանցվել են ընկերությանը, իսկ վերամշակված հաշվետվությունը կրկին ներկայացվել է համապատասխան գերատեսչություններին։
Սակայն երկրորդ լսման ընթացքում հնչած հարցերը ցույց տվեցին, որ նախագծի մի շարք բաղադրիչների վերաբերյալ դեռևս կան պարզաբանման կարիք ունեցող խնդիրներ։
«Ես հույս ունեի, որ ցիանիդային պոչամբարը պետք է փակվի»
Քննարկման ընթացքում առաջինը մտահոգություններ բարձրացրեց Արմաշի բնակիչ, «Գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի բնակիչների համար գործող արդյունաբերական օբյեկտներն արդեն իսկ բնապահպանական և տնտեսական մտահոգությունների աղբյուր են։
«Ճիշտն ասած՝ ես հույս ունեի, որ ցիանիդային պոչամբարը պետք է փակվի, փոքրացվի, քանի որ մեր ծրագրերի մեջ ավելի շատ բնապահպանական ուղղությամբ տարածքի տուրիզմի և գյուղատնտեսության զարգացումն էր մտնում»,– նշեց նա։
Մաթևոսյանը պատմեց, որ տարիներ շարունակ փորձել են տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնել որպես էկոլոգիապես մաքուր, սակայն արդյունաբերական օբյեկտների առկայությունը խոչընդոտել է այդ նախաձեռնություններին։ Նա նաև հարց բարձրացրեց պոչամբարի տարածքում թռչունների անկման դեպքերի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նախկինում կիրառվել են հատուկ միջոցներ՝ թռչուններին պոչամբարի ջրային մակերևույթից հեռացնելու համար։
Ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ պոչամբարի տարածքում թռչունների անկման դեպքեր եղել են, սակայն դրանք բացատրեց նաև պոչերի զանգվածի ֆիզիկական հատկություններով՝ նշելով, որ թռչունները կարող են հայտնվել զանգվածի մեջ և խեղդվել։ Նրա խոսքով՝ ընկերությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել թռչունների մուտքը պոչամբարի տարածք կանխելու համար։
Մաթևոսյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ պոչամբարի հարակից տարածքներում արածում են կենդանիներ, մարդիկ հավաքում են բույսեր, իսկ տարածաշրջանի ոռոգման համակարգերը գտնվում են արդյունաբերական օբյեկտների հարևանությամբ։
Նա առաջարկեց տարածաշրջանում լրացուցիչ ներդրումներն ուղղել ոչ թե արդյունաբերական գործունեության ընդլայնմանը, այլ էկոտուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանը։
Քննարկման ընթացքում բարձրացվեց նաև Արմաշի և հարակից տարածքների կենսաբազմազանության պահպանության հարցը։ Մաթևոսյանը հիշեցրեց, որ տարածաշրջանն ունի միջազգային բնապահպանական նշանակություն, և աշխատանքներ են իրականացվում դրա պահպանության կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։
Սակայն նախարարության ներկայացուցչին ուղղված հարցը, թե ինչպես են նախատեսվող աշխատանքները համադրվում տարածքի պահպանության նախաձեռնությունների հետ, ըստ էության չքննարկվեց։ Հարցը որակվեց որպես տվյալ լսման շրջանակներից դուրս գտնվող։
Կարմիր գրքի տեսակներ, բայց պահպանության ի՞նչ միջոցառումներ
Հանրային լսման ընթացքում ՇՄԱԳ հաշվետվության բովանդակային անհամապատասխանություններին անդրադարձավ նաև էկոակտիվիստ, Կանաչ խորհուրդների դաշնության անդամ Վարդուհի Բարսեղյանը։ Նա նշեց, որ ուսումնասիրել է շուրջ 180 էջանոց փաստաթուղթը և առանձնացրել մի շարք հարցեր, որոնք, իր գնահատմամբ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։
Առաջին հարցը վերաբերում էր նախագծի տարածքում հայտնաբերված կամ հնարավոր հանդիպող բուսատեսակներին։ Բարսեղյանի խոսքով՝ հաշվետվության մեջ հիշատակվում են Հայաստանի, Անդրկովկասի և Կովկասի տարածաշրջանային էնդեմիկ բույսեր, սակայն դրանց պահպանության կամ անհրաժեշտության դեպքում տեղափոխման հստակ ծրագիր ներկայացված չէ։
«Ուղղակի փաստ է արձանագրված, որ այսինչ տեսակները գտնվել են։ Բայց հետո ի՞նչ պետք է արվի։ Ուղղակի տրակտորով վարել, վերջացնե՞լ, թե՞ ինչ-որ ծրագիր կա պահպանության վերաբերյալ»,– հարցրեց նա։
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Բնության հատուկ պահպանվող տարածքների համապատասխան մասնագիտական կառույցի կարծիքով՝ ներկայացված կոորդինատներում Կարմիր գրքում գրանցված որոշ բուսական և կենդանական տեսակներ կարող են հանդիպել, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրանք փաստացի առկա են անմիջապես շինարարության տարածքում։
Նրա խոսքով՝ համապատասխան դիտողությունները փոխանցվել են ընկերությանը՝ հաշվետվության մեջ լրացումներ կատարելու համար։ Բարսեղյանը, սակայն, պնդեց, որ հաշվետվության մեջ կան ձևակերպումներ հենց հետազոտվող տարածքում հայտնաբերված տեսակների վերաբերյալ։
Այսպիսով, քննարկման ընթացքում չհստակեցվեց հիմնական հարցը՝ արդյոք նախագծի իրականացման տարածքում արդեն հայտնաբերված արժեքավոր տեսակների համար նախատեսված են պահպանության կոնկրետ գործողություններ, և ինչ մեխանիզմով է ապահովվելու դրանց իրականացումը։
Վեց անգամ ջրցան, բայց հաշվարկը՝ երեքի համա՞ր
Վարդուհի Բարսեղյանի հաջորդ դիտարկումը վերաբերում էր փոշենստեցման համար օգտագործվող ջրի ծավալներին։ Նրա խոսքով՝ հաշվետվության մի հատվածում նշվում է, որ շինարարության ընթացքում նախատեսվում է օրական վեց անգամ ջրցան իրականացնել, մինչդեռ ջրի պահանջարկի հաշվարկներում, ըստ նրա, կիրառվել է երեքանգամյա ջրցանի ցուցանիշ։
«Գրված է, որ երեք հատ է օգտագործվելու, օրական վեց անգամ ջրցան է արվելու վեց ամսվա ընթացքում, բայց փոշենստեցման ջրի ծավալի հաշվարկը արված է երեք անգամով»,– նշեց նա։
Ընկերության ներկայացուցիչները փորձեցին տարբերակել շինարարության և շահագործման փուլերի ջրօգտագործման հաշվարկները, սակայն քննարկման ընթացքում այդ անհամապատասխանության վերաբերյալ հստակ, թվային համադրում չներկայացվեց։
Ակտիվիստը հարցը կապեց նաև տարածաշրջանի ջրային ռեսուրսների կառավարման հետ։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՇՄԱԳ հաշվետվության սոցիալ-տնտեսական բաժնում մի շարք բնակավայրերի առաջնահերթ խնդիրների թվում նշված է ոռոգման կամ խմելու ջրի հասանելիությունը։ Արարատի համայնքապետարանի ներկայացուցիչները հակադարձեցին՝ պնդելով, որ համայնքի ոռոգման խնդիրները հիմնականում լուծված են։
Բարսեղյանը, իր հերթին, առաջարկեց այդ դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՇՄԱԳ հաշվետվության մեջ, որպեսզի փաստաթղթում ներկայացված սոցիալ-տնտեսական պատկերը համապատասխանի համայնքապետարանի ներկայացրած իրավիճակին։
Այս քննարկումը վեր հանեց ավելի լայն հարց՝ որքանո՞վ են ՇՄԱԳ հաշվետվության սոցիալական և բնապահպանական բաժինները փոխկապակցված, և արդյոք նախատեսվող ջրօգտագործման ծավալները գնահատվել են նաև տարածաշրջանի այլ կարիքների համատեքստում։
Տնտեսական վնասը հաշվարկվում է, բայց ֆինանսական պարտավորություն չի առաջացնում
Քննարկման ընթացքում բարձրացվեց նաև շրջակա միջավայրին հասցվող տնտեսական վնասի գնահատման մեթոդաբանության հարցը։ Բարսեղյանը մատնանշեց, որ հաշվետվության մեջ հաշվարկված է տնտեսական վնասի գումարային արտահայտությունը, սակայն միաժամանակ նշված է, որ այդ հաշվարկը ընկերության համար ինքնին ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։
Ընկերության ներկայացուցիչը պարզաբանեց, որ նման հաշվարկը կատարվում է գործող կարգավորումների պահանջով և նախատեսված է հնարավոր ազդեցությունը գնահատելու, ոչ թե հաշվարկված գումարն անմիջապես վճարելու համար։ Նրա խոսքով՝ բնապահպանական միջոցառումների իրական ծախսերը կարող են նույնիսկ գերազանցել հաշվարկված վնասի գումարը։
Այդուհանդերձ, քննարկման ընթացքում բաց մնաց հարցը, թե ինչպես է հաշվարկված տնտեսական վնասը վերածվում կանխարգելման, մեղմման կամ վերականգնման կոնկրետ միջոցառումների, և ինչ չափանիշներով է գնահատվելու դրանց արդյունավետությունը։
Մեկ այլ հարց վերաբերում էր նոր պատվարի կայունությանը։ Բարսեղյանը հետաքրքրվեց, թե ինչու է նախագծում նախատեսվում շահագործման որոշակի փուլից հետո լրացուցիչ կայունության գնահատում իրականացնել։
Ընկերության ներկայացուցիչը պարզաբանեց, որ դա դիտարկվում է որպես անվտանգության մշտադիտարկման միջոցառում։ Ըստ նրա՝ մինչև պատվարի հետագա բարձրացումը անհրաժեշտ է նորից գնահատել դրա կայունությունը և համոզվել, որ լրացուցիչ բարձրացումն անվտանգ է։
«Ինձ մտահոգում է՝ ինչ ազդեցություն կունենա մեր առողջության վրա»
Հանրային լսման ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում էր տարածաշրջանի բնակիչների առողջությանը։ Սուրենավանի բնակիչ Խորեն Սիրանյանը պատմեց, որ գյուղում նկատում է առողջական խնդիրների և մահացությունների բարձր մակարդակ, և մտահոգված է, թե նոր գործունեությունն ինչպես կարող է անդրադառնալ բնակիչների վրա։
Նա խոսեց նաև սեփական ընտանիքի առողջական խնդիրների և հոր մահվան մասին։ «Ինձ մտահոգում է՝ արդյոք այդ կառուցվելիքը մեր՝ սուրենավանցիների առողջության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ»,– հարցրեց բնակիչը։
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ Սուրենավանը գտնվում է արտադրական տարածքից այնպիսի հեռավորության վրա, որտեղ, ըստ իրենց գնահատման, նախատեսվող գործունեության փոշու ազդեցությունը չի հասնի բնակիչներին։
Սակայն բնակիչը շեշտեց, որ իր մտահոգությունները չեն սահմանափակվում միայն փոշով։ Նա բարձրացրեց նաև տարածաշրջանի ջրանցքների աղտոտվածության, դրենաժային համակարգերի անբավարար վիճակի և գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցերը։
Համայնքապետարանի ներկայացուցիչները պնդեցին, որ ջրանցքների և դրենաժային համակարգերի մաքրման աշխատանքներ պարբերաբար իրականացվում են, իսկ առկա խնդիրների մի մասը պայմանավորված է նաև բնակիչների կողմից աղբ թափելու հանգամանքով։
Սուրենավանի բնակիչը, սակայն, շարունակեց պնդել, որ իր բնակավայրում կան չլուծված խնդիրներ։ Բնակչի բարձրացրած հարցերը ցույց տվեցին, որ նոր արդյունաբերական նախագծի հնարավոր ազդեցությունները բնակիչները դիտարկում են արդեն գոյություն ունեցող բնապահպանական խնդիրների համատեքստում։
Առողջության ազդեցության գնահատմանը՝ ընդամենը մի քանի տո՞ղ
Իրավապաշտպան, էկոակտիվիստ Օլեգ Դուլգարյանը քննադատեց ՇՄԱԳ հաշվետվության առողջապահական բաղադրիչը։ Նրա խոսքով՝ շուրջ 185 էջանոց փաստաթղթում մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունների գնահատմանը հատկացված է ընդամենը մի քանի տող։ «Մենք կարող ենք վստահաբար ասել, որ առողջապահական փորձաքննություն որպես այդպիսին չի իրականացվում։ Միգուցե ինչ-որ կարծիքներ են ստացվում, բայց այն բծախնդրությունը, որով ներկայացված են մյուս բաժինները, առողջապահական մասով ընդհանրապես չկա»,– նշեց Դուլգարյանը։
Նա շեշտեց, որ աղմուկի, փոշու և այլ բնապահպանական գործոնների հաշվարկները չեն կարող ամբողջությամբ փոխարինել բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների խորքային գնահատմանը։
Ըստ նրա՝ հատկապես երկար տարիներ արդյունաբերական գործունեություն իրականացվող տարածաշրջանում անհրաժեշտ են դաշտային հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալու ոչ միայն առանձին նախագծի, այլև կուտակային ազդեցությունների պատկերը։ «Որտեղ կա աղտոտման ռիսկ, այնտեղ ոչինչ չենք կարող բացառել։ Քաղաքացու մտահոգությունները և ռիսկերը իրավունք ունեն քննարկվելու, որովհետև նա ազդակիր բնակիչ է»,– ընդգծեց Դուլգարյանը։
Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է ունենա բնակչության առողջության վրա արդյունաբերական գործունեության ազդեցությունը գնահատելու անկախ և գիտականորեն հիմնավորված մեխանիզմներ։ Նախարարության ներկայացուցիչը հակադարձեց՝ նշելով, որ ՇՄԱԳ հաշվետվությունն ուսումնասիրվում է տարբեր մասնագիտական կառույցների կողմից, այդ թվում՝ Առողջապահության նախարարության։ Նրա փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունը նախագծի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ չի ներկայացրել։
Դուլգարյանն այդ հանգամանքը ևս մտահոգիչ համարեց՝ հարց բարձրացնելով, թե արդյոք դիտողությունների բացակայությունը կարող է բավարար հիմք լինել առողջապահական ռիսկերի ամբողջական գնահատման մասին եզրակացնելու համար։ Նա հիշեցրեց նաև, որ նախկինում քննարկվել են արդյունաբերական գործունեության ազդեցության գնահատման առավել խորքային մեխանիզմներ, սակայն դրանք, ըստ նրա, դեռևս լիարժեք չեն գործարկվել։
Դուլգարյանի հիմնական պահանջն այն էր, որ մինչև նոր արդյունաբերական ծանրաբեռնվածության ավելացումը պետությունը պետք է ունենա տարածաշրջանի բնակչության առողջության և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ բավարար, անկախ հետազոտական տվյալներ։
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ արդեն մեկնարկել է տարածաշրջանի բնակչության առողջական վիճակի ուսումնասիրության ծրագիր։ Նրանց խոսքով՝ նախատեսվում է հետազոտել շուրջ 300 մարդու, իսկ հետագա տարիներին կրկնել նույն մասնակիցների հետազոտությունները՝ ներգրավելով նաև նոր բնակիչների։ Ծրագրի նպատակն է հետևել առողջական ցուցանիշների փոփոխություններին և հնարավոր ազդեցությունների դինամիկային։
Ներկայացվեց նաև, որ ուսումնասիրություններին ներգրավվում են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, իսկ առողջական խնդիրներ ունեցող բնակիչների համար քննարկվում են բուժօգնության և դեղորայքի հասանելիության աջակցության մեխանիզմներ։ Համայնքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ տարածաշրջանում իրականացվում են նաև հողի, ջրի և օդի պարբերական մշտադիտարկումներ։ Ըստ նրա՝ նախատեսվում է ավելացնել դիտարկման կետերի թիվը՝ հասցնելով վեցի։
Սակայն առողջապահական ուսումնասիրությունների նախաձեռնման փաստը դեռևս չի պատասխանում Դուլգարյանի բարձրացրած հիմնական հարցին՝ արդյոք դրանք կարող են փոխարինել պետական անկախ գնահատմանը, և ինչ մեթոդաբանությամբ են առանձնացվելու տարբեր արդյունաբերական աղբյուրների հնարավոր ազդեցությունները։
Առավել ևս, որ տարածաշրջանում գործում են մի շարք արտադրական օբյեկտներ, և բնակչության առողջական վիճակի վրա հնարավոր ազդեցությունների գնահատումը պահանջում է դրանց համակցված ուսումնասիրություն։
Փոխհատուցո՞ւմ, թե՞ առողջության պաշտպանության համակարգային երաշխիքներ
Քննարկման ընթացքում Արարատ համայնքի ավագանու անդամ Վահե Հարությունյանը բարձրացրեց նաև ազդակիր բնակավայրերի բնակիչներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ Նա հետաքրքրվեց, թե ինչու Արարատի տարածաշրջանում չի քննարկվում այնպիսի մոտեցում, ինչպիսին, ըստ նրա, կիրառվում է Սյունիքի մարզում՝ պոչամբարի հարակից որոշ բնակավայրերի բնակիչներին պարբերական դրամական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով։
Ընկերության և համայնքապետարանի ներկայացուցիչները պատասխանեցին, որ տարբեր բնակավայրերի իրավիճակները նույնական չեն, իսկ իրենք նախընտրում են միջոցներն ուղղել բնակիչների առողջապահական խնդիրների լուծմանը։
Ընկերության ներկայացուցիչներից մեկը նշեց, որ բոլոր բնակիչներին գումար բաժանելու փոխարեն ավելի նպատակահարմար են համարում աջակցել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանը և դեղորայքի ձեռքբերմանը։
Դուլգարյանն իր հերթին նկատեց, որ դրամական փոխհատուցումը չի վերացնում հնարավոր առողջապահական ռիսկերը։ Նրա խոսքով՝ առավել կարևոր է, որ բնակիչները կարողանան պաշտպանել իրենց սոցիալ-էկոլոգիական իրավունքները և ընկերությունների հետ իրական երկխոսության մեջ մտնել։ «Եթե մի կողմն ասում է՝ դու ինձ վնասում ես, մյուսն ասում է՝ չեմ վնասում, երկխոսություն չի լինելու»,– նշեց նա։
Այս քննարկումն առանձնացրեց ևս մեկ սկզբունքային հարց. արդյունաբերական գործունեության հարակից համայնքներում սոցիալական աջակցությունը որքանո՞վ կարող է լրացնել բնապահպանական և առողջապահական ռիսկերի կանխարգելման պարտավորությունները, և որտեղ է ավարտվում սոցիալական պատասխանատվությունը ու սկսվում բնակիչների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Հանրային լսումը՝ որպես մասնակցության հնարավորություն, թե՞ ձևական ընթացակարգ
Քննարկման ընթացքում մի քանի անգամ տարաձայնություններ առաջացան նաև այն հարցի շուրջ, թե բարձրացված որ խնդիրներն են անմիջականորեն վերաբերում նախագծին։ Երբ բնակիչներն անդրադառնում էին տարածաշրջանի ընդհանուր բնապահպանական վիճակին, ջրանցքների աղտոտվածությանը, էկոտուրիզմի զարգացմանը կամ նախկին հանրային լսումների ընթացքին, քննարկումը վարողներն առաջարկում էին վերադառնալ միայն ներկայացված նախագծին։
Սակայն ակտիվիստների դիրքորոշումն այն էր, որ պոչամբարի նոր բջջի կառուցումը չի կարող դիտարկվել տարածաշրջանի երկարամյա արդյունաբերական գործունեությունից և դրա հնարավոր կուտակային ազդեցություններից առանձնացված։
Վահե Հարությունյանը հիշեցրեց նաև 2021 թվականին ֆաբրիկայի արտադրողականության ավելացման վերաբերյալ հանրային լսումները՝ հարց բարձրացնելով նախկին քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին։ Ընկերության և համայնքապետարանի ներկայացուցիչները չհամաձայնեցին նրա ներկայացրած մեկնաբանությանը՝ պնդելով, որ նախկին գործընթացներն իրականացվել են օրենքի պահանջներին համապատասխան։ Այդ տարաձայնությունը ևս ցույց տվեց, որ հանրային մասնակցության վերաբերյալ կողմերի պատկերացումները տարբեր են։
Մի կողմից՝ հանրային լսումը դիտարկվում է որպես կոնկրետ նախագծի վերաբերյալ հարցեր և առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգ։ Մյուս կողմից՝ բնակիչների համար այն նաև հնարավորություն է բարձրաձայնելու տարիներով կուտակված խնդիրները, որոնց լուծման համար այլ արդյունավետ հարթակներ միշտ չէ, որ հասանելի են։
Ի՞նչ հարցեր մնացին բաց
Նոյեմբերի 23-ի հանրային լսման ընթացքում ընկերության ներկայացուցիչները բազմիցս շեշտեցին, որ նոր բջջի կառուցումը չի ենթադրում ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացի փոփոխություն, և ներկայացված բնապահպանական միջոցառումները նախատեսված են հնարավոր ազդեցությունները վերահսկելու համար։ Սակայն տեխնոլոգիայի անփոփոխ լինելը ինքնին չի նշանակում, որ նոր շինարարական աշխատանքները, պոչերի տեղափոխումը և վերամշակումը լրացուցիչ ազդեցություններ չեն կարող առաջացնել։
Քննարկման ավարտին մի շարք հարցեր դեռևս պահանջում էին առավել հստակ պատասխաններ։ Մասնավորապես՝ ինչպե՞ս են վերացվելու ՇՄԱԳ հաշվետվության մեջ մատնանշված հնարավոր անհամապատասխանությունները, ի՞նչ միջոցառումներ են նախատեսված արժեքավոր բուսական և կենդանական տեսակների պահպանության համար, որքանո՞վ են հիմնավորված ջրօգտագործման հաշվարկները, և ինչպե՞ս է գնահատվելու տարածաշրջանի բնակիչների առողջության վրա արդյունաբերական գործունեության հնարավոր կուտակային ազդեցությունը։
Առանձին հարց է նաև այն, թե արդյոք նախաձեռնող ընկերության կողմից կազմակերպվող առողջապահական հետազոտությունները բավարար են անկախ պետական գնահատման անհրաժեշտությունը լրացնելու համար։
Հանրային լսման ընթացքում հնչած հարցերի հիմնական առանցքը. բնակիչներն ու ակտիվիստները, ըստ էության, պահանջում էին պարզել՝ ինչ վիճակում են այսօր տարածաշրջանի շրջակա միջավայրն ու բնակչության առողջությունը, և ինչ գիտական հիմքերով է պետությունը գնահատում նոր գործունեության թույլատրելիությունը։
Նախագծի վերաբերյալ վերջնական պետական փորձաքննական եզրակացությունը դեռ պետք է տրվի։ Այժմ էական է, թե հանրային լսման ընթացքում բարձրացված հարցերից որոնք կարտացոլվեն վերամշակված փաստաթղթերում, ինչ լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվեն և որքանով դրանց արդյունքները հասանելի կլինեն հենց այն բնակիչներին, որոնց կյանքի միջավայրի վերաբերյալ որոշում է կայացվում։
