
«Ես հույս ունեի, որ ցիանային պոչամբարը կփոքրացվի, կփակվի, քանի որ մեր ծրագրերի մեջ ավելի շատ բնապահպանական մասով տարածքի տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացումն է մտնում»,- «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից նոր պոչամբարի ստեղծման հնարավոր ազդեցության վերաբերյալ հանրային լսմանը մտահոգություն հայտնեց «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մաթևոսյանը՝ մատնանշելով շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և բնակիչների առողջության վրա հնարավոր ազդեցությունները։
Ասում է՝ տարիներ շարունակ պոչամբարի և արդյունաբերական արտանետումների ազդեցությունը խոչընդոտել է գյուղատնտեսական արտադրանքը որպես էկոլոգիապես մաքուր ներկայացնելուն։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում առաջնահերթ պետք է լինեն գյուղատնտեսության, զբոսաշրջության և էկոտուրիզմի զարգացումը, ոչ թե հանքարդյունաբերության ընդլայնումը։
Ընկերության ներկայացուցչի հավաստմամբ՝ ցիանիդի արտահոսքի վտանգ չկա, նոր պոչամբարը նախատեսվում է կառուցել փոքր ծավալով, գեոմեմբրանային պաշտպանիչ շերտով, դրենաժային և վերահսկողության համակարգերով։
Տիգրան Մաթևոսյանին սակայն այս հավաստիացումները համոզիչ չի համաում։ Ասում է՝ պոչամբարի հարակից տարածքներում արածում են կենդանիներ, մարդիկ հավաքում են խոտաբույսեր, իսկ մոտակայքով անցնող Կախանովի ջրանցքի ջրերով ոռոգվում են տարածաշրջանի այգիները։ Տիգրան Մաթևոսյանը մատնանշում է չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից Սուրենավանի և Արարատի բնակիչներից վերցված նմուշների հետազոտությունները՝ որոնցում հայտնաբերվել էին ծանր մետաղներ։
Դրա համար հորդորում է ընկերությանը ներդրումներն ուղղել տարածաշրջանի զբոսաշրջության և էկոտուրիզմի զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ նախաձեռնություններին։
