
2026 թվականի նոյեմբերի 23-ին, պաշտոնապես տրվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Այդ առիթով հատուկ ուղերձներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները»,- իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մեղրի համայնքում աշխատանքներ են սկսվել մի քանի հատվածներում։ Հատուկ տեխնիկայով իրականացվում են ճանապարհի հարթեցման և քարերի մաքրման աշխատանքներ։ Նախապատրաստական փուլին հաջորդելու են հիմնական շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկի հստակ ժամկետ չի նշվել։
Փաշինյանն իր ուղերձում հիշեցրել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը, որի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրով նախատեսվել էր TRIPP-ի իրականացումը։ Վարչապետի խոսքով՝ նախագիծը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ հաղորդակցությունների ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգման հիման վրա։
Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովումից բացի, TRIPP-ը հնարավորություն կտա զարգացնել Հայաստանի ներպետական կապերը, ընդլայնել արտաքին շուկաների հասանելիությունը և խթանել ներդրումները։
Փաշինյանի գնահատմամբ՝ նախագիծն առանձնահատուկ նշանակություն կունենա Սյունիքի մարզի տնտեսական զարգացման համար։ Նրա խոսքով՝ TRIPP-ը կնպաստի նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը՝ մեծացնելով երկրի միջազգային նշանակությունը և ընդլայնելով Հայաստանի կայունությամբ շահագրգիռ գործընկերների շրջանակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագծի պաշտոնական մեկնարկի առիթով հղած տեսաուղերձում շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նրա աշխատանքի համար․ «Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերությունը տարածաշրջանում նոր առևտրային ուղիներ կստեղծի ապրանքների և էներգակիրների փոխադրման, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի համար։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ապահովել նախագծի հաջող իրականացումը։ Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցության համար, ինչպես նաև իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու կապակցությամբ։
ԱՄՆ նախագահը նաև Փաշինյանին հրավիրել է 2027 թվականին Սպիտակ տուն՝ Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով նրա նախատեսվող այցի ընթացքում։«Կցանկանայի նաև վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կարող են քննարկել տարածաշրջանային խաղաղության առաջմղման և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցերը։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև «TRIPP զարգացման ընկերության» մեկնարկին՝ ընդգծելով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության նշանակությունը։ TRIPP նախագիծը նախատեսված է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրած համատեղ հռչակագրով։
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։
2026-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել զարգացման ընկերություն, որի բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ Հայաստանին։ Նոյեմբերի 19-ին կառավարությունը հաստատել էր նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ որոշումը, որը ներառում է տարածքի բացազատման և մաքրման աշխատանքները։
Նոյեմբերի 23-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ խաղաղության առաքելություններով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների ուսումնասիրությունների արդյունքները, շինարարության նախապատրաստումը և «TRIPP զարգացման ընկերության» հիմնադրման ընթացքը։
Կողմերը կարևորել են ընկերության բաժնետիրական համաձայնագրի ու կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտը։ Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց բովանդակությունը կառավարությունից դեռևս չեն մանրամասնում։
