
Նոյեմբերի 22-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր՝ Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասում բնակելի շենքի փլուզման զոհերի հիշատակին․ կառավարության որոշմամբ երկրի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները։
Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 19-ի առավոտյան հինգհարկանի շենքում բնական գազի կուտակումից առաջացած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա, իսկ հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել երեք տարեկան երեխայի, որի կյանքին վտանգ չի սպառնում։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ փրկարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, իսկ տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։
Ազատություն
