
Հայաստանում շարունակվում է հակաSLAPP օրենսդրության ընդունման պահանջով ստորագրահավաքը, որի նպատակն է ապահովել հանրային շահը պաշտպանող քաղաքացիների, բնապահպանների, իրավապաշտպանների և լրագրողների պաշտպանությունը հանրային գործունեության ու արտահայտած կարծիքների համար նրանց դեմ ներկայացվող դատական հայցերից։
Ստորագրահավաքն իրականացվում է «Հանրային ձայնի երաշխիք» հանրային արշավի շրջանակում, որը հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ։
Արշավի հիմնական պահանջն ուղղված է ՀՀ կառավարությանը և Արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում մշակել և ընդունել հակաSLAPP օրենսդրություն, որը կկանխի դատական գործընթացների օգտագործումը հանրային մասնակցությունը սահմանափակելու և քննադատական ձայները լռեցնելու նպատակով։
Ի՞նչ են SLAPP հայցերը և ինչո՞ւ է անհրաժեշտ դրանց դեմ օրենսդրական պաշտպանություն
SLAPP-ը (Strategic Lawsuit Against Public Participation) անգլերեն հապավում է, որը նշանակում է «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայց»։
Խոսքը դատական հայցերի մասին է, որոնք կարող են ներկայացվել հանրային նշանակության հարցերի շուրջ դիրքորոշում արտահայտող, որոշումներ քննադատող կամ հանրային շահի պաշտպանությանն ուղղված գործունեություն իրականացնող անձանց դեմ։
Նման հայցերի հիմնական նպատակը պարտադիր չէ, որ լինի դատական վեճում հաղթելը։ Դրանք կարող են օգտագործվել նաև որպես ճնշման միջոց՝ պատասխանողին ներգրավելով երկարատև և ծախսատար դատական գործընթացներում, սահմանափակելով նրա ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները և մյուս քաղաքացիներին հետ պահելով հանրային հարցերի շուրջ ակտիվ մասնակցությունից։
Հայաստանում SLAPP բնույթի դատական հայցերի խնդրին առնչվել են բնապահպաններ, էկոակտիվիստներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։ Նման գործերը հատկապես մտահոգիչ են այն դեպքերում, երբ դատական վեճի առարկան հանրային նշանակության հարցերի վերաբերյալ արտահայտված քննադատությունն է։
Արշավի նախաձեռնողների գնահատմամբ՝ խնդիրը չի սահմանափակվում առանձին անձանց նկատմամբ ներկայացված հայցերով։ Այն առնչվում է հանրային մասնակցության ավելի լայն միջավայրին՝ քաղաքացիների՝ իրենց համայնքներում իրականացվող ծրագրերի, բնապահպանական ռիսկերի և հանրային որոշումների վերաբերյալ ազատ արտահայտվելու հնարավորությանը։
Ինչպե՞ս մեկնարկեց «Հանրային ձայնի երաշխիք» արշավը
«Հանրային ձայնի երաշխիք» արշավը մեկնարկեց 2026 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Երևանում կազմակերպված հանրային գործողություններով։
Մեկնարկային միջոցառումները սկսվեցին Ազատության հրապարակից, որտեղ արշավի մասնակիցները բարձրաձայնեցին հանրային գործունեության համար դատական հետապնդումների խնդիրը և հակաSLAPP օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը։
Նույն օրը նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպեցին ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի պաշտպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստի հետ՝ ներկայացնելով Հայաստանում հանրային շահի պաշտպանության ընթացքում առաջացող իրավական խնդիրները և արշավի նպատակները։
Այնուհետև նախաձեռնության մասնակիցները ՀՀ արդարադատության նախարարություն փոխանցեցին հակաSLAPP օրենսդրության ընդունման վերաբերյալ իրենց պահանջը։
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց նաև ստորագրահավաքը։ Նախաձեռնության հրապարակած տվյալներով՝ առաջին երեք ժամվա ընթացքում պահանջին միացել էր ավելի քան 100 քաղաքացի։
Արշավի մեկնարկը համընկավ Հայաստանում COP17 միջազգային բնապահպանական համաժողովի անցկացման օրերի հետ։ Նախաձեռնողները փորձեցին միջազգային բնապահպանական քննարկումների ուշադրությունը հրավիրել նաև Հայաստանում բնապահպանական որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության և նրանց իրավունքների պաշտպանության խնդիրների վրա։
Հանրային քննարկումներ և իրազեկման գործողություններ
Արշավի շրջանակում կազմակերպվել են նաև հանրային քննարկումներ, մամուլի ասուլիսներ և իրազեկման գործողություններ։
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացմանը հանրային մասնակցության սահմանափակումները Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիս-քննարկումը։ Բանախոսներն անդրադարձան դատական հայցերի միջոցով հանրային մասնակցության սահմանափակման ռիսկերին, բնապահպանական որոշումների կայացման գործընթացներին և հակաSLAPP իրավական մեխանիզմների անհրաժեշտությանը։
Հոկտեմբերի 24-ին COP17-ի Կապույտ գոտում իրականացվեց խորհրդանշական բողոքի գործողություն, որի ընթացքում մասնակցի ոտքին կապված քարը ներկայացնում էր դատական հայցերի՝ հանրային գործունեության վրա ունեցած ծանրաբեռնող ազդեցությունը։
Արշավի ընթացքում Մաշտոցի պուրակում կազմակերպվեցին նաև բացօթյա քննարկումներ՝ խոսքի ազատության, հանրային քննադատության, դատական հայցերի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Այս գործողությունների միջոցով նախաձեռնողները փորձել են SLAPP-ի խնդիրը մասնագիտական ու իրավական քննարկումներից տեղափոխել ավելի լայն հանրային դաշտ՝ բացատրելով, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նման հայցերը ոչ միայն առանձին ակտիվիստների կամ լրագրողների, այլև հանրային կյանքին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացու վրա։
Ի՞նչ են պահանջում նախաձեռնողները
«Հանրային ձայնի երաշխիք» արշավի շրջանակում ներկայացված պահանջները ներառում են՝
- Հայաստանում հակաSLAPP օրենսդրության մշակումն ու ընդունումը, որը կապահովի քաղաքացիների պաշտպանությունը հանրային մասնակցության դեմ ուղղված չարաշահող դատական հայցերից։
- Օրենսդրական գործընթացի հստակ ժամանակացույցի հրապարակումը։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավական փորձագետների, համայնքների ներկայացուցիչների և նման հայցերից տուժած անձանց մասնակցությունը օրենսդրական լուծումների մշակմանը։
- Գործընթացի թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովումը։
Նախաձեռնության նպատակն է ստեղծել իրավական երաշխիքներ, որոնց պայմաններում քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել հանրային նշանակության խնդիրները, քննադատել որոշումները և պաշտպանել հանրային շահը՝ առանց չարաշահող դատական հայցերի միջոցով լռեցվելու վտանգի։
Ստորագրահավաքը շարունակվում է
Թեև արշավի մեկնարկային հանրային գործողություններն արդեն տեղի են ունեցել, հակաSLAPP օրենքի ընդունման պահանջով ստորագրահավաքը շարունակվում է մինչև 2026 թվականի ավարտը։
Հավաքագրված ստորագրությունները նպատակ ունեն ցույց տալու օրենսդրական փոփոխությունների նկատմամբ հանրային պահանջը և նպաստելու, որ խնդիրը ներառվի պետական մարմինների օրակարգում։
Նախաձեռնողները քաղաքացիներին կոչ են անում միանալ պահանջին և տարածել ստորագրահավաքի մասին տեղեկատվությունը։
Ստորագրահավաքին կարելի է միանալ հետևյալ հղումով;
