
Իրաապաշտպան Օլեգ Դուլգարյանի ֆեսյբուքյան գրառումը․
Անթույլատրելի է բնապահպանական որոշումներին վերաբերող հարցերը Երևանի ավագանու նիստերի օրակարգերում, ընդգրկել ավագանու կողմից քվեարկության «Առանց զեկուցման» հարցերի շրջանակում։
Այս մոտեցումը պետք է փոխվի։
Այսօր՝ 18.11.2026-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցան «Էպօքսիդային պրեպրեգների արտադրություն սկսելու վերաբերյալ» հանրային առաջին լսումները՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի։
Շատ չանդրադառնամ քննարկված խնդիրների լայն շրջանակին, միայն նշեմ, որ հանրային լսման բոլոր մասնակիցները՝ համայնքի բնակիչները, ակտիվիստները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, միանշանակ դեմ արտահայտվեցին նման արտադրությանը բնակելի հատվածին մոտ՝ բարձրաձայնելով բնապահպանական և առողջապահական ռիսկերի մասին։
Լսմանը ներկա էին Երևանի մի խումբ ավագանու անդամներ, ովքեր նշեցին, որ նման լսումներից հետո նման հարցերն ընդգրկվում են Երևանի ավագանու նիստերի օրակարգում՝ առանց զեկուցման ձևաչափով։
Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է արձանագրել, որ անթույլատրելի է համայնքի բնակիչների առողջությանը և շրջակա միջավայրին վերաբերող հարցերին անդրադառնալ առանց զեկուցման։ Դա նոնսենս է, այն էլ՝ օդի որակի նման խնդիրներ ունեցող համայնքում։
Եթե բնապահպանական ՇՄԱԳ գործընթացներին վերաբերող հարցերն իսկապես ավագանու նիստերին քվեարկության են դրվում առանց զեկուցման, ապա դա ամբողջապես ցույց է տալիս տեղական բնապահպանական և առողջապահական քաղաքականության բացը։
Չեն կարող մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին վերաբերող հարցերը չզեկուցվել և չքննարկվել տեղական ինքնակառավարման մարմնի քաղաքական հարթակում, քանզի այդպիսով անտեսվում են համայնքի բնակիչների կարծիքը, բարձրացրած ձայնը, հնչած տեսակետը։ Կա հանրային լսման արձանագրություն, այդ արձանագրության բովանդակությունը պետք է դառնա ավագանու նիստի քննարկման և որոշման կայացման հիմք։
Ու առհասարակ, նմանատիպ բնապահպանական հանրային քննարկումները ժողովրդավարության ամենակարևոր օրենսդրական մեխանիզմն են, իսկ դրանց շուրջ քննարկումները և ընդունված որոշումները պետք է լինեն տեղական ժողովրդավարության ցուցիչը։
Այսօրվա լսումներից պետք է առկա լինի արձանագրություն։
Արձանագրության բովանդակության մեջ պետք է նկարագրված լինեն լսման մասնակիցների կարծիքները և լսման ընթացքը։
Արձանագրությունը ներկայացվելու է Երևանի համայնքապետարանին։
Երևանի ավագանին 30-օրյա ժամկետում պետք է լսման քննարկման առարկա հանդիսացող նախագծին տրամադրի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հիմնավորելով իր որոշումը։
Այս լսման ընթացքում հնչած կարծիքներն ու մտահոգությունները պետք է դառնան ավագանու քննարկման առարկան, և այն, ըստ տրամաբանության, պետք է լինի զեկուցվող հարցերի շրջանակում։ Եվ ոչ միայն այդ մեկ դեպքը, այլև ՇՄԱԳՓ օրենքի շրջանակներում համայնքի կողմից ընդունվող բոլոր որոշումները։
Հանրության պահանջն է, այս մոտեցումը պետք է փոխվի։
Այլապես լսումներ իրականացնելու իմաստն էլ անիմաստ է։
