Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2026
share

«Շենգավիթում Էպօքսիդային պրեպրեգների գործարանի հանրային լսումներին Ներկաները բարձրաձայնեցին մի շարք լուրջ մտահոգություններ և հարցեր» Մերի Պողոսյան

Բնապահպանության և միջազգային զարգացման մասնագետ, ԿԽԴ անդամ Մերի Պողոսյանը ամփոփել է այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կայացած «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ ներկաների կողմից բարձրաձայնված մտահոգությունները և հարցերը։

«Այսօր տեղի ունեցավ հանրային լսումը Ներկաները բարձրաձայնեցին մի շարք լուրջ մտահոգություններ և հարցեր։

1. Գործարանի տեղակայումը բնակելի տարածքում

Քաղաքացիները մտահոգություն հայտնեցին, որ գործարանը նախատեսվում է տեղակայել բնակելի տարածքում, որի հարևանությամբ գործում են ծննդատուն, բուժկենտրոն, մանկապարտեզ և այլ հաստատություններ։

Այսինքն՝ նույնիսկ փոքր ծավալի արտանետումները կարող են վտանգավոր լինել առավել խոցելի խմբերի՝ ասթմայով հիվանդների, նորածինների, հղիների և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար, չհաշված տեխնածին աղետների վտանգը:

Նշվեց նաև, որ արտանետումները չի կարելի դիտարկել մեկուսացված՝ հաշվի չառնելով այլ աղբյուրներից եկող աղտոտումը։ Դրանք գումարվում են միմյանց, մինչդեռ տվյալ տարածքում օդն առանց այդ էլ աղտոտված է։

 

2. Ինչո՞ւ է ընտրվել խիտ բնակեցված տարածքը

 

Քաղաքացու հարցին, թե ինչու է արտադրության համար ընտրվել խիտ բնակեցված տարածք, ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին, որ այն արտադրության համար «շատ հարմար» է՝ տեղակայության և ենթակառուցվածքների առումով։

 

3. Արտադրության դասակարգումը և ջերմաստիճանը

 

Ընկերությունը նշել էր, որ արտադրությունը պատկանում է V դասին, որի համար պահանջվող հեռավորությունը 50 մետր է։ Սակայն V դասը ենթադրում է մեխանիկական մշակում։

Ընկերությունը նախապես նշել էր, որ արտադրության ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի 80°C։ Մինչդեռ արտոնագրում նշված է մինչև 150°C ջերմաստիճան, ինչը հաստատվեց նաև հանրային լսումների ժամանակ։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք նման ջերմաստիճաններում իրականացվող գործընթացը կարելի է համարել մեխանիկական, այլ ոչ թե ջերմային մշակում, և արդյո՞ք արտադրությունը ճիշտ է դասակարգվել որպես V դասի։

Այս հանգամանքը կասկածի տակ է դնում նաև ընկերության պնդումները, թե արտանետումները «շատ քիչ» են լինելու, և ցնդող օրգանական միացություններ կամ քիմիական գոլորշիներ չեն առաջանալու։

 

4. Ինչո՞ւ չեն նախատեսվում արտանետումների զտման համակարգեր

 

Ընկերությունը չի նախատեսում արտանետումների ֆիլտրացիոն համակարգ, քանի որ, ըստ նախագծողի, արտանետումները «քիչ» են։

Սակայն պրեպրեգների արտադրության մեջ տարբեր ֆիլտրերի և այլ զտման համակարգերի կիրառության մասին մանրամասն նկարագիր կա համացանցում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման համակարգերը չեն դիտարկվում այս դեպքում. խնայողության թե այլ պատճառով:

Բացի այդ, արտադրական ծավալների ավելացման դեպքում կավելանան նաև արտանետումները։ Արդյո՞ք այս հանգամանքը հաշվի է առնվել։

 

5. Վտանգավոր թափոնների վերաբերյալ հակասությունը

 

Ընկերությունը Ծանուցման 4.3 կետում նշել էր, որ արտադրական գործընթացում թափոններ չեն նախատեսվում։

Սակայն հանրային լսումների ժամանակ հայտարարվեց 11 տոննա III դասի և մի քանի կիլոգրամ II դասի վտանգավորության թափոնների առաջացման մասին, որոնք ուղարկվելու են վերամշակման Էջմիածին և Աբովյան։

Անհասկանալի է՝ ինչո՞ւ այս տեղեկությունը ներառված չէր նախապես ներկայացված ծանուցման մեջ։

 

6. Լրատվամիջոցներին դատական հայցերով սպառնալու հարցը

 

Ի վերջո, բարձրացվեց նաև այն հարցը, որ ընկերությունը երկու լրատվամիջոցի դատական հայցով սպառնալու նամակներ է ուղարկել՝ հերքում պահանջելով։

Ընդունելի կլիներ, եթե ընկերությունը պարզաբանումներ ուղարկեր՝ հստակեցնելով վիճարկվող տեղեկությունները և պատասխանելով տեխնիկական հարցերին։

Սակայն ընկերությունը, դեռևս չսկսած իր գործունեությունը, ընտրում է սպառնալիքների և լռեցման մարտավարությունը՝ SLAPP դատական հայցերի միջոցով։

Հարց է առաջանում՝ եթե գործարանը բացվի, և բնակիչները սկսեն բողոքել հնարավոր ազդեցությունների դեմ, արդյո՞ք նույն գործիքը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ։ Էլ չխոսենք աշխատողների մասին։

 

 

Ի՞ՆՉ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։

 

Լսումներն ավարտվեցին արձանագրելով, որ ներկա բոլոր քաղաքացիները դեմ էին տվյալ հասցեում գործարանի բացմանը»։

 

facebook sharing button facebook