
«Ձեր պատասխանը մեծամիտ և լկտի հնչեց: Մենք ասում ենք բնակելի տների մոտ քիմական արտադրություն եք հիմնում, դուք ասում եք՝ մեզ այդտեղ է հարմար։ Դա հանրային լսմանը հարիր պատշաճ պատասխան չի, համենայն դեպս ինձ համար։ «Ձեզ հարմար է»-ն չի նշանակում, որ մեզ էլ է հարմար և մեզ համար ընդունելի է»,- ասաց Շենգավիթ թաղամասի բնակիչ Հակոբ Աբրահամյանը՝ հանրային լսումներին, որ կայացան նոյեմբերի 18-ին՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։
Հիշեցնենք՝ «Ռայդենա» ՍՊԸ-ն մտադիր է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հիմնել ածխածնային և ապակյա մանրաթելերի հիմքով բարձր ամրության նյութերի արտադրություն։
«Դուք գալիս, իմ պատուհանից 100 մետր այն կողմ արտադրություն եք դնում, իմ երկու տարեկան երեխան պետք է շնչի ձեր տարեկան չգիտեմ ինչքան արտանետումները, փոխարենը ստանում ենք պատասխան՝ դե, մեզ այդտեղ է հարմար։ Ակնկալում էինք, որ ավելի հարգալից պատասխան կտայիք այն մարդկանց, ովքեր ժամանակ են հատկացրել ու եկել հանրային քննարկման։ Դրա համար խնդրում ենք տալ պատասխաններ այն հարցերին, որոնք մեզ են հուզում, ոչ թե ասեք, թե ձեզ ինչն է հարմար, ինչը՝ չէ։ Պարզ է, որ դա ձեզ փող է բերում ու ձեզ համար է»,-նախատեսվող արտադրական գործունեության վերաբերյալ իր դժգոհությունը հայտնելով՝ շարունակեց բնակիչը։ Նա նախաձեռնող ընկերության ներկայացուցիչներին բազմաթիվ հարցեր հղեց՝ թափոններից ու տեխնածին աղետներից մինչև օդափոխության համակարգեր ու աղմուկ։ Պահանջեց նաև հստակեցնել մթնոլորտ արտանետվող նյութերի ցանկը։
Օրինակ, արտակարգ իրավիճակների կամ հնարավոր վթարների դեպքում արագ արձագանքման ինչ համակարգեր են ներդրվելու։ Քանի որ արտադրամասը կառուցվում է բնակելի շենքի հարևանությամբ, ինչպես է ապահովվելու է աղմուկի նվազեցումը։ Նախագծի հեղինակի խոսքով՝ աղմուկ գործնականում չի լինելու, քիմիական նյութերը պահեստավորվելու են, թափոններ էլ որպես այդպիսին չեն լինելու։
«Կա՞ն են արդյոք նախագծված օդափոխության համակարգում վնասակար արտանետումները որսացող և ֆիլտրող հատուկ սարքավորումներ, որոնք կբացառեն շրջակա միջավայրի և բնակիչների առողջության վրա բացասական ազդեցությունը»՝ հարցրեց Հակոբ Աբրահամյանը։ «Արտանետումներն այնքան քիչ են, որ ֆիլտրեր չեն տեղադրվելու»՝ հնչեց ի պատասխան։
Լսումներին մեծաթիվ էին թաղամասի բնակիչներ, բնապահպանական համայնքի ներկայացուցիչներ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամները։ Նախատեսվող արտադրությունը կարող է ունենալ նաև բնապահպանական ռիսկեր, հատկապես հաշվի առնելով, որ այն տեղակայվելու է բնակելի հատվածին շատ մոտ՝ շենգավիթցիների հիմնական մտահոգությունն էր, մանավանդ, որ Երևանը օրեցօր մտահոգիչ է դառնում է աղտոտված ու փոշոտ օդով։
«Խնդիրը հենց այդ 50 մետրի հարցն է։ Տվյալ տեսակի արտադրության համար 50 մետր հեռավորության վրա սանիտարական գոտի հիմք ընդունելը, կարծում եմ, անթույլատրելի է»,- ասաց բնապահպան- աշխարհագրագետ Լևոն Գալստյան։ Նրա խոսքով՝ եթե օրենքն ինչ-որ սողանցքներ է թողել, որ հնարավոր լինի այդ կերպ վարվել, ուրեմն այդ օրենքը պետք է անմիջապես փոխել, քանի որ նման տարածքում այսպիսի արտադրություն չի կարող լինել՝ էպօքսիդային պրեպրեգների արտադրություն հիմնելու վերաբերյալ հանրային քննարկմանը պնդեց Գալստյանը։ «Ես կարծում եմ՝ նման արտադրության համար պետք է սահմանվի առնվազն 1 կիլոմետր սանիտարական գոտի։ Դա իմ կարծիքն է, գուցեև սխալվում եմ։ Հետևաբար, եկեք ամեն անգամ չօգտագործենք այդ «50 մետրը» և հաշվի առնենք ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական փորձը, մանավանդ որ բոլոր ՇՄԱԳ-ներում միշտ ամեն ինչ հոյակապ է ներկայացվում, որ ոչ մի բան չի լինի, ոչ մի խնդիր կամ արտանետում չի լինի, բայց հետո սկսվում է գործընթացը և տեսնում ենք, թե իրականում ինչ է լինում»։
«Ձեր նախատեսած գործունեությունը առողջական կամ խոցելի վիճակում գտնվող մարդկանց վրա չի կարող չազդել։ Ինչու պետք է ձեր շահույթի համար հետևանքները ես կրեմ։ Եթե մարդածին կամ տեխնածին արտահոսքեր կամ աղետներ լինեն, ո՞վ է կրելու պատասխանատվություն»,- լսումները նախաձեռնած «Ռայդենա» ՍՊԸ-ին հարցրեց «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը՝ հավելելով՝ «Մտավախություն ունենա՞մ, որ իմ կարծիքը հայտնելու համար ինձ դատի չեք տա»։
Թեման շարունակեց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը, ով տեղեկացրեց, որ Հայաստանում ընթանում է SLAPP գործընթացներին դիմակայելու նախաձեռնություն: Բազմաթիվ ակտիվիստներ, լրագրողներ, լրատվամիջոցներ դատվում են իրենց հնչեցրած կարծիքի համար, որը իրականացվում է բիզնեսի կողմից։ «Սա մեծ հնչեղություն է ստացել։ Այն աստիճանի, որ ՀՀ կառավարությունը՝ արդարադատության նախարարության մակարդակով հիմա քննարկումներ են անում, որ ՀՀ-ում ներդրվի հակա -SLAPP օրենսդրություն՝ հանրային կարծիքը պաշտպանելու համար։ Ես առնվազն 2 լրատվամիջոցներում տեսել եմ հերքման պահանջ՝ «Ռայդենա» ՍՊԸ ի կողմից, որտեղ գրված էր, որ եթե հերքումները տեղի չունենան, դատի կտան։ Հնարավո՞ր է այստեղ հանրային կարծիք հայտնած մարդիկ ենթարկվեն ճնշումների»,- հարցրեց Օլեգ Դուլգարյանը։
«Երևանը դարձել է մի վայր, որտեղ հիմնական խնդիրը շնչառականն է։ Թողե՛ք շնչենք»՝ լսումները նախաձեռնողներին ասաց բժիշկ-թերապևտ Արէ Մարտիրոսյանը։ Շենգավիթ թաղամասի բնակիչ Ռոզա Ջուլհակյանն էլ փորձեց հարցնել՝ ինչով է պայմանավորված հենց տվյալ վայրում արտադրություն հիմնելու իրենց ցանկությունը, բայց հստակ պատասխան չստացավ։
Լսումներին ներկա էր նաև Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Նա պնդեց «Ինչ կատարվելու է, այստեղ է կատարվելու, որովհետև գալու է ավագանու հանձնաժողովի նիստ ու կապ չունի՝ դրական եզրակացություն է լինելու, թե բացասական ՇՄԱԳ-ը, իրենք դրական եզրակացություն են տալու։ Այստեղից է կախված ամեն ինչ։ Եթե ժողովրդի բողոքը հասավ, այս նախագիծը չի հասնի Երևանի ավագանու նիստ, եթե հասավ, իրենք չզեկուցվողով անցկացնելու են»։
Օլեգ Դուլգարյանը պարզաբանում մտցրեց՝ նշելով, որ ՇՄԱԳ փաստաթուղթը այսպես, թե այնպես պիտի մտնի ավագանու նիստ, եթե չմտավ, Շրջակա միջավայրի նախարարությունը ինքնըստինքյան դա համարելու է դրական։ Հորդորեց Ստեփանյանին հետևողական լինել այս հարցում ու շենգավիթցիների շահերը պաշտպանել՝ որպես ՏԻՄ ներկայացուցիչ․ «Շատ կարևոր է, որ դուք որպես ավագանու անդամ այս հարցը տանեք հասցնեք այն իմաստով, որ չի կարող այս հարցը չզեկուցվող հարցերով անցնի, որ ավագանին առաջնորդվի համայնքի բնակիչների շահերով ու կարծիքներով»։
Բնապահպանության և միջազգային զարգացման մասնագետ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Մերի Պողոսյանի դիտարկումները մի քանի ուղղությամբ էին։ Առաջնահերթ խնդիրը, ասաց, վայրի ընտրությունն է․ «Ինչո՞ւ է արտադրական գործունեության վայր ընտրվել բնակելի տարածքում, որի հարևանությամբ են գործում « Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնները, ծննդատունը, մանկապարտեզ և շատ այլ հաստատություններ։ Ինչո՞ւ չընտրել այնպիսի վայր այս գործունեության համար, որը հեռու այդ վտանգներից։ Ասում եք արտանետումները քիչ են, բայց այն, ինչ քիչ արտանետում է առողջ մարդու համար, կարող է շատ լուրջ վտանգ ներկայացնել խոցելի խմբի բնակչության, ռեսպիրատոր հիվանդությամբ երեխաների համար։ Ուզում եմ անպայման հաշվի առնեք սա»։
Մերի Պողոսյանը քաղաքապետարանի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց կառավարության այն որոշմանը, որում կա արտադրական գործունեության նկարագիրը։ Ասաց՝ իրենք խնդրել են արտոնյալ պայմաններով ներմուծել մի քանի անուն քիմիական նյութ՝ ֆորմալդեհիդային խեժ, ֆենոլֆորմալդեհիդային խեժ և այլն։ «Դուք ասում եք, որ էպոքսիդային պրեպրեգներ են լինելու, բայց այնտեղ հսկայական ցուցակ կա։ Մասնագետ չլինելով, հասկանալի չէ, այդքան բաները ինչի՞ համար են։ Պետք է հստակեցնել, քանի որ այնտեղ կան նյութեր, որոնք չեն համապատասխանում Ձեր արտադրական գործունեությանը։ Նշեք, թե այդ ցուցակից ինչն է օգտագործվելու, որ մենք կարողանանք հասկանալ այդ նյութերի կապը մյուս նյութերի հետ։ Ձեր նախնական փաստաթղթում գրված է, որ 0 թափոն է լինելու։ Մասնագիտական տեսանկյունից ինձ համար անվստահություն ներշնչող բան է, եթե գրված է 0 թափոն։ Ինֆորմացիան պիտի բաց լինի, որ մարդիկ կարողանան կարդալ, ուսումնասիրել, հասկանալ»։
Լսումներն ավարտվեցին արձանագրելով, որ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներն ու լսումների եկած այլ շահագիգիռ շրջանակներ՝ ավագանու անդամները, բնապահպանական համայնքի ներկայացուցիչները ունեն բազմաթիվ մտահոգություններ ու դեմ են Էպօքսիդային պրեպրեգների արտադրության նախագծին:
