
«Շատ կարևոր է, որ դուք՝ որպես ավագանի այս հարցը հասցնեք ավագանի, և սա չի՛ կարող չզեկուցվող հարցերի շրջանակի մեջ մտնել»,-. Շենգավիթում էպօքսիդային պրեպրեգների արտադրություն սկսելու վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը՝ Երևանի ավագանու անդամին։ Վերջինս մտահոգություն հնչեցրեց, թե եթե հարցը մտնի ավագանու նիստի օրակարգ, ապա դրական եզրակացություն կստանա՝ հաշվի չառնելով հանրային դժգոհությունը։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը պարզաբանեց է իրավական կարգավորումները՝ նշելով, որ օրենքի համաձայն՝ հարցը պարտադիր պետք է հասնի ավագանու նիստ։ Նրա խոսքով՝ եթե 30-օրյա ժամկետում ավագանու նիստ չգումարվի և քվեարկություն չկայանա, ապա Շրջակա միջավայրի նախարարության համար նախագիծը կհամարվի համայնքի կողմից դրական եզրակացություն ստացած, և նախաձեռնողն իրավունք կստանա փաստաթղթերի փաթեթը ներկայացնել նախարարություն։
Օլեգ Դուլգարյանը շեշտեց՝ համայնքը միանշանակ պետք է որոշում կայացնի, իսկ ավագանու անդամները պետք է հետևողական լինեն, որպեսզի հարցը չընդգրկվի չզեկուցվող հարցերի շարքում։ Նաև հավելեց՝ հանրային լսումների արձանագրությունն ու տեսաձայնագրությունները պետք է հիմք հանդիսանան, որպեսզի ավագանին որոշում կայացնելիս առաջնորդվի բնակիչների հնչեցրած կարծիքներով և շահերով։
