
Իրավապաշտպան, SLAPP-երի գծով փորձագետ Օլեգ Դուլգարյանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կայացած հանրային քննարկումների ժամանակ դիմելով նախաձեռնող «Ռայդենա» ՍՊԸ-ի ներկայացուցչին հետաքրքվեց թե նրանք ի՞նչ վարբերմունք ունեն SLAPP-երի նկատմամբ։
«Ես լսարանի, այսինքն՝ դահլիճում գտնվողների ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ընթանում է մի գործընթաց, որը կոչվում է SLAPP՝ ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության։ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ բնապահպաններ, էկոակտիվիստներ, լրատվամիջոցներ, լրագրողներ դատվում են, այսինքն՝ իրենց դեմ դատական հայցեր են ներկայացնում իրենց հնչեցրած կարծիքների համար։ Եվ դրանք՝ այդ պրոցեսները, շատ են և հիմնականում դա իրականացվում է բիզնեսների կողմից։
Սա մեծ հնչեղություն է Հայաստանի Հանրապետությունում։ Այս հարցը՝ հետապնդումները, հասել են ընդհուպ այն մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Արդարադատության նախարարության մակարդակով հիմա քննարկումներ են նաև ընթացել և ընթանում շահագրգիռ կողմերի հետ, որ Հայաստանում ներդրվի հակա-SLAPP օրենսդրություն, այսինքն՝ հանրային խոսքը, կարծիքը պաշտպանելու համար՝ ըստ Եվրոպական խորհրդի դիրեկտիվաների, Եվրամիության նաև դիրեկտիվաների։ Այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում ստորագրահավաք է ընթանում։
Եվ հնարավոր է, օրինակի համար, այսօր այստեղ ինչ-որ մի քաղաքացի դուրս գա, մի հատ գրառում անի, ասի, որ ես դեմ եմ տվյալ գործընթացին, իր կարծիքն արտահայտի, և մեզ համար անորոշ է, թե ինչ կլինի հետո, որովհետև ես առնվազն երկու լրատվամիջոցներում տեսել եմ հերքման պահանջ, որտեղ որ նաև գրված էր, որ եթե տվյալ հերքումները տեղի չունենան, ապա կդիմեն դատարաններ։ Հենց նման գործընթացներն են Հայաստանում միջազգային փորձագետները վերագրում SLAPP-եր, այսինքն՝ սկզբից գալիս են որոշակի պահանջներ, հետո դատական պրոցեսներ են սկսում ընթանալ։
Ես ուզում եմ ուղղակի հասկանալ, հարց տալ նախաձեռնողներին։ Այսինքն՝ հնարավո՞ր է ինչ-որ մեկը դուրս գա, ինչ-որ կարծիք արտահայտի այստեղ, իր հանրային տիրույթում, և նրա դեմ հայց ներկայցվի։ Կամ ընդհանրապես, այդ պրոցեսը, որը քաղաքակիրթ աշխարհում դիտարկվում է SLAPP-եր, որպես ճնշման միջոցներ, արդյո՞ք ի՞նչ կարծիք ունեն նման գործընթացների նկատմամբ, SLAPP-ների նկատմամբ իրենց վերաբերմունքը ո՞րն է ընդհանրապես»։,-ասաց նա իր ելույթում։
Նա նաև հավելեց, որ հարցի իմաստը նաև նրանում է, որ կարևոր է հասկանալ ընկերության հասարակության հետ աշխատանքի, խոսքի նկատմամբ հանդուրժողականության քաղաքականությունները՝ անկախ նրանից կսկսի իր գործունեությունը, թե ոչ։
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց օլեգ Դուլգարյանին, որ նա իր հարցը կարող է գրավոր ուղարկել և իրենք գրավոր կպատասխանեն։
Որքան էլ որ դահլիճից պնդեցին, որ այդ հարցը կարևոր է նաև այն հանգամանքով, որ մարդիկ անկաշկանդ ելույթ ունենան, միևնույնն է ընկերությունը պնդեց, որ այդ հարցին իրենք գրավոր կպատասխանեն, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ պնդեց, որ հանրային քննարկումը դրա մասին չէ։
