
«Այստեղ խնդիրը հենց այդ 50 մետրի հարցն է։ Տվյալ տեսակի արտադրության համար 50 մետր հեռավորության վրա սանիտարական գոտի հիմք ընդունելը, կարծում եմ, անթույլատրելի է։ Եվ նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության օրենքը ինչ-որ սողանցքներ է թողել, որպեսզի հնարավոր լինի այդ կերպ վարվել, ուրեմն այդ օրենքը պետք է փոխել, ընդ որում՝ հենց վաղը, քանի որ նման տարածքում այսպիսի արտադրություն չի կարող լինել։,-այսօր Շենգավիթի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած էպօքսիդային պրեպրեգների արտադրություն սկսելու վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց աշխարհագրագետ Լևոն Գալստյանը,- Ես կարծում եմ, որ նման արտադրության համար պետք է սահմանվի առնվազն մեկ կիլոմետր սանիտարական գոտի։ Դա իմ կարծիքն է, գուցե և սխալվում եմ։ Հետևաբար, եկեք ամեն անգամ չօգտագործենք այդ «50 մետրը» և հաշվի առնենք ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական փորձը։ Մանավանդ որ բոլոր ՇՄԱԳ-ներում էլ ամեն ինչ հոյակապ է ներկայացվում, թե ոչ մի բան չի լինի, ոչ մի խնդիր կամ արտանետում չի լինի, բայց հետո սկսվում է գործընթացը, և տեսնում ենք, թե իրականում ինչ է կատարվում։ Դրա համար մոռանում ենք այդ 50 մետրի մասին և փորձում հասկանալ՝ իրականում դա 50 մետր է, 500 մետր, թե 1 կիլոմետր։ Այսինքն՝ հիմնական խնդիրն այստեղ սա է։
Ես կարծում եմ, որ համայնքի բնակիչներն իրենք էլ հասկանում են, որ բնակելի տներից 100 կամ 200 մետր հեռավորության վրա նման արտադրամաս ունենալն անթույլատրելի է։ Մասնագիտական հարցերի մեջ շատ չխորանանք, քանի որ այստեղ որևէ մասնագիտական նյութ ներկայացված չէ, իսկ եղած երեք էջն էլ ներկայացրել են միայն մեր դիմումից հետո՝ սկզբում դա էլ չկար։ Երբ զանգահարեցի քաղաքապետարան, ինձ ասացին, թե գրված հայտարարությունը բավական է։ Այսինքն՝ այդ հայտարարությունը կարդալով՝ մենք պետք է այսօր գայինք ու ինչ-որ հարց քննարկեինք։ Միայն իմ զանգից հետո տեղադրեցին այդ երեք էջանոց նյութը, որտեղ դարձյալ ոչինչ գրված չէ, քանի որ երբ նայում ենք համաշխարհային գրականությունը, այնտեղ այս նույն գործունեության վերաբերյալ լրիվ այլ բան է գրված։
Հիմա, ցավոք սրտի թե բարեբախտաբար, այնպիսի դարաշրջան է, որ մի փոքր գիտելիք ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել, գրել հարցերն ու ստանալ պատասխանները։ Մենք գրել ենք հարցերն ու ստացել պատասխանները։ Այստեղ բազմաթիվ հարցեր կան, բայց ես չեմ ընթերցի դրանք, քանի որ դա անիմաստ է։ Եթե 50 մետրի հարցը չլուծվի, մնացած հարցերը քննարկելն անիմաստ է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախաձեռնել է հանրային քննարկումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի հ. 33/27 հասցեում «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Հանրային քննարկման ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ այստեղ։
