Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2026
share

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1960-1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

Նույն թվականին աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:

1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:

Հակոբ Ազիզյանը մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում։  Մի շարք կերպարներ է մարմնավորեն նաև կինոյում։

 

Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:

 

facebook sharing button facebook