Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2026
share

Նվազագույնը 1 մլն․՝ վիրավորանքի և 2 մլն․՝ զրպարտության համար․ փոխհատուցման նոր շեմերի նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է վիրավորանքի համար սահմանել նվազագույնը 1 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2 մլն դրամ փոխհատուցում։ Համապատասխան փոփոխությունները նախատեսված են նախարարության մշակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով։

 

Գործող օրենսդրությամբ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատարանից պահանջել մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 6 մլն դրամ փոխհատուցում։ Նվազագույն դրամական շեմեր ներկայում սահմանված չեն։ Նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 1-3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2-6 մլն դրամ փոխհատուցման սահմաններ։ Փոփոխություններ են նախատեսվում նաև մարդու հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափերում։

 

Մասնավորապես, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքում առաջարկվում է սահմանել 3-8 մլն դրամ փոխհատուցում, իսկ այլ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման դեպքում՝ 1-4 մլն դրամ։ Առանձին կարգավորում է նախատեսվում խոշտանգման հետևանքով պատճառված վնասի համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույնը 4 մլն դրամ փոխհատուցում՝ առանց առավելագույն շեմի։

 

Այսինքն՝ դատարանը, հաշվի առնելով խոշտանգման ծանրությունն ու հետևանքները, հնարավորություն կունենա նշանակելու նաև ավելի մեծ փոխհատուցում։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակն է ապահովել պատճառված վնասի ծանրությանը համարժեք հատուցում և բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։ Միաժամանակ, Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ նվազագույն շեմերի սահմանումը չի նշանակում, թե վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտադիր դրամական փոխհատուցում պետք է նշանակի։

 

Որպես առաջնահերթ միջոցներ կարող են կիրառվել հերքումը, հրապարակային ներողությունը կամ դատական ակտի հրապարակումը։ Դրամական փոխհատուցումը նախատեսվում է այն դեպքերի համար, երբ դատարանը մյուս միջոցները բավարար չի համարի պատճառված վնասը հատուցելու համար։ Նախագծով նախատեսվում է նոր կարգավորումները կիրառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունների ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

Ֆակտոր

facebook sharing button facebook