
Սյունիքի մարզում առանձնապես խոշոր չափի գողության դեպք է բացահայտվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրից հափշտակվել է շուրջ 13 տոննա ոսկու հանքաքար։
Քննությամբ պարզվել է, որ 61-ամյա Սյունիքի բնակիչը, ներգրավելով հանքաքարի արդյունահանման ոլորտի ևս չորս մասնագետների, նախապես անջատել է հանքի տեսահսկման տեսախցիկները և կազմակերպել հանքաքարի հափշտակությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ մասնավորապես 10 տոննա հանքաքարը կուտակվել է հանքավայրի տարածքում, իսկ շուրջ 3 տոննան տեղափոխվել է Արաքսաշեն թաղամասում գտնվող Անաստաս Հ․-ին պատկանող չգործող քարի արտադրամասին հարակից ոչ բնակելի շինություն։
Հանքաքարը թաքցրել են այնտեղ տեղադրված բեռնատարների կոնտեյներներում, որից հետո 2-րդ հարկում պատրաստված ոսկու կորզման լաբորատորիայում, Երևան քաղաքից ձեռք բերված քիմիական նյութերի օգտագործմամբ, կորզել են ոսկին։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
