Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/11/2026
share

«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն հերքում է պահանջում Շենգավիթում նախատեսվող արտադրության վերաբերյալ հրապարակման առնչությամբ

«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն նոյեմբերի 13-ին պաշտոնական գրություն է ուղարկել «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի խմբագրությանը՝ պահանջելով հերքել նոյեմբերի 5-ին հրապարակված «Ռուսական հետք, The Guardian-ի հետաքննություն և բնապահպանական ռիսկեր․ ի՞նչ գործարան է նախատեսվում Շենգավիթում» հոդվածում տեղ գտած տեղեկությունները։

 

Կարևորելով տեղեկատվության ճշգրտությունը, թափանցիկությունն ու ստուգելիությունը՝ խմբագրությունը հրապարակման մեջ օգտագործել է բաց և հանրամատչելի աղբյուրներ՝ համապատասխան արտաքին հղումներով ընթերցողներին հնարավորություն տալով անմիջականորեն ծանոթանալու ներկայացված տեղեկությունների սկզբնաղբյուրներին և ինքնուրույն ստուգելու դրանք։ Մասնավորապես, հոդվածում հղումներ են ներկայացվել բրիտանական The Guardian պարբերականի հետաքննությանը՝ ներկայացվել է նաև ընկերության դիրքորոշումը, այդպիսով պահպանելով բազմակողմանի լուսաբանման սկզբունքը: Այսպիսով, խմբագրությունը չի սահմանափակվել տեղեկությունների վերապատմմամբ, այլ ապահովել է դրանց սկզբնաղբյուրներին անմիջական հասանելիություն։ 

Նշենք նաև, որ բնապահպանական հնարավոր ռիսկերին անդրադարձել էինք՝ հիմնվելով համանման արտադրական գործընթացների վերաբերյալ բաց աղբյուրների վրա՝ դրանք չներկայացնելով որպես «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կոնկրետ նախագծի հաստատված ազդեցություններ: Ընդգծենք, որ սույն հոդվածում ակտիվ հղմամբ հասանելի է դարձվել նաև «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի նախատեսվող արտադրության պաշտոնական նախագիծը: Հոդվածում հատուկ ընդգծվել է նաև, որ առանց համապատասխան տեխնիկական տվյալների և արտանետումների հաշվարկների՝ հնարավոր չէ հաստատապես գնահատել նախատեսվող արտադրության ազդեցությունը շրջակա միջավայրի և Երևանի օդի որակի վրա։

 

Այդուհանդերձ, կարևորելով հանրային նշանակության հարցերի համակողմանի լուսաբանումը, տարբեր դիրքորոշումների ներկայացումն ու ընթերցողների՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ խմբագրությունը հրապարակում է նաև «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի՝ մեզ հասցեագրված պաշտոնական գրությունը։

 

Ստորև ներկայացնում ենք «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի նոյեմբերի 13-ի պաշտոնական գրությունը՝ ամբողջությամբ։


 

Թեմա՝ Հրապարակման մեջ տեղ գտած փաստացի անճշտությունները հերքելու պահանջ

 

«Հրապարակում՝ «Ռուսական հետք, The Guardian-ի հետաքննություն և բնապահպանական ռիսկեր ․ ի՞նչ գործարան է նախատեսվում Շենգավիթում» հոդվածը, որը 2026 թվականի նոյեմբերի 5-ին տեղադրվել է «Քաղաքացու ձայնը» (CVmedia) ինտերնետային կայքում՝ https://cvmedia.am/page2-13104--88-178.160.206.58 (այսուհետ՝ Հրապարակում կամ Հոդված)։

 

Հարգելի խմբագրություն,

 

«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) սույն պաշտոնական պահանջն է ներկայացնում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի (այսուհետ՝ Օրենք)՝ կապված 2026 թվականի նոյեմբերի 5-ի Հրապարակման հետ, որը վերաբերում է Երևան քաղաքի Մանանդյան փողոց 33/27 հասցեում պրեպրեգների նախատեսվող արտադրությանը։

 

Նյութում ներկայացված են կատեգորիկ պնդումներ և եզրահանգումներ, որոնք Հոդվածի համատեքստում ընթերցողի կողմից կարող են ընկալվել որպես Ընկերության նախագծի ապացուցված բնութագրեր, թեև շարադրված եզրահանգումների կիրառելիությունը դրա փաստացի տեխնոլոգիայի և արտադրական տարածքի նկատմամբ հիմնավորված չէ, ինչը հաստատվում է ստորև ներկայացված փաստարկներով։ Տեղեկատվության նման մատուցումը կարող է էապես խեղաթյուրել Ընկերության և նախագծի վերաբերյալ հանրային ընկալումը։

 

Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հրապարակման մեջ չեն ներկայացվում որևէ ապացույցներ (այդ թվում՝ փաստաթղթեր և նյութեր), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կհաստատեին Հրապարակման մեջ տեղ գտած փաստացի պնդումների իսկությունը։ Մինչդեռ Օրենքի համաձայն՝ փաստացի անճշտությունները ենթակա են հերքման,

 

եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։

 

Ընկերությունն ընդունում է լրագրողների՝ բնապահպանական ռիսկերը քննարկելու, ինչպես նաև բնակիչների՝ ամբողջական, օբյեկտիվ և ստուգելի տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Սույն Պահանջով Ընկերությունը վիճարկում է ոչ թե քննադատելու իրավունքը, այլ ընդհանուր ոլորտային ենթադրությունները որպես փաստ՝ կոնկրետ նախագծի արդեն իսկ հաստատված բնութագրեր ներկայացնելու հնարավորությունը։ Հանրային բնապահպանական քննարկումը պահանջում է տարբերակել ստուգելի փաստերը, գնահատականները և ազդեցության պայմանական սցենարները։

 

Ընկերության նախագիծը նախատեսում է հալեցվող էպօքսիդային կապակցանյութերի հիմքով պրեպրեգների (կոմպոզիտային նյութերի կիսաֆաբրիկատների) բարձր տեխնոլոգիական արտադրության ստեղծում՝ արդյունաբերության առավել բարձր տեխնոլոգիական ճյուղերում, ինչպիսիք են քաղաքացիական ավիացիան, ավտոմոբիլաշինությունը, նավաշինությունը և այլն, կիրառելու համար։

 

Նախագծի իրականացման նպատակով Ընկերությունը ձեռք է բերում աշխարհի առաջատար արտադրողների ամենաժամանակակից արտադրական, լաբորատոր և ինժեներական սարքավորումները, որոնք թույլ են տալիս իրականացնել պրեպրեգների պատրաստման տեխնոլոգիան՝ առանց լուծիչների և այլ վտանգավոր ցնդող նյութերի օգտագործման։

 

Ընկերության արտադրությունը բաղկացած է հետևյալ գործողություններից. ելակետային բաղադրիչները չափվում են ճշգրիտ բաղադրատոմսի համաձայն, մանրակրկիտ խառնվում և տաքացվում մինչև 80 °C-ից ոչ բարձր ջերմաստիճան, ինչը զգալիորեն ցածր է բաղադրիչների եռման կամ քայքայման ջերմաստիճանից։ Խառնուրդը դառնում է ավելի հոսուն՝ տաքացնելիս մեղրի նման, և սարքավորումը այն հավասարաչափ բաշխում է հատուկ տեխնիկական գործվածքի վրա։ Այս տեխնոլոգիայի բնապահպանական առավելությունը կապակցանյութի պատրաստումն ու կիրառումն է առանց լուծիչների. անհրաժեշտ հոսունությունը ձեռք է բերվում տաքացման միջոցով, ուստի լուծիչների օգտագործումը լիովին բացառվում է։

 

Նման տեխնոլոգիա կիրառվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար պրեպրեգ արտադրողների կողմից։ Մասնավորապես, նման տեխնոլոգիայով պատրաստված նյութերն օգտագործվում են Clean Aviation եվրոպական նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ստեղծել «կանաչ» ավիացիա՝ առավել էկոլոգիապես անվտանգ նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ։

 

Օրինակ՝ Synsqo պրեպրեգների առաջատար եվրոպական արտադրողի գործարանը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի HEANOR քաղաքում, բնակելի թաղամասերից ընդամենը մոտ 100 մետր հեռավորության վրա է։ Ընդ որում, գործարանի հզորությունը ավելի քան 3 անգամ գերազանցում է Ընկերության արտադրության հզորությունը։

 

Ընկերության կողմից նախատեսվողտեխնոլոգիաներն առավել էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներից են, իսկ օգտագործման համար նախատեսվող ամբողջ հումքը

 

համապատասխանում է եվրոպական REACH հավաստագրման առավել խիստ պահանջներին։ Այս ամենը Ընկերությանը հնարավորություն է տալիս ստեղծել արտադրություն, որն ունի վտանգավոր նյութերի  գրեթե   զրոյական   արտանետումներ՝      1-5  մարդատար       ավտոմեքենաների արտանետումների հետ համադրելի մակարդակով։

 

Բացի այդ, Ընկերությունը ներկայումս իրականացնում է մի շարք նախապատրաստական միջոցառումներ՝ վերոնշյալ արտադրության հետագա գործարկման համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրության լիակատար և համակողմանի պահպանումը։ Մասնավորապես, Ընկերությունը պատվիրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) պաշտոնական փորձաքննության իրականացում, որի արդյունքները սպասվում են մոտ ժամանակներս։

 

1. Պահանջի առարկան. Հրապարակման մեջ տեղ գտած փաստացի անճշտությունները 1.1. Տեխնոլոգիական գործընթացի սխալ նկարագրություն

 

Հրապարակման «Ի՞նչ բնապահպանական վտանգներ կարող է ունենալ արտադրությունը» բաժնում նշվում է, որ արտադրության ընթացքում օգտագործվող էպօքսիդային խեժերը, կարծրացուցիչները և, կախված տեխնոլոգիայից, լուծիչները կարող են պարունակել քիմիական նյութեր, որոնց հետ անմիջական շփումը կամ գոլորշիների ներշնչումը վտանգավոր է առողջության համար։ Նշվում է նաև, որ ցնդող օրգանական միացություններ պարունակող նյութերի կիրառման դեպքում, ոչ բավարար օդափոխության կամ արտանետումների մաքրման պայմաններում, այդ միացությունները կարող են արտանետվել մթնոլորտ։ Բացի այդ, Հոդվածի «Ի՞նչ է նախատեսվում արտադրել և ինչի՞ համար է այն օգտագործվում» բաժնում արտադրական գործընթացը նկարագրվում է որպես ներծծված նյութի կտրատում, կաղապարում տեղադրում և հատուկ վառարաններում թրծում։

 

Այնինչ, դիտարկվող նախագծային տեխնոլոգիական սխեմայի համաձայն՝ Ընկերությունը ստանում է ելակետային բաղադրիչները և իրականացնում դրանց խառնումը (կապակցանյութի պատրաստումը), կապակցանյութի թաղանթի ձևավորումը և ամրացնող նյութի ներծծումը՝ hot- melt սկզբունքով։ Ընկերության արտադրանքը պրեպրեգն է, այնինչ դրանից պատրաստի դետալների կտրատումը, կաղապարումը և վառարաններում թրծումը Ընկերության նախագծով չեն նախատեսվում։

 

Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում արտադրանքի արտադրության ոչ մի փուլում լուծիչներ չեն օգտագործվում։ Կապակցանյութի անհրաժեշտ հոսունությունն ապահովվում է տաքացման միջոցով՝ 80°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Հետևաբար Հոդվածում «կախված տեխնոլոգիայից» վերապահումով նկարագրված լուծիչների և դրանց գոլորշիների հետ կապված ռիսկերը Ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիային չեն վերաբերում։ Այս նկարագրությունը չի բացառում, որ պատրաստի արտադրանքի արտադրության և սարքավորումների մաքրման ընթացքում հնարավոր ցնդող բաղադրիչների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը ենթակա է առանձին գնահատման։

 

Պրեպրեգից պատրաստի դետալների արտադրության և լուծիչային տեխնոլոգիաների բնութագրերը Ընկերության նախագծի վրա տարածելը, երբ նման գործողություններ չեն իրականացվում, տեխնիկապես սխալ է։

 

Պահանջում ենք հրապարակել հերքում՝ նշելով, որ Հոդվածում ներկայացված տեխնոլոգիական գործընթացը՝ ներծծված նյութի կտրատում, կաղապարում տեղադրում և հատուկ վառարաններում թրծում, ինչպես նաև լուծիչների և դրանց գոլորշիների հետ կապված ռիսկերը չեն համապատասխանում Ընկերության նախագծին։

 

1․2․ Ռիսկերի վերաբերյալ չհիմնավորված պնդումներ Հրապարակման «Արտադրություն՝ բնակելի հատվածի հարևանությամբ» բաժնում, հղում անելով համացանցի բաց աղբյուրների տվյալներին, պնդվում է, որ նախատեսվող արտադրությունը լուրջ ռիսկեր է ենթադրում, այդ թվում՝ օդի աղտոտվածության՝ տոքսիկ գոլորշիների միջոցով, և դժվար քայքայվող քիմիական թափոնների կուտակման։ Միաժամանակ ընդգծվում է, որ արտադրական տարածքը գտնվում է բնակելի հատվածի անմիջական հարևանությամբ։ Հոդվածում չի նշվում, թե կոնկրետ որ բաց աղբյուրներին է հղում արվում և արդյոք դրանք վերաբերում են նույն տեխնոլոգիային։ Ներկայացված չեն նաև Ընկերության օգտագործվող նյութերի ցանկն ու քանակը, վերամշակման ջերմաստիճանները, արտանետումների աղբյուրները կամ ցրման հաշվարկները, որոնց հիման վրա հնարավոր կլիներ պնդել տոքսիկ գոլորշիների առաջացման մասին։ Ավելին, Հոդվածի նախորդ բաժնում ինքնին արձանագրված է, որ առանց տեխնիկական տվյալների և արտանետումների հաշվարկների հնարավոր չէ պնդել, թե գործարանը զգալիորեն կավելացնի աղտոտիչների մակարդակը։ Այսպիսով, լուրջ ռիսկերի վերաբերյալ եզրահանգումը հակասում է Հոդվածի իսկ դիրքորոշմանը։ Ինչ վերաբերում է տեղակայմանը, Հոդվածում նշվում է, որ Մանանդյան 33/27 հասցեում գործում են այլ ընկերությունների գրասենյակներ, այդ թվում՝ խանութների ցանցի գլխամասային գրասենյակ։ Բնակելի հատվածի հարևանությունն ինքնին չի վկայում ռիսկի առկայության մասին։ Ինչպես նշվել է սույն Պահանջի ներածական մասում (Synsqo-ի գործարանի օրինակով), միջազգային պրակտիկայում համանման տեխնոլոգիայով աշխատող արտադրությունները, այդ թվում՝ Ընկերության արտադրությունից զգալիորեն ավելի մեծ հզորությամբ, գործում են բնակելի թաղամասերի անմիջական մոտակայքում։ Բացի այդ, Ընկերությունը նախատեսում է օդափոխիչ ագրեգատները տեղադրել շենքի բնակելի հատվածին հակառակ կողմում, իսկ նախագծի ազդեցությունը կգնահատվի ՇՄԱԳ պաշտոնական փորձաքննության շրջանակում։ Պահանջում ենք հրապարակել հերքում՝ նշելով, որ տոքսիկ գոլորշիների միջոցով օդի աղտոտվածության և դժվար քայքայվող քիմիական թափոնների կուտակման լուրջ ռիսկերի առկայությունը Ընկերության նախագծի առնչությամբ հաստատված փաստ չէ։ Համաձայն չլինելու դեպքում խնդրում ենք ներկայացնել այն կոնկրետ աղբյուրները և տվյալները, որոնց վրա հիմնված է հրապարակված պնդումը։ 

 

2. Օդի աղտոտվածության վերաբերյալ ենթադրական դատողություններ

Հրապարակման «Երևանն արդեն ունի օդի աղտոտվածության խնդիր. ի՞նչ կփոխի նոր արտադրությունը» բաժնում նախատեսվող արտադրությունը դիտարկվում է Երևանի օդի աղտոտվածության ընդհանուր պատկերի համատեքստում։ Նշվում է, որ լրացուցիչ քիմիական արտանետումների դեպքում դրանք կարող են վատթարացնել շրջակա օդի որակը, և որ որոշ ցնդող օրգանական միացություններ մասնակցում են մթնոլորտում երկրորդային աղտոտիչների առաջացմանը։

 

Ընկերությունը չի վիճարկում Երևանի օդի որակի առկա խնդիրների քննարկման կարևորությունը։ Սակայն բաժնում ներկայացված դատողությունները պայմանական են և չեն հիմնվում Ընկերության նախագծի որևէ տվյալի վրա։ Նույն բաժնում Հոդվածն ինքն է արձանագրում, որ առանց արտադրության տեխնիկական տվյալների և արտանետումների հաշվարկների՝ հնարավոր չէ պնդել, թե տվյալ գործարանը զգալիորեն կավելացնի Երևանի փոշու կամ այլ աղտոտիչների մակարդակը։

 

Ինչպես նշված է սույն Պահանջի 1.1 կետում, Ընկերության կիրառած տեխնոլոգիան չի նախատեսում լուծիչների օգտագործում, իսկ կապակցանյութը տաքացվում է 80 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, ինչը զգալիորեն ցածր է բաղադրիչների եռման կամ քայքայման ջերմաստիճանից։ Կիրառվող ամբողջ հումքը համապատասխանում է եվրոպական REACH պահանջներին։ Նախագծի իրական ազդեցությունը կգնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) պաշտոնական փորձաքննության շրջանակում, որն Ընկերությունն արդեն պատվիրել է։

 

Խնդրում ենք ճշգրտել Հոդվածի ձևակերպումներն այնպես, որ ընթերցողի համար հստակ լինի, որ ֆոնային աղտոտվածության և հնարավոր լրացուցիչ արտանետումների վերաբերյալ դատողությունները ենթադրական են և չեն վերաբերում Ընկերության նախագծի արդեն իսկ հաստատված բնութագրերին։

 

3․ Պատկերի միջոցով տարածված իրականությանը չհամապատասխանող տեղեկություն և Ընկերությանը չվերաբերող կապերի վերագրում

 

Հոդվածի գլխավոր պատկերում Ընկերության ապրանքանիշի կողքին տեղադրված են Ռուսաստանի Դաշնության հետ կապված նշաններ, ռազմական կործանիչի, հրթիռի, անօդաչու թռչող սարքի և ատոմակայանի հովացման աշտարակների պատկերներ, ինչպես նաև Ընկերության մասնակիցների լուսանկարները։

 

Նշված տարրերի համադրությունը ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծում, թե Ընկերությունը կապված է Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների հետ, զբաղվելու է ռազմական արտադրանքի արտադրությամբ կամ առնչություն ունի ատոմային էներգետիկայի ոլորտին։ Մինչդեռ Ընկերությունը որևէ կապ չունի Ռուսաստանի պետական կառույցների հետ, չի մասնակցում պաշտպանական կամ ոչ քաղաքացիական այլ ոլորտների նախագծերին՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

 

Ընկերության այս դիրքորոշումը նույնպես մեջբերված է հոդվածում։ Միևնույն ժամանակ, Հոդվածում վերոնշյալ կապերի վերաբերյալ որևէ համակողմանի և օբյեկտիվ ապացույց չի ներկայացվում։

 

Ընկերությունը նախատեսում է արտադրել բացառապես նյութեր և որևէ առնչություն չունի ռազմական տեխնիկայի արտադրության հետ։ Սակայն նման տեսողական ներկայացումը ընթերցողին հակառակ տպավորությունն է ներշնչում՝ Ընկերության և դրա մասնակիցների նկատմամբ ձևավորելով բացասական վերաբերմունք, ինչպես նաև աղավաղված և կանխակալ պատկերացում։ Նման ներկայացումը չի համապատասխանում փաստերի օբյեկտիվ և անկողմնակալ ներկայացման լրագրողական սկզբունքներին։ Պատկերում Ընկերության մասնակիցների լուսանկարները տեղադրվել են առանց նրանց համաձայնության։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը, այդ թվում՝ անձի պատկերի հրապարակումը, թույլատրվում է անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ միայն այն դեպքում, երբ տվյալները ձեռք են բերվել հանրամատչելի աղբյուրներից։ Նույն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համաձայնության առկայությունը կամ տվյալների հանրամատչելի լինելն ապացուցելու պարտականությունը կրում է տվյալները մշակող անձը։ Պահանջում ենք հոդվածից հեռացնել նշված պատկերը, քանի որ այն տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն Ընկերության, նրա ապագա արտադրական գործունեության և մասնակիցների վերաբերյալ, մոլորեցնում է ընթերցողներին, ինչպես նաև պարունակում է Ընկերության մասնակիցների լուսանկարները, որոնք տեղադրվել են առանց նրանց համաձայնության։

 

4. Օրենսդրական հիմքեր և մասնագիտական պատասխանատվություն

 

Օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է անձի իրավունքը՝ պահանջելու այն փաստացի անճշտությունների հերքումը, որոնք խախտում են իր իրավունքները, եթե տարածողը չի ապացուցում դրանց հավաստիությունը։ Խմբագրությունը պահանջն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է դիմողին հայտնել հերքման տարածման ժամկետի մասին կամ գրավոր տեղեկացնել այն տարածելուց հրաժարվելու մասին։ Եթե խմբագրությունը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրա տարածման՝ օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, Ընկերությունն իրավունք ունի Օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու պահանջով։

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դատարան դիմել վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։

 

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական     հանգամանքների   առկայությունը     կամ  բացակայությունն ապացուցելու պարտականությունը, որպես ընդհանուր կանոն, կրում է պատասխանողը։

 

Ստուգման առարկան Ընկերությանը վերաբերող կոնկրետ փաստացի պնդումներն են։ Ընկերությունը պարտավոր չէ ապացուցել բոլոր ենթադրական բնապահպանական ռիսկերի բացակայությունը միայն այն պատճառով, որ դրանք թվարկված են հոդվածում. ստուգման առարկան Ընկերությանը վերագրվող կոնկրետ փաստացի պնդումներն են։

 

Ընկերությունը կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով բնապահպանական նախագծային փաստաթղթերի նախապատրաստման իր ինքնուրույն պարտավորությունները։

 

5. Մեր պահանջները

 

  • Հրապարակել 1․1-1․2 կետերում շարադրված վիճարկվող փաստացի տեղեկությունների հերքումը նույն լրատվամիջոցում՝ «Հերքում» վերնագրով, պահպանելով Օրենքի 8-րդ հոդվածի՝ ժամկետների, տեղադրման, ձևավորման և տեսանելիության վերաբերյալ կանոնները։ Հերքումը պետք է հստակ նշի, թե որ տեղեկություններն են սխալ ներկայացվել Ընկերության նախագծի առնչությամբ։

  •  Հեռացնել սույն պահանջի 3-րդ բաժնում նշված պատկերը Հոդվածից։ 

  • Սույն պահանջն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում գրավոր հայտնել հերքման հրապարակման ժամկետը կամ ուղարկել գրավոր մերժում։ Մերժման դեպքում խնդրում ենք ներկայացնել պատճառները՝ նշված փաստացի պնդումներից յուրաքանչյուրի առնչությամբ, և բերել դրանց հավաստիության ստուգելի հիմքերը։ 

  • Հաստատել սույն պահանջի ստացումը։ 

  • Հերքումը հրապարակելուց հետո պատասխան նամակով տրամադրել դրա հղումը։

 

6. Մերժման հետևանքները

 

Հերքման հրապարակումից հրաժարվելու, Օրենքով սահմանված ժամկետը կամ դրա տարածման կարգը խախտելու դեպքում Ընկերությունն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով իրավունք ունի համապատասխան բողոքներով դիմելու Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին և դատարան՝ Օրենքի 8-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածին համապատասխան։ Սույն նամակը հանդիսանում է Օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան հերքման պահանջ։

 

Սույնով Ընկերությունը տալիս է իր համաձայնությունը սույն Պահանջում պարունակվող տեղեկատվության և նյութերի հրապարակմանը՝ բացառապես համապատասխան հերքման

 

Հարգանքով՝

 

Գլխավոր տնօրեն

 

Դմիտրի Կոգան»                

facebook sharing button facebook