
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը շուրջ 524 մլն դրամի վնաս է պատճառվել․ արդյունահանումն իրականացվել է Արտենիի օբսիդիանի հանքավայրում՝ թույլատրված սահմաններից դուրս։
«ՆԳՆ քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ձեռք են բերել փաստական տվյալներ։
Ըստ այդմ՝ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները, Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրում՝ թույլտվությամբ հատկացված սահմաններից դուրս, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա իրականացրել է ապօրինի արդյունահանում և արդյունահանված հումքն իրացրել տարբեր իրավաբանական անձանց։
Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 524 միլիոն դրամի վնաս, իսկ շրջակա միջավայրին՝ էական վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
