
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է 115 ՀԿ-ների հայտարարություն-դիմումին՝ ՇՄԱԳ օրենքում ՏԿԵՆ-ի նախաձեռնած փոփոխությունների վերաբերյալ։
Պատասխանում նշված է, որ Դիմումի 3-րդ կետում նշված հարցի առնչությամբ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի վերանայում, որի քննարկմանը, օրենքով սահմանված կարգով, կներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Իսկ հայտարարության մեջ նշված 1-ին և 2-րդ կետերի մասով տրամադրվել է իրավասու մարմնին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որի դիմումը կցված էր պատասխանին։
Հիշեցնենք, որ 115 ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել 2026 թվականի հոկտեմբերի 14-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում(e-draft.am) ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, որը նախաձեռնել էր ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
Հայտարարությանը միացած ՀԿ-ները պահանջում էին՝
-
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ շրջանառությունից հանել ներկայացված՝ հակաժողովրդավարական և համայնքների ու նրանց բնակիչների իրավունքները ոտնահարող նախագծերի փաթեթը։
-
ՀՀ կառավարությունից՝ վերհանել նախագծի հեղինակների, մասնավորապես՝ լիազոր մարմնի, համապատասխան վարչությունների և մասնագետների կողմից նմանատիպ նախագիծ առաջ մղելու շարժառիթները ու ընդերքօգտագործման ոլորտի բիզնես շրջանակների նկատմամբ նրանց ենթադրյալ կողմնակալության հիմքերը և ձեռնարկել քայլեր՝ ապագայում կանխելու նմանօրինակ պրակտիկաները։
-
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ սեղմ ժամկետներում և հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ մշակել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ ընդլայնելու և ամրապնդելու հանրության մասնակցության հնարավորություններն ու երաշխիքները՝ ապահովելու Օրհուսի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները։
-
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, քաղաքացիական հասարակության և համայնքային ակտիվ քաղաքացիների, գյուղական համայնքների բնակիչների, ֆերմերների, կանանց և երիտասարդների աշխարհագրորեն ընդլայնված ներգրավմամբ, ներդնել լրացուցիչ՝ ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ, որոնք միտված կլինեն որոշումների կայացման գործընթացներում համայնքների բնակիչների ազդեցության բարձրացմանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին վերաբերող հարցերում։
