
«Ի՞նչով է Ամուլսարի հանքը տարբերվում Սոթքից, մեկը լավն է, մյուսը վա՞տ» այսպիսի հարց է օրինաչափորեն հնչում մարդկանցից: Պատասխանը՝ հասկանալի լեզվով: Առհասարակ բոլոր հանքերն են «վատ», եթե շատ կարճ:
Այս մասին ֆեյսբուքում գրել է Տիգրան Աբգարյանը, ներկայացնելով մետաղական հանքերի վտանգները․
«Պատկերացրեք, դուք որևէ վնասվածք եք ստացել, որը չի սպիանում ու շարունակ արյունահոսում է: Հանքի դեպքում դա հողի պաշտպանիչ շերտն է, որը փակ է պահում խորքում թաքնված վնասակար քիմիական միացությունները: Բացվելուն պես դրանք մթնոլորտային տեղումների՝ անձրևի, ձնհալի հետ, իսկ երբեմն նաև ստորգետնյա ջրերով հայտնվում են մեր ստամոքսում՝ այդ նյութերով ապականված հողում աճեցված միրգ ու բանջարեղենի կամ խմելու ջրի միջոցով:
Մետաղական հանքերը ի թիվս այլ հանքերի «ամենավատն են» այն պատճառով, որ բացված «վերքից» զատ, որտեղից կարող են դուրս գալ առողջության համար վնասակար քիմիական միացություններ, օգտագործում են թունավոր նյութեր հանքաքարը մշակելու և մետաղ կորզելու համար (լինի դա պղինձ, ոսկի, մոլիբդեն և այլն): Ոսկու դեպքում օգտագործվում է չափազանց թունավոր NaCN (նատրիումի ցիանիդ): Մետաղի կորզման ընթացքում առաջանում է «աղբ»՝ հանքաքարի մնացորդները և կորզիչ քիմիական միացության մնացորդները, որոնք հիմնականում հեղուկի տեսքով հոսում են բացօդյա պոչամբար: Տեսած կլինեք Արծվանիկի, Նահատակի, Արարատի գործարանի և մյուս հանքերի «գույնզգույն» թունավոր լճերը: Նույնիսկ եթե պոչամբարի հատակն ունի պաշտպանիչ կավի շերտ, ժամանակի ընթացքում թունավոր հեղուկը կարող է ներծծվել հողի մեջ և վաղ թե ուշ մրգի տեսքով հայնվել ձեր տոնական սեղանին:
Նկարում Արարատի ոսկու գործարանի պոչամբարն է, հենց այստեղ է մշակվում Սոթքի ոսկու հանքաքարը: 1976 թ. երբ գործարկվեց Սոթքի հանքավայրը, Արարատում զուգահեռ գործարկվեց ոսկու կորզման գործարանը: Սոթքի հանքավայրը Սևանի հարևանությամբ էր, ուստի նույն վայրում կառուցել գործարան ու պոչամաբար վտանգավոր էր (բացի այդ Արարատի գործարանը կարող էր մշակել այլ հանքերից բերված հանքաքարը):
Ամուլսարի հանքում գործում է կույտային տարալվացման տարբերակը. հանքաքարը ոչ մի տեղ չի տեղափոխվում, այլ հենց տեղում էլ մշակվում է թունավոր NaCN միջոցով: Գտնվելով Արփա-Սևանի հարևանությամբ հասկանալի է, թե ինչ վտանգներ են առկա Սևանա լճի,Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարների և առհասարակ Ջերմուկի համար՝ որպես առողջարանային համակարգ:
Ի տարբերություն Սոթքի հանքաքարի, Ամուլսարի հանքաքարում առկա են ուրանի ռադիոակտիվ միացություններ, որոնք հայտնաբերվել ու փաստաթղթավորվել են 1952-1954 թթ. (փաստաթղթերի մի մասը ներկայացված է նախորդ գրառումներում): Տարբեր գնահատականներով Ամուլսարում կա 75-100 տ. ուրան: Քանակություն, որը բավարար է շրջակա միջավայրի՝ Ջերմուկի և հարակից բնակավայրերի, ջրային ռեսուրսների, այդ թվում նաև Սևանա լճի ռադիոակտիվ վարակման համար:
Ահա թե ինչու է բնապահպանների և մտահոգ քաղաքացիների ուշադրությունը սևեռված հենց այս հանքի վրա»,-գրել է նա:
