
2026թ․ նոյեմբերի 11-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի և Եղեգնուտ գյուղերում անցկացվեցին հանրային լսումներ։ Լսումները նախաձեռնել էր «ԴեբեդՀԷԿ» ՍՊԸ-ն, որը մտադիր է Փամբակ համայնքի Վահագնի և Եղեգնուտ գյուղերի վարչական տարածքներում կառուցել 2 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ:
Վահագնիում լսումներն անցան առանց հարցերի․ սակավաթիվ էին բնակիչները՝ հիմնականում գյուղի տղամարդիկ։ Աշխախատեղերի ու սոցիալական ծրագրերի ավանդական խոստումներով գյուղ եկած «ԴեբեդՀԷԿ» ՍՊԸ ներկայացուցիչներն այդպես էլ հստակ չներկայացրեցին իրենց նախագծի մանրամասները։ Չներկայացվեց ոչ մի հստակ գործողություն, չկար նաև նախագիծ, որի միջոցով բնակիչները կկարողանային կողմնորոշվել՝ հետագայում ինչ ռիսկերի կարող են բախվել։
Բնակիչներին հետաքրքրում էր կառուցվելիք փոքր ՀԷԿ-ը ինչ է տալու իրենց գյուղին։ «Քաղաքացու Ձայն»-ին վահագնեցիներից մեկն ասաց՝ լավ պահակություն կարող է անել, մյուսների կարծիքով էլ՝ գյուղում աշխատատեղերի խնդիրն այնքան էլ սուր չէ։ Այս փուլում փոքր ՀԷԿ-ի նախագծի հետ կապված խնդիր չեն տեսնում։
«ԴեբեդՀԷԿ» ՍՊԸ բնապահպանական փորձագետ Ռաիսա Բաբայանը ներկաներին ասաց՝ գետից մոտ 5 խմ ջուր են վերցնելու։ 3 տարիների ընթացքում, երբ նախատեսվում է կառուցել ՀԷԿ-ը, մոտ 15 աշխատատեղ են նախատեսում, որոնցում տեղի բնակիչները ներգրավված կլինեն, իսկ կոնկրետ փոքր ՀԷԿ-ում աշխատելու համար մասնագիտացված աշխատողներ են պետք, այդ նպատոկվ մասնագիտական դասընթացներ կանցկացնեն։
Ի տարբերություն Վահագնիի՝ Եղեգնուտում բնակիչներին հետաքրքրում էին փոքր ՀԷԿ-ի կառուցման դիմաց գյուղի զարգացմանն ուղղված ինչ սոցիալական ծրագրեր ունի «ԴեբեդՀԷԿ» ՍՊԸ-ն։ Մեծ հաշվով ինչ է շահելու Եղեգնուտը այս նախագծից։ Կարինե Բարսեղյանը լսումների եկած միակ կին բնակիչն էր։ Նա բնապահպանական խնդիրներից խոսեց։ Հետաքրքրվեց՝ արդյոք նախատեսվող աշխատանքներից չի տուժելու շրջակա միջավայրն ու ջրային ռեսուրսները։
Ըստ «ԴեբեդՀԷԿ» ՍՊԸ բնապահպանական փորձագետ Ռաիսա Բաբայանի՝ ՀԷԿ-ի կառուցման ընթացքում ծառեր հատվելու են, որոնց փոխարեն ծրագրում են նորերը տնկել։ «Այս լսումները տվյալների հավաքագրման նպատակով ենք նախաձեռնել, որ բնակիչների բողոքներն ու առաջարկները հավաքագրենք։ Դրանք հաշվի կառնվեն ու հաջորդ լսումներին արդեն կներկայացվի ամբողջական նախագիծը։
Տարածքի կենսաբազմազանության պահպանման հետ կապված էին «Քոշաքար» բնապահպանական ՀԿ ղեկավար Արամայիս Հակոբյանի մտահոգությունները։ «Դիլիջան» ազգային պարկի հետ այս տարածաշրջանում բաց են թողել Կովկասյան ազնվացեղ եղջերուներ։ Լսումներին հարցրեց․ «Արդյո՞ք այդ ՀԷԿ-ի կառուցելու ժամանակ, որ իրենք այդ տարածքում են լինում, ինչ որ կերպ իրենց չեն վնասի մարդիկ, որովհետև իրենք վայրի բնության մեջ պիտի ապրեն, հեռու մարդկանցից։ Մենակ եղջերուները չեն, մենք ունենք եղնիկներ, ջրաշուն, մի քանի տեսակ ձկներ, կարմրախայտ և մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ ձկների աճը չի խաթարվի»։
