
Հայաստանում անցկացված COP17-ի արդյունքները գնահատելիս անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, այլև դրան նախորդած պետական քաղաքականությունը, կենսաբազմազանության պահպանության ռազմավարական փաստաթղթերը և բնապահպանական որոշումների կայացման մեխանիզմները։ Այս դիտարկումն է արել անտառագետ և բնապահպանական կառավարման ու կենսաբազմազանության քաղաքականության փորձագետ Այսեր Ղազարյանը՝ «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման ընթացքում։
Նրա գնահատմամբ՝ միջազգային համաժողովի նշանակությունը հնարավոր չէ հասկանալ առանց ուսումնասիրելու, թե ինչ վիճակում էր Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը մինչև COP17-ը և ինչ պարտավորություններ էր ստանձնել պետությունը։
Մասնավորապես, Ղազարյանն անդրադարձել է կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործընթացին՝ քննադատելով փաստաթղթերի պատրաստման ձևական մոտեցումները և դրանցում չափելի ցուցանիշների բացակայությունը։
«Հայաստանի մասով էլ այդ թիրախների չափելիության լուրջ խնդիրներ կան, որոշ դեպքերում նաև ծիծաղելի տարբերակներով։ Այսինքն՝ դիլետանտությունը նաև պետական մակարդակով է»,- նշել է նա։
Ղազարյանի խոսքով՝ խնդիրը միայն Հայաստանին բնորոշ չէ։ COP17-ի ընթացքում քննարկվել է նաև այն հանգամանքը, որ մի շարք պետություններ ժամանակին չեն ներկայացրել իրենց ազգային ռազմավարական փաստաթղթերը կամ ներկայացրել են անբավարար, հստակ չափելիություն չունեցող տարբերակներ։
Նա անդրադարձել է նաև պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության խնդիրներին։
Նրա գնահատմամբ՝ շրջակա միջավայրի ոլորտի լիազոր պետական մարմինը պետք է հավասարակշռի տնտեսական, սոցիալական և բնապահպանական շահերը՝ ապահովելով որոշումների կայացման այնպիսի գործընթաց, որտեղ տարբեր կողմերի իրավունքներն ու շահերը պատշաճ ներկայացված կլինեն։
«Շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության գործիքն է, որպեսզի արբիտրի դեր տանի, այսինքն՝ կայուն զարգացման նպատակների տիրույթում կարգավորի սոցիալական, տնտեսական և էկոլոգիական ասպեկտները, ստանա ոսկե միջին լուծում»,- նշել է Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ երբ պետական կառույցները չեն ապահովում շահերի նման հավասարակշռությունը, անկախ փորձագետները, բնապահպանական կազմակերպություններն ու համայնքների բնակիչները հայտնվում են անհամաչափ ճնշումների պայմաններում։
Ղազարյանն այս համատեքստում անդրադարձել է նաև բնապահպանների և հանրային շահի պաշտպանությամբ զբաղվող անձանց դեմ ներկայացվող դատական հայցերին՝ դրանք դիտարկելով որպես պետական քաղաքականության և հանրային մասնակցության խնդիրների կարևոր ցուցիչ։
Նա նշել է, որ երբ լիազոր մարմնի հետ արդյունավետ երկխոսություն չի ձևավորվում, անհրաժեշտ է օգտագործել ազդեցության այլ մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների և ակադեմիական շրջանակների հետ աշխատանքը։
Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձել են միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Հայաստանում իրականացվող բնապահպանական ծրագրերի խնդիրների վրա։
«Երբ Հայաստանի իրականության մեջ բանակցություններ չեն ստացվում լիազորված պետական մարմնի հետ, պետք է ազդել արտաքին այն գործիքների վրա, որոնք աշխատում են։ Դա ակադեմիական հարթությունն է, միջազգային ֆինանսական կազմակերպությունները»,- նշել է նա։
Ղազարյանը հիշատակել է Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և այլ միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց արդյունավետությունն ու հնարավոր բնապահպանական հետևանքները նույնպես պետք է գտնվեն հանրային վերահսկողության ներքո։
Նրա գնահատմամբ՝ միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը չպետք է խորացնեն տեղական բնապահպանական խնդիրները կամ լրացուցիչ դժվարություններ ստեղծեն այն քաղաքացիների համար, որոնք պաշտպանում են իրենց համայնքների շահերը։
Առանձին անդրադառնալով համայնքների մասնակցությանը՝ Ղազարյանը կարևորել է բնապահպանական որոշումների կայացման համակարգային խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։
Նրա դիտարկմամբ՝ անընդունելի է, երբ համայնքների բնակիչները ստիպված են շարունակաբար պայքարել առանձին ծրագրերի հետևանքների դեմ, մինչդեռ դրանց հիմքում ընկած որոշումների և պետական քաղաքականության խնդիրները չեն լուծվում կենտրոնական մակարդակում։
«Շատ դեպքերում նայում եմ՝ մարդիկ հասնում են հեռավոր բնակավայրեր, որպեսզի կարողանան որոշակի հարց լուծել, բայց այդ հարցերի առանցքային մասը պետք է լուծվի հենց Երևանում՝ գործադիր իշխանության հետ կապված»,- նշել է նա։
Ղազարյանը կարևորել է նաև բնապահպանական շարժման գործիքակազմի վերանայումը, երիտասարդների ներգրավվածությունը և մասնագիտական կարողությունների զարգացումը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում բնապահպանական քաղաքականության խնդիրներից մեկը միջազգային կոնվենցիաների, դրանց հիմնական հասկացությունների և պետության պարտավորությունների վերաբերյալ բավարար իրազեկվածության բացակայությունն է։
Նա մտահոգություն է հայտնել, որ նույնիսկ պետական կառույցներում կենսաբազմազանության ոլորտի հիմնական հասկացությունների ընկալման և դրանց իրավական կիրառության հետ կապված խնդիրներ կան։
Ղազարյանի դիտարկմամբ՝ առանց մասնագիտական կարողությունների, հստակ չափելի թիրախների և պետական կառավարման արդյունավետ մեխանիզմների միջազգային բնապահպանական համաժողովներին մասնակցությունը դժվար է վերածել Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրական փոփոխությունների։
