
Երևանում անցկացված COP17-ը կարևոր հնարավորություն էր Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու և բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու համար, սակայն համաժողովի ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության սահմանափակումներն ու բողոքի ակցիաների նկատմամբ կիրառված ճնշումները լուրջ խնդիրներ են առաջացրել։ Այս մասին «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման ընթացքում խոսել է բնապահպան Նազելի Վարդանյանը։
Վարդանյանը, որը մասնակցել է COP17-ի կապույտ և կանաչ գոտիներում անցկացված միջոցառումներին, ընդգծել է, որ միջազգային բնապահպանական համաժողովները բոյկոտելու մոտեցմանը լիովին համաձայն չէ։ Նրա գնահատմամբ՝ դրանք կարևոր հարթակներ են խնդիրները միջազգային մակարդակով ներկայացնելու, նոր կապեր հաստատելու և հանրային ուշադրություն հրավիրելու համար։
«Ես այդքան էլ համամիտ չեմ կոնվենցիաները բոյկոտելուն, որովհետև դա այն հարթակն է, որտեղ դու կարող ես ինչ-որ բան անել»,- նշել է նա։
Վարդանյանը դրական է գնահատել համաժողովի կազմակերպչական կողմը՝ նշելով, որ միջազգային բազմաթիվ մասնակիցներ Հայաստանից հեռացել են դրական տպավորություններով։
«Բավականին լավ էր կազմակերպված, և գրեթե բոլոր հյուրերը ցնցված Հայաստանից գնացին։ Դա շատ կարևոր ձեռքբերում էր, որովհետև շատերը, որ եկել էին, նույնիսկ չգիտեին, թե Հայաստանը քարտեզի վրա որտեղ է գտնվում, բայց հասկացան, որ մենք ունենք մշակույթ, բարի, հյուրասեր մարդիկ և լավ միջոցառումներ կազմակերպելու ունակություն»,- ասել է նա։
Միաժամանակ բնապահպանը խիստ քննադատել է քաղաքացիական հասարակության համար ստեղծված մասնակցության պայմանները։
Նրա խոսքով՝ ինքը մասնակցել է կլիմայի և կենսաբազմազանության վերաբերյալ գրեթե բոլոր COP համաժողովներին և նախկինում այլ երկրներում հասարակական կազմակերպությունների համար հասանելի են եղել անվճար ներկայացուցչական տարածքներ։ Երևանում, սակայն, նման հնարավորությունները սահմանափակ են եղել։
Վարդանյանը նշել է, որ ներկայացնում է նաև Global Forest Coalition միջազգային կոալիցիան, սակայն կազմակերպության՝ կապույտ գոտում ներկայանալու հայտը մերժվել է։ Կանաչ գոտում մասնակցության հնարավորություն ստանալու համար ևս անհրաժեշտ է եղել դիմել ՄԱԿ-ի քարտուղարության աջակցությանը։
«Քաղհասարակության առումով, մեր մասնակցության առումով բավականին շատ թերություններ կային։ Ես կլիմայի և կենսաբազմազանության գրեթե բոլոր COP-երին մասնակցել եմ, բացառությամբ մի երեքի, և բոլոր տեղերում մեր կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, որը ներկայացրել եմ, ունեցել է գոնե առանձին անվճար տարածք»,- պատմել է նա։
Նրա դիտարկմամբ՝ երկու գոտիներում էլ զգալի էր բիզնեսի ներկայությունը, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, որոնք իրենց գործունեությունը ներկայացնում էին որպես բնության համար անվտանգ կամ «կանաչ»։
Վարդանյանը հատկապես մտահոգիչ է համարել կանաչ գոտում քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ վերաբերմունքը։
Նրա փոխանցմամբ՝ Ամուլսարի խնդրին նվիրված հավաք կազմակերպելու փորձի ընթացքում նախաձեռնության մասնակիցները բախվել են սահմանափակումների։ Բնապահպանը պատմել է նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ շփումների մասին՝ դրանք գնահատելով որպես ճնշման դրսևորումներ։
«Կանաչ գոտին քաղաքացիական հասարակության գոտի է բոլոր երկրներում, և բոլոր երկրներում երթեր են կազմակերպում։ Մեր մոտ մի փոքր հավաք, որ Ամուլսարին էր վերաբերում, ուզում էինք վերին հարթակում անել, նույնիսկ ներսում չէինք անելու։ Մեզ արգելեցին»,- նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում բողոքի և քննադատական խոսքի հնարավորությունները կապույտ գոտում որոշ դեպքերում ավելի լայն են եղել, քան կանաչ գոտում։
Բնապահպանը քննադատել է նաև COP17-ի լրագրողական լուսաբանումը՝ նշելով, որ միջազգային միջոցառմանը մասնակցությունը հնարավորություն էր ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հայաստանի բնապահպանական խնդիրների վրա։
Միաժամանակ նա կարևորել է քաղաքացիական հասարակության՝ համաժողովի ընթացքում իրականացրած աշխատանքը։ Վարդանյանի գնահատմամբ՝ միջազգային գործընկերների հետ շփումները նպաստել են Հայաստանում բնապահպանների դեմ ներկայացվող դատական հայցերի խնդիրը միջազգային օրակարգ բերելու գործընթացին։
Նա անդրադարձել է նաև իր նկատմամբ դատական գործընթացների վերաբերյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքներին և ընդգծել հակա-SLAPP օրենսդրության անհրաժեշտությունը։
«Ես այդքան էլ կողմ չեմ, որ մենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն անենք, որովհետև դա բացարձակ ոչինչ չի տա։ Մենք առանձին օրենքով պիտի անենք, որ իրոք լինի հակա-SLAPP»,- նշել է նա։
Վարդանյանի գնահատմամբ՝ եթե քաղաքացին կամ բնապահպանը ստիպված է լինում արդեն իսկ դատական վարույթի ընթացքում փաստաբան ներգրավել և զգալի միջոցներ ծախսել, պաշտպանական մեխանիզմը կարող է ուշացած լինել։
Ամփոփելով COP17-ի արդյունքները՝ նա նշել է, որ համաժողովը, չնայած բազմաթիվ խնդիրներին, հնարավորություն է տվել միջազգային մակարդակով ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգը, նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու և որոշ հարցեր միջազգային կազմակերպությունների ուշադրությանը ներկայացնելու։
Նրա համոզմամբ՝ այդ դրական արդյունքները պետք է արձանագրել՝ միաժամանակ հետևություններ անելով քաղաքացիական մասնակցության սահմանափակումներից, որպեսզի ապագա միջազգային միջոցառումների ընթացքում նման իրավիճակները չկրկնվեն:
