
Երևանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովն ավարտվեց տասնյակ որոշումների ընդունմամբ, ֆինանսավորման նոր խոստումներով և «Երևանյան ուղու» հաստատմամբ։ Սակայն համաժողովը, որը մասնակիցների թվով զգալիորեն զիջեց նախորդին, նաև հարցեր առաջացրեց դրա իրական ազդեցության, խոշոր բիզնեսի ներգրավվածության և Հայաստանի բնապահպանական քաղաքականության հակասությունների վերաբերյալ։ COP17-ը շոո՞ւ էր, թե՞ բովանդակային քաղաքական գործընթաց։ Այս հարցն էր «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման մեկնակետը։
Հոկտեմբերի 19-31-ը Երևանում անցկացվեց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Երկշաբաթյա բանակցություններին մասնակցեցին պետությունների պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ, բնապահպանական շարժումների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Համաժողովի առանցքային նպատակը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն էր։ 2022 թվականին ընդունված այս փաստաթուղթը նախատեսում է մինչև 2030 թվականը իրականացնել 23 թիրախ, այդ թվում՝ պահպանության տակ վերցնել ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը, վերականգնել վնասված էկոհամակարգերը և նվազեցնել կենսաբազմազանությանը վնասող տնտեսական գործունեության ազդեցությունը։
Երևանում առաջին անգամ իրականացվեց այդ թիրախների կատարման համաշխարհային հավաքական գնահատումը։ Արդյունքները լավատեսական չէին. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության գնահատմամբ՝ ներկայիս առաջընթացը բավարար չէ մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար։ Այդուհանդերձ, համաժողովի ավարտին ընդունվեցին գրեթե 50 որոշումներ։ Դրանց թվում էր «Երևանյան ուղին»՝ փաստաթուղթ, որը սահմանում է առաջիկա չորս տարիներին կենսաբազմազանության պահպանության միջազգային գործողություններն արագացնելու առաջնահերթությունները։
Հայտարարվեց նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված շուրջ 2 միլիարդ դոլարի նոր ֆինանսական հանձնառությունների և նախաձեռնությունների մասին։ Դրանց մի մասը վերաբերում է միջազգային բնապահպանական հիմնադրամներին, մյուս մասը՝ մասնավոր կապիտալի ներգրավման մեխանիզմներին։
Սակայն ֆինանսական հայտարարություններն ինքնին չեն նշանակում, որ միջոցներն արդեն հատկացվել են կամ հասել բնապահպանական ծրագրերին։
Մասնակիցների թիվը զգալիորեն պակաս էր
Երևանյան COP17-ը մասնակիցների թվով զգալիորեն զիջել է 2024 թվականին Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացված COP16-ին։ Միջազգային կայուն զարգացման ինստիտուտի (IISD) տվյալներով՝ Երևանում համաժողովին մասնակցել է շուրջ 9400 մարդ, մինչդեռ Կալիում նախորդ համաժողովին գրանցվել էր ավելի քան 23 հազար մասնակից։ Այս թվերը պետք է համեմատել որոշակի վերապահումով, քանի որ առաջինը ներկայացնում է մասնակցության, իսկ երկրորդը՝ գրանցումների ցուցանիշը։
Մասնակիցների թվի նվազմանը զուգահեռ միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են նաև քաղաքացիական հասարակության սահմանափակ տեսանելիությանը և բողոքի ակցիաների համեմատաբար փոքր ծավալներին։ Սակայն արդյո՞ք մասնակիցների ավելի փոքր թիվը կամ համաժողովի ցուցադրական բաղադրիչը նշանակում են, որ այն բովանդակային արդյունք չի ունեցել։ Հենց այս հարցի շուրջ տարբեր գնահատականներ հնչեցին «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի ուղիղ հեռարձակմամբ անցկացված «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» քննարկման ընթացքում։
«COP-երն այն հարթակն են, որտեղ ընդունվում են մեծ կամ փոքր որոշումներ»
Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանի գնահատմամբ՝ համաժողովը միայն շոու որակելը միակողմանի մոտեցում կլինի։
«Ակամայից հիշեցի Շեքսպիրի պիեսից մի հատված՝ աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասան։ Եվ այդ թատերաբեմում կարելի է տեղավորել ամենքին և ամեն ինչ»,- նշել է լրագրողը՝ զուգահեռ անցկացնելով քաղաքական այլ կառույցների հետ, որտեղ ներկայացուցչական գործընթացների շրջանակում նույնպես կարևոր որոշումներ են ընդունվում։
«Ուզենք, թե չուզենք, COP-երն այն հարթակն են, որտեղ ընդունվում են մեծ կամ փոքր որոշումներ, որոնք անդրադառնում են 196 երկրների բնապահպանական քաղաքականության վրա»,- ընդգծել է Ավետիսյանը։ Նա առաջարկել է համաժողովի արդյունքները գնահատել նաև նախորդ COP16-ի համեմատությամբ։
Կալիում բանակցությունների վերջին փուլում քվորումի բացակայության պատճառով մի շարք կարևոր որոշումներ չընդունվեցին, և քննարկումները շարունակվեցին հետագա հանդիպումներում։ Երևանում, հակառակը, մասնակից պետություններին հաջողվեց համաձայնության գալ մի շարք բարդ հարցերի շուրջ, այդ թվում՝ ֆինանսավորման մեխանիզմների և կենսաբազմազանության պահպանության առաջընթացն արագացնելու ուղղությունների վերաբերյալ։
Այդուհանդերձ, Ավետիսյանի գնահատմամբ՝ ընդունված որոշումների նշանակությունը պետք է չափել դրանց գործնական արդյունքներով։ «Խնդիրն այն է, թե արդյոք այդ որոշումները կամ ֆինանսական միջոցները, որոնք գուցե և փոխանցվեն երկրներին, կծառայեն բուն բնապահպանական խնդիրների լուծմանը»,- հարցադրել է նա։ Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը սահմանված թիրախների իրականացման համար մնացել է ընդամենը չորս տարի, մինչդեռ պետությունները դեռևս հեռու են դրանց ամբողջական իրագործումից։
Քաղաքական հարթա՞կ, թե՞ ֆինանսական շահերի մրցակցություն
Բնապահպան Աննա Շահնազարյանը, որը մասնակցել է COP17-ի կապույտ գոտում անցկացված միջոցառումներին, կարևորում է միջազգային համաժողովների քաղաքական նշանակությունը, սակայն մտահոգիչ է համարում դրանցում մասնավոր բիզնեսի և ֆինանսական կառույցների աճող ազդեցությունը։
Նրա գնահատմամբ՝ համաժողովի ներսում միաժամանակ ընթանում էին տարբեր գործընթացներ։ Մի կողմից՝ պետությունները բանակցում էին բնապահպանական միջազգային պարտավորությունների շուրջ, իսկ ՄԱԿ-ի քարտուղարությունը փորձում էր նպաստել համաձայնությունների ձեռքբերմանը։ Մյուս կողմից՝ խոշոր ֆինանսական կառույցներն ու մասնավոր ընկերությունները հնարավորություն էին ստանում առաջ մղելու սեփական օրակարգերը։
«Ինձ համար սա իրականում շատ կարևոր քաղաքական միջոցառում էր։ Քաղաքացիների համար պիտի որ դա լիներ շատ կարևոր քաղաքական միջոցառում, բայց միտում կար այն ցուցադրական և ավելի առևտրային միջոցառման վերածելու»,- նշել է Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես ակնհայտ էր տարբեր դերակատարների ունեցած ռեսուրսների անհավասարության տեսանկյունից։ «Երբ ահռելի անհավասար, ասիմետրիկ ռեսուրսներ ունեցող դերակատարները հավաքվում են նույն սեղանի շուրջ, ստացվում է, որ ինչ-որ մեկը նստում է փոքրիկ տաբուրետկայի վրա՝ դա մենք ենք՝ որպես քաղաքացիներ, իսկ մյուսները նստում են գահի վրա»,- ասել է բնապահպանը։
Շահնազարյանը պատմել է, որ Friends of the Earth International միջազգային բնապահպանական ցանցի ներկայացուցիչները դժգոհություններ են ունեցել կապույտ գոտում միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունների սահմանափակումներից։ Նրա փոխանցմամբ՝ բնության առևտրայնացմանը դեմ արտահայտվող կազմակերպությունների որոշ հայտեր չեն հաստատվել, մինչդեռ ֆինանսական կառույցների միջոցառումները լայն ներկայացվածություն են ունեցել։
Մասնավոր հատվածի մասնակցության վերաբերյալ հարցեր են բարձրացրել նաև միջազգային հետաքննող լրագրողները։ Նոյեմբերի 10-ին հրապարակված DeSmog-ի ուսումնասիրության համաձայն՝ COP17-ին մասնակցել է մասնավոր հատվածի պաշտոնապես հաշվառված 479 ներկայացուցիչ՝ COP16-ի 1261-ի դիմաց։ Միաժամանակ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցել են այլ պատվիրակությունների կամ կազմակերպությունների կազմում, իսկ մասնակիցների հրապարակված ցուցակում ընկերությունների պատկանելության վերաբերյալ տվյալների բացակայությունը դժվարացրել է նրանց ամբողջական նույնականացումը։
Այս հանգամանքը լրացուցիչ հարցեր է առաջացնում միջազգային բնապահպանական որոշումների կայացման վրա կորպորատիվ ազդեցության թափանցիկության վերաբերյալ։
Շահնազարյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը COP համաժողովներից հրաժարվելը չէ։ «Մենք պետք է ձգտենք ոչ թե վերացնելու COP-երը, այլ վերափոխելու և դարձնելու դրանք ավելի քաղաքական միջոցառումներ»,- ընդգծել է նա։
«Այն, ինչ լրատվամիջոցներին հրամցվում էր, 90 տոկոսով շոու էր»
COP17-ի ցուցադրական բաղադրիչին այլ տեսանկյունից է անդրադարձել «Ինֆոքոմ» լրատվականի խմբագիր Քրիստինե Աղալարյանը։ Նա նշել է, որ համաժողովին հետևել է դրսից և չի կարող ամբողջ միջոցառումը միանշանակ շոու համարել, սակայն հայկական լրատվամիջոցներով ներկայացված պատկերը հիմնականում այդպիսին էր։
«Քանի որ ես ներսում չեմ եղել այս COP-ի շրջանակներում, դրսից եմ հետևել և ականատես եմ եղել հիմնականում շոուներին, թերևս օբյեկտիվ չի լինի ասել, որ ամբողջությամբ շոու էր։ Բայց այն, ինչ լրատվամիջոցներին հրամցվում էր, 90 տոկոսով շոու էր»,- նշել է Աղալարյանը։
Նրա դիտարկմամբ՝ հայկական հեռուստաեթերում գերակշռում էին պաշտոնական հանդիպումների, ողջույնների և ձեռքսեղմումների կադրերը, մինչդեռ համաժողովի որոշումների բովանդակության և դրանց հնարավոր հետևանքների մասին տեղեկատվությունը սահմանափակ էր։ Որպես օրինակ՝ լրագրողը հիշատակել է «Երևանյան ուղին»։ «Ես երեկ ուզում էի «Երևանյան ուղին» կարդալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում և ինչ կարևոր կետեր են Հայաստանի համար ընդգծված։ Ես չգտա «Երևանյան ուղու» ամբողջական փաստաթուղթը, գտա ինչ-որ հատվածներ, որոնք շոշափվել և քննարկվել են COP-ի օրերին»,- ասել է նա։
Աղալարյանը համեմատել է նաև հայկական և միջազգային լրատվամիջոցների անդրադարձները՝ նշելով, որ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ ավելի մեծ ուշադրություն էին դարձրել ֆինանսավորման բացերին, վնասաբեր տնտեսական գործունեությանը և համաժողովի որոշումների իրական ազդեցությանը։
Մասնավորապես, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Կալիի հիմնադրամը, որը ստեղծվել է գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականությունների օգտագործումից ստացվող օգուտների բաշխման համար։
Չնայած հիմնադրամի ստեղծմանը՝ դրա ֆինանսական միջոցները շարունակում են խիստ սահմանափակ մնալ։ Carbon Brief-ի հրապարակման համաձայն՝ COP17-ի ընթացքում քննարկվել են հիմնադրամի ֆինանսավորման և գործունեության մեխանիզմները, սակայն մի շարք առանցքային հարցերի լուծումը հետաձգվել է։ Աղալարյանի գնահատմամբ՝ նման խնդիրները պետք է լինեին համաժողովի լրագրողական լուսաբանման առանցքում՝ հանրությանը հնարավորություն տալով հասկանալու ոչ միայն ընդունված որոշումները, այլև դրանց իրականացման խոչընդոտները։
Միջազգային հեղինակություն՝ բնապահպանական հակասությունների ֆոնին
Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանի գնահատմամբ՝ COP17-ի ցուցադրական բնույթը միայն Հայաստանին հատուկ չէր։ Միջազգային նման համաժողովները վաղուց ձևավորել են կազմակերպման մի մշակույթ, որտեղ հյուրընկալող պետությունները ձգտում են ցուցադրել իրենց հնարավորությունները և ամրապնդել միջազգային հեղինակությունը։
«Ցանկացած պետություն, որն իր մոտ COP է կազմակերպում, փորձում է դա անել շատ բարձր մակարդակով, շուքով և ցույց տալ իր կարողությունները, իր վերաբերմունքը տվյալ COP-ին և թե ինչպես է կարողանում այդպիսի մեծ միջոցառումներ կազմակերպել»,- նշել է Դուլգարյանը։
Սակայն, նրա կարծիքով, խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ միջոցառման կազմակերպչական և ներկայացուցչական կողմը ստվերում է բնապահպանական բովանդակությունը։ «Մարդիկ ավելի շատ մասնակցում են հենց մասնակցելու համար։ Շատ քիչ էին այն կողմերը, որոնք փորձում էին բարձրացնել բուն խնդիրները, իսկ ովքեր փորձում էին բարձրացնել, սկզբնական շրջանում տեսանք, որ նրանց նաև փորձում էին խոչընդոտել»,- ասել է նա։
Դուլգարյանը հատկապես կարևորել է COP17-ի պաշտոնական օրակարգի և Հայաստանում համաժողովին զուգահեռ ընթացող բնապահպանական գործընթացների հակասությունը։
Համաժողովի մեկնարկից կարճ ժամանակ առաջ հայտարարվեց Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին։ Նույն ժամանակահատվածում հանրային քննարկման ներկայացվեց նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը, ըստ բնապահպանական կազմակերպությունների, կարող է նվազեցնել համայնքների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում։
Դուլգարյանի գնահատմամբ՝ նման զարգացումները հարցականի տակ են դնում միջազգային բնապահպանական համաժողովների ազդեցությունը հյուրընկալող պետությունների իրական քաղաքականության վրա։ «Մենք պետք է նաև այդ դիրքերից նայենք, որ բովանդակային մասի ազդեցությունը գնալով նվազում է նաև մեր երկրի համատեքստում։ Դրա փոխարեն ավելի շատ ապահովվում է միջազգային տեսանելիության բաղադրիչը»,- նշել է նա։
Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին և COP17-ի ընթացքում բնապահպանական բողոքի ակցիաների նկատմամբ կիրառված սահմանափակումներին անդրադարձել է նաև միջազգային Carbon Brief պարբերականը։
Ի՞նչ մնաց COP17-ից հետո
Երևանյան COP17-ի արդյունքները միանշանակ գնահատել դժվար է։ Մի կողմից՝ համաժողովում ընդունվեցին միջազգային նշանակության որոշումներ, հաստատվեցին առաջիկա տարիների առաջնահերթությունները, հայտարարվեցին ֆինանսավորման նոր նախաձեռնություններ։ Ի տարբերություն Կալիում անցկացված նախորդ համաժողովի՝ Երևանում հաջողվեց ավարտին հասցնել նաև մի շարք բարդ բանակցություններ։
Մյուս կողմից՝ համաշխարհային կենսաբազմազանության պահպանության թիրախների իրականացման առաջընթացը շարունակում է անբավարար մնալ։ Ֆինանսավորման մեխանիզմների շուրջ կան չլուծված հարցեր, իսկ խոշոր բիզնեսի և քաղաքացիական հասարակության ազդեցության անհավասարությունը շարունակում է մտահոգության առարկա լինել։
Հայաստանի դեպքում այդ հարցերին ավելանում են նաև տեղական բնապահպանական քաղաքականության հակասությունները՝ հանքարդյունաբերության ընդլայնման, համայնքների մասնակցության և հանրային շահը պաշտպանող քաղաքացիների անվտանգության վերաբերյալ։
«Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» քննարկման չորս բանախոսների գնահատականները տարբեր էին, սակայն նրանց դիտարկումներում առանձնանում էր մեկ ընդհանուր հարց՝ ինչպե՞ս են միջազգային պարտավորությունները վերածվելու բնապահպանական իրական փոփոխությունների։
COP17-ի նշանակությունը, ի վերջո, չափվելու է ոչ միայն Երևանում ընդունված որոշումների թվով կամ միջազգային պատվիրակությունների մասնակցությամբ, այլև նրանով, թե առաջիկա տարիներին որքանով կփոխվեն պետությունների բնապահպանական քաղաքականությունները, ֆինանսավորման առաջնահերթությունները և հանրության մասնակցության հնարավորությունները։
