Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/11/2026
share

COP17-ի մասին լրատվական լուսաբանումներում գերակշռում էր ցուցադրական կողմը. Քրիստինե Աղալարյան

COP17-ի ընթացքում հայկական լրատվամիջոցներով ներկայացված տեղեկատվության զգալի մասը վերաբերում էր համաժողովի արտաքին, ներկայացուցչական կողմին, մինչդեռ բովանդակային քննարկումները և ընդունված որոշումների նշանակությունը բավարար չափով չէին լուսաբանվում։ Այս մասին «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման ընթացքում խոսել է «Ինֆոքոմ» լրատվականի խմբագիր Քրիստինե Աղալարյանը։

 

Աղալարյանը նշել է, որ ինքը համաժողովին հետևել է դրսից, ուստի չի կարող ամբողջ միջոցառումը միանշանակ «շոու» որակել։ Սակայն լրատվամիջոցներով ներկայացված պատկերը, նրա գնահատմամբ, հիմնականում ցուցադրական բնույթ ուներ։

«Քանի որ ես ներսում չեմ եղել այս COP-ի շրջանակներում, դրսից եմ հետևել և ականատես եմ եղել հիմնականում շոուներին, թերևս օբյեկտիվ չի լինի ասել, որ ամբողջությամբ շոու էր։ Բայց այն, ինչ լրատվամիջոցներին հրամցվում էր, 90 տոկոսով շոու էր»,- ասել է Աղալարյանը։

 

Նրա խոսքով՝ հայկական հեռուստաեթերում գերակշռում էին պաշտոնական հանդիպումների, ողջույնների և ձեռքսեղմումների կադրերը, մինչդեռ համաժողովի բովանդակային արդյունքների մասին համապարփակ տեղեկություններ գտնելը դժվար էր։

 

Որպես օրինակ՝ Աղալարյանը հիշատակել է «Երևանյան ուղի» նախաձեռնությունը։ Նրա փոխանցմամբ՝ փորձել է գտնել փաստաթղթի ամբողջական տարբերակը և հասկանալ, թե այն ինչ նշանակություն ունի Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար, սակայն հասանելի տեղեկությունները հատվածական են եղել։

«Ես երեկ ուզում էի «Երևանյան ուղին» կարդալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում և ինչ կարևոր կետեր են Հայաստանի համար ընդգծված։ Ես չգտա «Երևանյան ուղու» ամբողջական փաստաթուղթը, գտա ինչ-որ հատվածներ, որոնք շոշափվել և քննարկվել են COP-ի օրերին»,- նշել է լրագրողը։

 

Նրա համար անհստակ են մնացել նաև նախաձեռնության կապը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի հետ և Հայաստանի համար դրա գործնական նշանակությունը։

Աղալարյանը համեմատել է նաև հայկական և միջազգային լրատվամիջոցների անդրադարձները։ Նրա դիտարկմամբ՝ մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ կենտրոնացել էին կոնկրետ բնապահպանական խնդիրների, վնասաբեր տնտեսական գործունեության, ֆինանսական պարտավորությունների և համաժողովի որոշումների հնարավոր հետևանքների վրա։

 

«Խորը, համապարփակ լուսաբանումներ և խնդրային կետեր չեմ տեսել հայկական լրատվամիջոցներում։ Դրան զուգահեռ տեսել եմ լուսաբանումներ օտարերկրյա լրատվամիջոցներով, որոնք իրենց երկրի համատեքստով կամ իրենց հուզող հիմնախնդիրների շրջանակում էին անդրադառնում COP-ին»,- ասել է Աղալարյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հրապարակումներում հաճախ ուշադրության կենտրոնում էին ոչ թե համաժողովի հանդիսավոր դրվագները, այլ առանձին ընկերությունների գործունեության բնապահպանական հետևանքներն ու դրանց չեզոքացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

 

Առանձին անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական ֆինանսավորման խնդիրներին։ Աղալարյանը նշել է, որ միջազգային քննարկումներում մտահոգություններ են հնչել համապատասխան հիմնադրամի ֆինանսական միջոցների բացակայության և երկրներին աջակցություն տրամադրելու անորոշության վերաբերյալ։

«Հնչել են նաև մտահոգություններ, որ հիմնադրամը, որտեղ պիտի գումարը հավաքվեր, դատարկ էր, և որևէ ֆինանսական աջակցություն որևէ երկրի այնտեղից չի տրամադրվել։ Այսինքն՝ ֆինանսական հարցը դեռևս օդից կախված է մնացել»,- նշել է նա։

 

Լրագրողի գնահատմամբ՝ համաժողովի լուսաբանման կարևոր բացերից մեկը հենց այն էր, որ հանրությունը բավարար տեղեկություն չստացավ, թե ինչ որոշումներ են քննարկվել, ինչ պարտավորություններ են ստանձնվել և ինչպես կարող են դրանք անդրադառնալ Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը:

facebook sharing button facebook