
COP17-ը միայն ցուցադրական միջոցառում որակելը միակողմանի մոտեցում կլինի, քանի որ նման համաժողովներում ընդունվող որոշումներն ազդեցություն ունեն միջազգային բնապահպանական քաղաքականության վրա։ Այս դիտարկումն է արել Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանը՝ «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման ընթացքում։
Անդրադառնալով համաժողովի՝ «շոու» լինելու վերաբերյալ գնահատականներին՝ Ավետիսյանը նշել է, որ նույնիսկ ներկայացուցչական և հանդիսավոր բնույթ ունեցող քաղաքական հարթակներում կարող են ընդունվել կարևոր որոշումներ։
«Ակամայից հիշեցի Շեքսպիրի պիեսից մի հատված՝ աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասան։ Եվ այդ թատերաբեմում կարելի է տեղավորել ամենքին և ամեն ինչ։ Օրինակ՝ նույն Ազգային ժողովը, թեկուզ այնտեղ ընդունվում են քաղաքական և օրենսդրական կարևոր որոշումներ, որոնք ուղղակիորեն անդրադառնում են քաղաքացիների կյանքի առանցքային ոլորտների վրա»,- ասել է լրագրողը։
Նրա դիտարկմամբ՝ նույն տրամաբանությունը գործում է նաև միջազգային համաժողովների պարագայում։
«Ուզենք, թե չուզենք, COP-երն այն հարթակն են, որտեղ ընդունվում են մեծ կամ փոքր որոշումներ, որոնք անդրադառնում են 196 երկրների բնապահպանական քաղաքականության վրա»,- ընդգծել է Ավետիսյանը։
Նա առաջարկել է COP17-ը գնահատել նաև նախորդ համաժողովի արդյունքների համեմատությամբ։
Նրա խոսքով՝ Կալիում անցկացված COP16-ի ընթացքում քվորումի բացակայության պատճառով մի շարք որոշումներ չընդունվեցին, մինչդեռ երևանյան համաժողովում հնարավոր եղավ որոշակի առաջընթաց արձանագրել։
«Եթե համեմատենք COP16 համաժողովը COP17-ի հետ, COP16-ին, որը տեղի ունեցավ Կալիում, արդյունքը որպես այդպիսին չկայացավ, քվորում չեղավ, և որոշումներ չկայացան։ COP17-ին քիչ թե շատ ունեցանք որոշումներ»,- նշել է Ավետիսյանը։
Որպես դրական զարգացումներ՝ նա առանձնացրել է բնապահպանական ֆինանսավորման վերաբերյալ հայտարարությունները, Սևանա լճի պահպանությանն ուղղված 1,4 միլիարդ դոլարի ծրագրի մասին տեղեկությունը և «Երևանյան ուղու» նախաձեռնությունը։
Այդուհանդերձ, լրագրողը շեշտել է, որ ֆինանսավորման խոստումները դեռևս չեն նշանակում իրական ֆինանսական հատկացումներ կամ բնապահպանական ծրագրերի իրականացում։
«Խնդիրն այն է, թե արդյոք այդ որոշումները կամ ֆինանսական միջոցները, որոնք գուցե և փոխանցվեն երկրներին, կծառայեն բուն բնապահպանական խնդիրների լուծմանը»,- հարցադրել է նա։
Ավետիսյանը հիշեցրել է նաև մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության միջազգային թիրախների իրականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանց հասնելու համար ժամանակը սահմանափակ է, իսկ արձանագրված առաջընթացը՝ անբավարար։
«Ընդամենը չորս տարի է մնացել մինչև 2030 թվականը, երբ երկրները պարտավորված են իրականացնել 30-30 թիրախները։ Սակայն բոլորը կփաստեն, որ մենք շատ հեռու ենք այդ թիրախների իրագործման ճանապարհին»,- ասել է նա։
Լրագրողի գնահատմամբ՝ միջազգային համաձայնություններն ու ֆինանսական խոստումները դեռևս բավարար չեն կենսաբազմազանության կորուստը կանխելու համար։
«Ֆինանսական խոստումները չեն նշանակում, որ կլինեն ֆինանսական հատկացումներ կամ բնապահպանական ծրագրեր, որոնք իրագործելի կլինեն նաև հենց համայնքներում կամ երկրներում»,- եզրափակել է Ավետիսյանը։
