Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/11/2026
share

Միտում կար COP17-ը ցուցադրական և ավելի առևտրային միջոցառման վերածելու. Աննա Շահնազարյան

COP17-ի նման միջազգային համաժողովները կարևոր նշանակություն ունեն համաշխարհային բնապահպանական ճգնաժամին պետությունների համատեղ արձագանքը կազմակերպելու համար։ Միաժամանակ դրանց շրջանակում նկատելի է մասնավոր բիզնեսի և ֆինանսական կառույցների ազդեցության աճը։ Այս մասին «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» քննարկման ընթացքում հայտարարել է բնապահպան Աննա Շահնազարյանը, որը մասնակցել է համաժողովի կապույտ գոտում անցկացված միջոցառումներին։

 

Շահնազարյանը կարևորել է ՄԱԿ-ի և պետությունների համագործակցության դերը՝ ընդգծելով, որ առանց միջազգային համախմբման և բնությանը վնաս հասցնող դերակատարների պատասխանատվության բնապահպանական ճգնաժամին արդյունավետ արձագանքելը դժվար կլինի։

 

«Առանց պետությունների և առանց պատասխանատվության ենթարկելու մեր Երկիր մոլորակին վնաս տվող դերակատարներին՝ ես համարում եմ, որ հնարավոր չէ աշխարհում շարունակել մեր մարդկային և արժանապատիվ կյանքը»,- նշել է նա։

 

Նրա խոսքով՝ համաժողովի ներսում միաժամանակ գործում էին տարբեր շահեր և գործընթացներ։ Մի կողմից՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները փորձում էին աջակցել բարդ բանակցություններին և նպաստել քաղաքական համաձայնությունների ձեռքբերմանը։ Մյուս կողմից՝ նկատելի էր խոշոր ֆինանսական կառույցների և բիզնեսի շահերի ներկայությունը։

Շահնազարյանն առանձնացրել է նաև հանրային մասնակցության անհավասար պայմանները։

«Երբ ահռելի անհավասար, ասիմետրիկ ռեսուրսներ ունեցող դերակատարները հավաքվում են նույն սեղանի շուրջ, ստացվում է, որ ինչ-որ մեկը նստում է փոքրիկ տաբուրետկայի վրա՝ դա մենք ենք՝ որպես քաղաքացիներ, իսկ մյուսները նստում են գահի վրա։ Եվ այդ գահի վրա նստելու գործընթացը չի երևում»,- ասել է բնապահպանը։

 

Նրա գնահատմամբ՝ ֆինանսական և քաղաքական ռեսուրսների նման անհավասարությունը սահմանափակում է քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների իրական ազդեցությունը միջազգային որոշումների կայացման վրա։

 

Նա քննադատել է համաժողովի շրջանակում անցկացված որոշ միջոցառումների առևտրային ուղղվածությունը, երբ բնապահպանական նախաձեռնությունների ներկայացումը վերածվում է ֆինանսավորում ներգրավելու, նոր կապեր հաստատելու կամ կազմակերպությունների գործունեությունը գովազդելու հնարավորության։

«Ինձ համար սա իրականում շատ կարևոր քաղաքական միջոցառում էր։ Քաղաքացիների համար պիտի որ դա լիներ շատ կարևոր քաղաքական միջոցառում, բայց միտում կար այն ցուցադրական և ավելի առևտրային միջոցառման վերածելու»,- ընդգծել է Շահնազարյանը։

 

Որպես օրինակ՝ նա ներկայացրել է Friends of the Earth International կազմակերպության ներկայացուցիչների դժգոհությունները։ Նրա փոխանցմամբ՝ կազմակերպության և գործընկերների՝ կապույտ գոտում միջոցառումներ անցկացնելու բազմաթիվ հայտեր չեն հաստատվել, մինչդեռ բնության առևտրայնացմանը նպաստող ֆինանսական կառույցների միջոցառումները լայն ներկայացվածություն են ունեցել։

Շահնազարյանի խոսքով՝ համաժողովի շրջանակում ընթանում էին նաև ֆինանսական ռեսուրսների և միջազգային հիմնադրամների կառավարման շուրջ գործընթացներ, որոնցում տարբեր դերակատարներ փորձում էին ամրապնդել իրենց դիրքերը։

 

«Մի կողմից ինչ-որ մեծ առևտուր էր, պայքար՝ դրամաշնորհների համար, կամ PR, որպեսզի հետագայում կարողանան ավելի լավ կապեր ստեղծել այդ դրամաշնորհները ստանալու համար։ Բայց խոսքը շատ խոշոր դրամաշնորհների մասին է»,- նշել է նա։

Բնապահպանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ոչ թե հրաժարվել COP համաժողովներից, այլ վերափոխել դրանք՝ ուժեղացնելով քաղաքական բովանդակությունը, հանրային մասնակցությունը և բնապահպանական խնդիրների շուրջ իրական քննարկումները։

 

«Մենք պետք է ձգտենք ոչ թե վերացնելու COP-երը, այլ վերափոխելու և դարձնելու դրանք ավելի քաղաքական միջոցառումներ»,- ասել է Շահնազարյանը՝ միաժամանակ նշելով, որ հասկանում է միջազգային բնապահպանական շարժումների կողմից նման համաժողովները բոյկոտելու պատճառները։




 

facebook sharing button facebook