
Հայաստանում անցկացված COP17-ը միջազգային հեղինակության ամրապնդման հնարավորություն էր, սակայն միջոցառման կազմակերպման ձևաչափում առավել տեսանելի դարձան հանդիսավորությունն ու ներկայացուցչական բաղադրիչը, քան բնապահպանական խնդիրների բովանդակային քննարկումները։ Այս մասին «Ի՞նչ էր COP17-ը․ հայացք ներսից և դրսից» պանելային քննարկման ընթացքում խոսել է իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ COP համաժողովների կազմակերպման ընթացքում հյուրընկալող պետությունները ձգտում են ցուցադրել իրենց կարողությունները, միջազգային գործընկերներին պատշաճ ընդունելու և բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպելու պատրաստակամությունը։ Այդ մոտեցումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային նմանատիպ միջոցառումների ձևավորված մշակույթին։
«Ցանկացած պետություն, որն իր մոտ COP է կազմակերպում, փորձում է դա անել շատ բարձր մակարդակով, շուքով և ցույց տալ իր կարողությունները, իր վերաբերմունքը տվյալ COP-ին և թե ինչպես է կարողանում այդպիսի մեծ միջոցառումներ կազմակերպել»,- նշել է Դուլգարյանը։
Նրա գնահատմամբ՝ խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ միջոցառման արտաքին ներկայացումը սկսում է գերակշռել այն բնապահպանական խնդիրներին, որոնց լուծման համար էլ կազմակերպվում են նման համաժողովները։
«COP-ը շատ նման է մի միջոցառման, որի ընթացքում մենք ավելի շատ ցույց ենք տալիս բուն COP-ի իրականացման գործընթացը, քան այն խնդիրները, որոնք առկա են մեր միջազգային օրակարգերում»,- ասել է նա։
Դուլգարյանն անդրադարձել է նաև մասնակիցների ներգրավվածությանը՝ նշելով, որ շատերի համար COP17-ին մասնակցությունը դարձել էր ինքնանպատակ, մինչդեռ համաժողովի շրջանակում բուն խնդիրները բարձրաձայնելու փորձերը երբեմն հանդիպել են խոչընդոտների։
«Մարդիկ ավելի շատ մասնակցում են հենց մասնակցելու համար։ Շատ քիչ էին այն կողմերը, որոնք փորձում էին բարձրացնել բուն խնդիրները, իսկ ովքեր փորձում էին բարձրացնել, սկզբնական շրջանում տեսանք, որ նրանց նաև փորձում էին խոչընդոտել»,- ընդգծել է բնապահպանը։
Որպես COP17-ի պաշտոնական օրակարգի և Հայաստանում ընթացող գործընթացների հակասության օրինակ՝ Դուլգարյանը հիշատակել է Ամուլսարի հանքավայրի բացման մասին հայտարարությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում համայնքների որոշումների ազդեցությունը նվազեցնելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
«Պետք է հիշենք, որ հենց COP-ից առաջ հայտարարվեց Ամուլսարի բացումը։ COP-ի ընթացքում կամ նախօրեին էլ ներկայացվեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում էր նվազեցնել համայնքների բնակիչների ազդեցությունը որոշումների կայացման վրա»,- նշել է նա։
Դուլգարյանի կարծիքով՝ այս զարգացումները հարցականի տակ են դնում միջազգային բնապահպանական համաժողովների իրական ազդեցությունը հյուրընկալող պետությունների քաղաքականության վրա։
Նա նաև հիշեցրել է, որ աշխարհում կան բնապահպանական կազմակերպություններ և շարժումներ, որոնք բոյկոտում են COP համաժողովները՝ կասկածի տակ դնելով դրանց՝ բնապահպանական խնդիրներին գործնական լուծումներ տալու կարողությունը։
«Մենք պետք է նաև այդ դիրքերից նայենք, որ բովանդակային մասի ազդեցությունը գնալով նվազում է նաև մեր երկրի համատեքստում։ Դրա փոխարեն ավելի շատ ապահովվում է միջազգային տեսանելիության բաղադրիչը»,- եզրափակել է Դուլգարյանը։
