
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը ֆեսյբուքում գրել է․
Սիրելի՛ ստեփանավանցիներ,
Այս տարի դուք պայքարեցիք Ստեփանավանի բնության և ձեր առողջ ու մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար, և ձեր պայքարը ոգեշնչել է նաև այլոց՝ Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում։
Ստեփանավանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, սակայն դա ոչինչ չի փոխել առկա մոտեցումների մեջ։ Ըստ հասնող լուրերի՝ Ստեփանավանում նոր հանքերի ընդլայնման մղումները և քաղաքականությունը շարունակվելու են, և այս մոտեցման մեջ, տեղական քաղաքականության առումով ևս, իմ կարծիքով, ոչինչ չի փոխվելու։ Միակ փոփոխությունը կարող եք բերել միայն դուք։ Միայն դուք կարող եք պաշտպանել ձեր բնությունը և զարգացման կանաչ տեսլականների իրականացումը։
Ըստ ՏԻՄ օրենքի՝ ընտրություններից հետո, նոր խոշորացված համայնքի, նոր ընտրված համայնքի ղեկավարը հնգամսյա ժամկետում, պետք է մշակի նոր հնգամյա զարգացման ծրագիրը և ներկայացնի համայնքի ավագանու հաստատմանը, որից դուք, իմ կարծիքով, հատկապես այս փուլում չպետք է անմասն մնաք։ Ուստի առաջարկում եմ ձեզ՝
1.Կազմել նախաձեռնող խումբ, կամ, եթե արդեն իսկ խումբն առկա է, ավելի լավ։
2.Գրավոր դիմել համայնքի ղեկավարությանը, որպեսզի տրամադրեն ձեզ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման ժամանակացույցը և մեթոդաբանությունը։
3.Ուսումնասիրել մեթոդաբանությունը և, եթե տեսնեք, որ այն չի ապահովում համայնքի տարբեր տարիքային և սոցիալական խմբերի լիարժեք մասնակցությունը, առաջարկել կարիքների գնահատման և քննարկումների հավելյալ ձևաչափեր։
4.Ակտիվորեն մասնակցել հնգամյա զարգացման ծրագրի մշակման գործընթացին՝ առաջարկություններով և առաջարկությունների փաթեթով։
5.Առաջարկել համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառել Ստեփանավան համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության հանձնառությունը։
6.Առաջարկել ՏԻՄ-ին առընթեր ստեղծել բնության և կենսաբազմազանության պահպանման խորհրդակցական մարմին՝ հանձնաժողով։
Եթե ՏԻՄ-ը չհամաձայնի ձեզ հետ՝ վերցնել համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման հանձնառությունը, ապա՝
1.Սկսել համայնքի սոցիալ-էկոլոգիական զարգացման ռազմավարության մշակման գործընթաց՝ համայնքի բնակիչների առաջնորդությամբ։
- Իրականացնել համայնքի տարբեր բնակավայրերում, սոցիալական տարբեր խմբերի հետ կարիքների գնահատումներ՝ սոցիալ-էկոլոգիական հարցերի շրջանակի և զարգացման առաջնայնությունների վերհանման նպատակով։
- Վերլուծել հավաքագրված տեղեկատվությունը։
- Մշակել ռազմավարությունը։
-Իրականացնել հանրային քննարկում՝ համայնքի բնակիչների ընդհանուր ժողովի ձևաչափով, և հաստատել ռազմավարությունը տվյալ ժողովում։
2.Ներկայացնել մշակված փաստաթուղթը համայնքի ավագանու հաստատմանը։
3.Համայնքի ավագանու կողմից այն չհաստատելու դեպքում համայնքում սկսել հանրագիր-ստորագրահավաք՝ քաղաքականությունը հաստատելու պահանջով։
4․Կազմել շահերի պաշտպանության խումբ՝ ռազմավարության ընդունման և հաստատման համար, և մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն։
Ժողովրդավարական գործիքներն անսպառ են, թե չէ ասում են՝ էս էկոակտիվիստները չեն երկխոսում։ Եթե այդքանը մերժվի, էլ ի՞նչ երկխոսես։
